Մատչելիության հղումներ

Փոխադարձ մեղադրանքներ` Երևանի ավագանու նիստում, հրմշտոցներ` դահլիճից դուրս


Երևանի ավագանու այսօրվա նիստում ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վադանյանն առաջարկեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը ներառել օրակարգում և դնել քվեարկության։

Նիստի սկիզբը վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ նման պահանջ ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները՝ ավագանու անդամների թվի 1/3-ը, չի հավաքվել, հետո դիմեց քաղաքապետարանի իրավաբանին, որն ասաց, որ այդ հարցը օրակարգում ներառել-չներառելու հոդվածն անորոշ է։

Խաժակյանի առաջարկը մերժվեց. «Պարոն Սարգսյան, ես արձանագրում եմ, որ Դուք հիմա` որպես նիստը վարող, ապօրինի որոշում եք կայացնում` այն չներառելով օրակարգում: Դա Ձեր լիազորությունների վերազանցում է, որովհետև այդպիսի մեկնաբանությամբ ավագանու առաջարկը մերժելը չի կարող պարզապես լինել օրինական, իսկ այն կետը, որը Դուք մեջբերում եք, դա վերաբերում է արտահերթ նիստին, իսկ մենք գտնվում ենք հերթական նիստի շրջակայքում, ուստի կարծում եմ` ավելի լավ է, որ Դուք ասեք, որ քաղաքական առումով Դուք Ձեր լիազորությունները հայեցողաբար եք իրականացնում, պատրաստ եք դիմել ապօրինությունների, քանի որ դա Ձեր քաղաքական պատկերացումներին չի համապատասխանում, քան մեջբերեք արտահերթ նիստի կանոնակարգումները»:

«Շնորհակալություն, պարոն Խաժակյան, շնորհակալություն խորհրդի համար, բայց կառաջնորդվեմ, ինչպես նշեցի, իրավական մասով. եթե կան ապօրինություններ, կարծում եմ` կարող ենք մենք ինստիտուցիոնալ առումով լուծել և օրինակ` Արդարադատության նախարարությանը ուղարկել պաշտոնական պարզաբանում», - պատասխանեց Սարգսյանը:

Ավագանու ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հարցրեց՝ ինչո՞ւ եք խուսափում կառավարության հրաժարականի հարցը քվեարկության դնել. «Ձեր թիմից ե՞ք վախենում, որ կարող է Ձեր թիմը հակառակ կերպով քվեարկի, և Դուք այդ ամեն ինչի հետ չհամաձայնե՞ք: Ընդամենն այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, դրեք, քվեարկենք, ացնենք առաջ, վերջ»:

Հետո, երբ արդեն նիստը վարում էր քաղաքապետ Հայկ Մարությանը, ելույթով ամբիոնին մոտեցած Դավիթ Խաժակյանն ասաց՝ Երևանի ավագանին չի արտացոլում այն քվեն, որը նրանց տրվել էր, և քաղաքային իշխանությունն էլ կառավարության հետ պետք է հեռանա։ «Լույս» խմբակցության ղեկավարն ու քաղաքապետն անցան փոխադարձ մեղադրանքների:

«Այս իշխանությունը լեգիտիմ չէ, դուք, հարգելի գործընկերներ, որ այսօր անգամ մերժեցիք քննարկելու այդ հարցը, դուք լեգիտիմ չեք, և դուք բոլորդ պետք է միասնաբար հեռանաք», - հայտարարեց Խաժակյանը:

«Ամենաշատը Երևան համայնքին այս 2 տարվա մեջ ամենամեծ վնասը պատճառել եք հենց Դուք, մաքսիմալ, սրանից վատ վնաս հնարավոր չէր պատճառել, ինչքան որ Դուք եք պատճառել այդ վնասը: Որ ճիշտն ասեմ` ես գնահատում եմ քաղաքապետարանի աշխատանքը շատ բարձր...», - ասում էր Մարությանը, որին զուգահեռ արձագանքում էր Խաժակյանը` նշելով. «Իսկ Ձե՞ր: Քաղաքապետարանի աշխատանքը ես էլ եմ բարձր գնահատում, բայց Ձերը ես գնահատում եմ ամենավատը»:

