Մատչելիության հղումներ

ԵՊՀ 19 ֆակուլտետից 11-ը միացել է ընդդիմության հայտարարած համահայաստանյան գործադուլին


Ընդդիմության հայտարարած համահայաստանյան գործադուլին երկրի մայր բուհի 19 ֆակուլտետից 11-ն է միացել։ Հայտարարության տակ ստորագրած Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆակուլտետների դեկաններն ու դասախոսների մի մասը պահանջում են Հայաստանի վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու միանում են մեկօրյա անհնազանդության միջոցառումներին: Արդյոք մայր բուհի ռեկտորի պաշտոնակատարը ևս համակարծի՞ք է դեկանների ու դասախոսների հետ, ինքը՝ Գեղամ Գևորգյանը, հարցն անպատասխան թողեց։

«Թերթում կարդացել եմ՝ 10-ն էր, ուրիշ տեղեկություն չունեմ», - ասաց Գևորգյանը:

Չնայած անհնազանդության միջոցառումներին նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետն էլ է միացել, դեկան Նաղաշ Մարտիրոսյանն իրենց քայլը խորհրդանշական է որակում, ասվածին հավելում էլ փաստում՝ ֆակուլտետում ուսումնական գործընթացը մի րոպե անգամ չի դադարել, հիմա էլ սովորականի պես քննական շրջանն է։ «Սա ընդամենը մի հնարավորություն էր՝ ցույց տալու նաև մեր մտահոգություններն առկա անորոշությունների, տագնապների ու անհանգստությունների վերաբերյալ», - նշեց դեկանը:

Մարտիրոսյանը չի թաքցնում՝ անհնազանդության ակցիային միանալիս որպես այդպիսին քննարկում չի եղել ֆակուլտետի ամբողջ դասախոսական կազմի հետ. «Եթե կորոշվի, որ պետք է այդ գործողությունները շարունակել, պիտի տևական լինեն դրանք, պիտի վաղը կամ մյուս օրը լինեն, այդ դեպքում ես կհրավիրեմ ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ, կքննարկենք իմ գործընկերների հետ»:

ԵՊՀ հայտարարության տակ չստորագրած 8 ֆակուլտետներից մեկը Ֆիզիկայի ֆակուլտետն է։ Դեկան Ռաֆիկ Հակոբյանն ասում է՝ ինքը չի ստորագրել, քանի որ ցանկություն չունի ֆակուլտետը ներքաշել ներքաղաքական պայքարի մեջ։

«Չի կարելի ինչ-ինչ պատրվակներով ուսումնական պրոցեսը դադարեցնել կամ աշխատանքը դադարեցնել, գործադուլ անել», - ասաց Հակոբյանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն (ՀՊՏՀ) ու Երևանի պետական բժշկական համալսարանը պաշտոնապես հայտարարություն չեն տարածել, սակայն երկու բուհերից էլ ասում են՝ դասախոսներն ազատ են այդ հարցում։ Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնեց, թեև թիվ չեն կարող հրապարակել, սակայն իրենց որոշ դասախոսներ էլ են միացել անհնազանդության մեկօրյա ակցիային։

«Մենք կարծում ենք, որ պետք է հաշվի առնել ոչ թե ամբիոնի տեսակետն այլ, ամբիոնի յուրաքանչյուր աշխատակցի տեսակետը՝ թիվ հրապարակելիս: Այսօր ես ինձ թույլ չեմ տա ասել՝ այսինչ ամբիոնը մասնակցում է, որովհետև հնարավոր է՝ այդ ամբիոնի ինչ-որ աշխատակից համաձայն չէ», - նշեց Դանիելյանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն էլ ասաց՝ դասախոսներն ու ուսանողներն ազատ են իրենց իրավունքներն իրացնելու հարցում, սակայն նրանց՝ անհնազանդության ակցիային մասնակցելու վերաբերյալ ոչ մի տեղեկություն ուսումնական գծով պրոռեկտորը չէր ստացել։ ՀՊՏՀ-ում ի տարբերություն մյուս բուհերի դասերը դեռ չեն ավարտվել։

«Հեռավար եղանակով որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Zoom-ից հաշվետվությունները կարողանաս ստանալ և տեսնել՝ որ դասն է տեղի ունեցել, որ դասը տեղի չի ունեցել: Այս պահին ո՛չ կուրսերից, ո՛չ ուսանողներից, ո՛չ դասախոսներից չենք լսել նմանատիպ ազդակներ, որ որևէ դա այս պահին տեղի չի ունեցել», - ասաց Գրիգորյանը:

Մյուս խոշոր բուհերը՝ Մանկավարժականն ու Ամերիկյանը ևս հայտարարությամբ չեն միացել անհնազանդության միջոցառումներին, սակայն կրթական հաստատություններից հայտնում են՝ դասախոսների իրավունքն է՝ մասնակցել, թե ոչ։ Իրենք որևէ խոչընդոտ չեն ստեղծում։ Արդյոք գործադուլին մասնակցող դասախոսներ եղել են, երկու համալսարաններից հստակ պատասխանել չեն կարողանում, եթե նման դեպքեր եղած լինեն, ապա ավելի ուշ կիմանան՝ ուսումնական գործընաթացը համաճարակի պատճառով հեռավար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG