Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մեղադրում է իշխանություններին սուգը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ «Հայրենիք» կուսակցության նախագահն այսօր այցելելով Եռաբլուր՝ պնդեց, թե դեպի զինվորական պանթեոն վարչապետի նախաձեռնած երեկվա երթին մարդկանց մասնակցությունն ապահովվել է վարչական ռեսուրսի գործադրմամբ։
«Հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլյացիան։ Սա այն հարցը չէ, որ մենք մրցենք, թե ում հետևից է շատ մարդ քայլում։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց բերել սգո երթի՝ ուղղակի ամոթ է», - հայտարարեց Վանեցյանը։
Երեկ վարչապետի գլխավորությամբ բազմահազարանոց երթը՝ ուստիկանության ուժեղացված հսկողությամբ, Հանրապետության հրապարակից հասավ Եռաբլուր, որտեղ մի խումբ քաղաքացիներ վարչապետի առջև փակել էին մուտքը։ Հետո սկսվեց հրմշտոց, մի խումը բղավում էր «Նիկոլ վարչապետ», մյուս խումբը՝ «Նիկոլ դավաճան»։
Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի պատասխանատուն ընդդիմությունն է, վստահ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ազատության» հետ զրույցում նա նաև հերքեց պետական լծակի գործադրմամբ մարդկանց երթի տանելու մասին պնդումները, ասաց՝ պետք է ապացույցներով խոսել։
«Ինչ-որ մեկը՝ նախկին անվտանգության մարմին ղեկավարած անձնավորություն, համազգեստով կանգնած, գոռում էր, որ նույնիսկ ատոմակայանից են մարդիկ բերել։ Էդ դեպքում լավ կանեն փաստերով խոսեն։ Որևէ մեկը իրավունք չուներ Եռաբլուրի դռները, մուտքը փակեր, և այդ մուտք փակելու մեջ նույն ընդդիմություն իրենց հռչակած՝ նախկին գաղտնալսված ոստիկանապետից սկսած, վերջացրած ընդդիմադիր արտախորհրդարանական հարթակում կանգնած ուժերով, ամեն ինչ փորձեցին անեն, որպեսզի հարամեն նույնիսկ սգո օրը», - նշեց Քոչարյանը՝ հավելելով․ - «Ընդ որում, մուտքեր փակողները հիմնականում զոհվածների հարազատները չէին, և եթե նկատեցիք, զոհվածների հարազատները իրենց գերեզմանոցների մոտ նստած հանգիստ սգում էին»։
Երեկ նախքան երթը վարչապետ Փաշինյանն ուղերձով դիմել էր ժողովրդին ու ընդգծել՝ սա խոստումի երթ է․ - «Սա մի խոստում է մեր բոլոր եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի»։
Կառավարության երեկվա երթի նախորդ երեկոյան էլ ընդդիմությունն էր ջահերով երթ կազմակերպել դեպի Եռաբլուր։
Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն «Ազատության»-ը ասաց՝ իրենք սուգը չեն քաղաքականացնում, Եռաբլուրն իրենց համար սրբավայր է։
«Գործող իշխանությունը դիմեց սադրանքի, ու այն տեսարանը, որ սարքեցին Եռաբլուրում, դրա համար ևս պետք է պատասխան տան։ Իրենց քայլերով ու գործողություններով մեր պետությունը տանում են վերջնական կործանման», - հայտարարեց Սաղաթելյանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ 17 քաղաքական ուժերի կազմավորած «Հայրենիքի փրկության շարժումը» եռօրյա սուգը քաղաքականացնում են՝ ցույց տալով, թե ով որքան հետևորդ ունի։ Այնինչ, ըստ իրավապաշտպանի, առաջնային պետք է լինեն գերիների վերադարձի ու երկրի անվտանգության հարցերը։
«Միշտ ցավը կրողները կարծես դուրս են մնում այս ամեն ինչից, և ակնհայտ է, որ քաղաքական նպատակներով է օգտագործվում։ Պետք է բոլորովին այլ մոտեցում, ոչ թե ով շատ մարդ կհավաքի։ Մարդասիրական բնույթի, պետության անվտանգության հետ կապված հարցերը դրված են մի կողմ», - ընդգծեց Սաքունցը։
Իրավապաշտպանը շարունակում է պնդել՝ երկու կողմն էլ, իրենց քաղաքական պայքարով տարված, օրակարգից դուրս են թողել երկրի անվտանգության հարցը։
«Իշխանությունը պատասխանատու է իրավիճակի փոփոխության և պետությունը ճգնաժամից դուրս հանելու համար բոլորովին այլ գործողությունների, որոնց մասին չի խոսում, ընդդիմությունն էլ ոչ թե խոսում է գործողությունների մասին, այլ ասում է՝ միակ գործողությունը, որ իրենց համար գոյություն ունի, դա իշխանություն վերցնելն է», - շեշտեց Արթուր Սաքունցը։
«Հեղափոխության առաջին օրվանից իշխանությանն ու արմատական փոփոխություններին դեմ դուրս եկած ընդդիմության միակ նպատակն իշխանությունը վերցնելն է», - եզրափակեց իրավապաշտպանը։