«Պարոն Խաժակյան, Դուք շուկայում չեք գտնվում, Ձեզ պահեք հարիր»:

«Իսկ Դուք` որպես նիստը վարող, իրավունք չունեք մեկնաբանություններ անելու իմ ելույթին», - շարունակեց «Լույս» խմբակցության ղեկավարը:

Ավագանու ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները նիստից մեկ ժամ անց բոյկոտեցին այն, կոչ արեցին բոլորին միանալ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերի հայտարարած գործադուլին և դուրս եկան դահլիճից։ Երբ քաղաքապետարանի շենքում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով ընդդիմադիր ԲՀԿ-ականներն իջնում էին և ասում՝ «դուրս եկեք գործադուլի, մի վախեցեք», ճեմասրահ դուրս եկած աշխատակիցներից մեկը հակադարձեց, ԲՀԿ-ական ավագանու անդամները հետո գնացին, մտան այդ աշխատասենյակ, և սկսվեց հրմշտոց, որին միջամտեցին նաև ոստիկանները: Թե ի՞նչ էր ասել այդ աշխատակիցը, և ո՞վ էր նա, այդպես էլ չհաջողվեց պարզել:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանից հարցրեցինք` ի՞նչ էր պատահել: «Պահանջում էինք պարոն Փաշինյանի հրաժարականը, երթով գնում էինք դեպի Հանրապետության հրապարակ: Հարգարժան աշխատողը, չեմ էլ ճանաչում, վիրավորական արտահայտություններով սկսեց վիրավորել ընդդիմադիրներին, ղեկավարությանը, մեր կուսակցության ղեկավարությանն այստեղից», - ասաց նա:

Իսկ մինչև այդ` նիստի սկզբում, փոխքաղաքապետերից մեկի թափուր մնացած պաշտոնում ներկայացվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը, նա նախագահում էր Իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ ԱՄՆ-ում ծնված ու Երևանում բնակվող 33-ամյա Մելքոմ Մելքոմյանը մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է միջազգային մի շարք հեղինակավոր բուհերում և աշխատել հայաստանյան առաջատար մի քանի կազմակերպություններում։ Նա փոխարինելու է պաշտոնից հրաժարական տված Տիգրան Վիրաբյանին և համակարգելու է նաև մշակույթի ու կրթության ոլորտը։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե իրավաբան Մելքոմ Մելքոմյանն ինչպե՞ս է ղեկավարելու նաև նշված այդ երկու ոլորտները. «Մշակույթի գծով փոխքաղաքապետը, նորից եմ ասում, ամեն հարգանքով Ձեր մասնագիտական ու Ձեր անձի նկատմամբ, բայց ոլորտը, որը Դուք պետք է ղեկավարեք, դա Ձեր ղեկավարելու պարագայում ես համարում եմ աղետալի: Ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում ղեկավարել օրինակ` մշակույթի ոլորտը»:

«Ինչ վերաբերում է Ձեր գնահատականին, տիկին Խաչատրյան, ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում Ձեր կարծիքին և հուսով եմ` իմ աշխատանքով Ձեզ հակառակում համոզել: Քաղաքապետի տեղակալը մի քանի ոլորտ է համակարգում, և կարծում եմ` դժվար է պատկերացնել մի մարդու, որը այդ բոլոր ոլորտների միաժամանակ մասնագետը կլինի: Իրականում այդ պաշտոնը համակարգող և վերահսկող դեր ունի», - եղավ նրա արձագանքը:

34 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ արդյունքներով Գայանե Մելքոմ Մելքոմյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG