«Իմ քայլը» չի էլ քննարկել կառավարության և դատախազության մուտքերը փակած ընդդիմադիրների առաջարկը` մինչև երեկոյան 6-ը գնալ, ինչպես ձևակերպել էր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, իրավիճակից լուծումներ գտնել: «Ազատությանը» տեղեկացրեց Ազգային ժողովի իշխանական խմբակցության Մարիա Կարապետյանը. «Իմ քայլը խմբակցության պատգամավորները նույնիսկ չեն քննարկել այդ առաջարկը քննարկման դնելու հարցը: Սա, կարծես թե, առաջին այսպես ասած` վերջնագիրը չէ, որ 17 կուսակցությունները կամ փոփոխական թվով կուսակցությունները ներկայացնում են հանրային իշխանության մարմիններին, կառավարող ուժին, և պետք է վերահաստատեմ մեր դիրքորոշումը, որ վերջնագրերի լեզվով, սպառնալիքների լեզվով քաղաքական փոփոխությունների հասնելու օրակարգը ձախողված է»:
Այսօրվա հանրահավաքում «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը նշել էր մի քանի ճանապարհ, որոնցով նախատեսում են հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Դրանցից մեկն էլ ավելի վաղ հայտարարվածն էր, որ Ազգային ժողովը նրան պաշտոնանկ անի: Նպատակին հասնելու համար, Սաղաթելյանի խոսքով, շարունակելու են ճնշումները: Այսօրվա դասավորվածությամբ եթե վարչապետին անվստահություն հայտնելու հարց բարձրացվի խորհրդարանում, առանց իշխանական «Իմ քայլի» անհնար է հասնել Փաշինյանի հրաժարականին:
Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը բացառեց, որ կատարեն ընդդիմության պահանջներից որևէ մեկը. «Դրանք բնավ 4 կետեր չեն, այդտեղ մի կետ կա, և այդ կետն այն է, որ Հայաստանում ենթադրյալ արտահերթ ընտրությունները կազմակերպեն ընտրակեղծարարները: Սա սցենար է, որը փորձում է մեզ տանել այդ ճանապարհով»:
Այս պահին հրապարակում հավաքվածներին Փաշինյանը ժողովուրդ չի համարում: Իր հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հայտարարած անհնազանդության ակցիաներին, գործադուլին և դասադուլին ընդառաջ վարչապետն առավոտյան Ֆեյսբուքում գրեց, թե «իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018-ին իշխանությունից և արտոնություններից զրկված էլիտայի և ժողովրդի»: Ըստ Փաշինյանի` էլիտան փորձում է հասնել ռևանշի: Կարծիք հայտնեց, որ վճռորոշ խոսքն ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդն իր խոսքն ասի, էլիտաները ոչինչ անել չեն կարող, բայց կրկին չհստակեցրեց ինչպես, եթե նոր ընտրություններ չի հայտարարում:
«Իմ քայլից» Մարիա Կարապետյանն էլ կարծիք հայտնեց` ընդդիմության այսօրվա քայլերը ժողովրդավարական չեն. «Դրանք փորձ են ժողովրդավարության գործիքները ժողովրդավարության դեմ օգտագործելու, և մենք դա թույլ չենք տալու: Դրանք փորձ են առերևույթ միջոցները, որոնք իբր հանրային բողոքի բյուրեղացման միջոցներ են` ցույցեր, հանրահավաքներ կամ այլ միջոցներ, օգտագործելու Հայաստանը ժողովրդավարության ճանապարհից դուրս բերելու համար: Իհարկե, նման իրավունքը երաշխավորված է, և իրավապահ համակարգը կապահովի նման միջոցների անվտանգ անցկացումը, բայց դա չի նշանակում, որ սա դառնալու է քաղաքական օրակարգերի թելադրանքի միջոց»:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ 2018-ին, երբ դուք էիք պետական մարմինները շրջափակելու, գործադուլի, դասադուլի կոչ անում, ժողովրդավարական գործընթացներ էին, այսօրվա ընդդիմության հայտարարությունները Ձեզ համար այդպիսին չեն համարվում, Դուք այդտեղ պարտադրանքի փորձ եք տեսնում, պատասխանեց. «Ձևի մեջ, կարծես թե, նմանություն կա, բայց բովանդակության մեջ ահռելի տարբերություն կա: Առաջին տարբերությունը, որը պետք է շեշտեմ, 2018 թվականի համաժողովրդական շարժմանը նախորդած տարիների կոռուպցիայի, արտագաղթի, արդարության և արդարադատության բացակայությունն է և ոչ թե միայն միջոցները, որոնք հանգեցրեցին հեղափոխության կայացմանը»:
Դիտարկմանը, թե այսինքն` ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության դեմ չի՞ կարելի նույն մեթոդները կիրառել, Մարիա Կարապետյանն արձագանքեց. «Կարող են փորձել, իհարկե, կրկին պետք է շեշտեմ, որ իրենց իրավունքն է ազատ և խաղաղ հավաքներ և ցույցեր անցկացնել, բայց չպետք է հնչեցնեն բռնության կոչեր կամ խոսեն պարտադրանքի լեզվով»: