Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հանրահավաք, ապա՝ հիշատակի երթ անցկացրեց


Ընդդիմության առաջնորդները Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, Երևան, 19-ը դեկտեմբերի, 2020թ․
Ընդդիմության առաջնորդները Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, Երևան, 19-ը դեկտեմբերի, 2020թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի կազմավորած «Հայրենիքի փրկության շարժումը» երեքշաբթի օրը ողջ Հայաստանում գործադուլ, դասադուլ, բողոքի, անհնազանդության զանգվածային միջոցառումներ է նախաձեռնելու։

«Երեքշաբթի օրը ժամը 12-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքի։ Զուգահեռաբար շրջափակելու ենք Կառավարության և այլ նախարարությունների շենքերը։ Այդ Կառավարության գործունեությունը միայն չարիք է բերում, այդ Կառավարության որոշումները հակապետական են, հակաազգային են և չեն բխում մեր ժողովրդի շահերից, հետևաբար՝ լավ է այդ աթոռները մնան դատարկ, դրանք ավելի անվտանգ կլինեն, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ», - ընդդիմության այսօր հրավիրած հանրահավաքին հայտարարեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ուրեմն, ինչպես պայմանավորվել ենք։ Եթե Նիկոլ Փաշինյանի չի հեռանում պետական համակարգից, ապա այդ համակարգը պետք է հեռացնենք իրենից։ Այլ ճանապարհ չունենք, սիրելի հայրենակիցներ», - շարունակեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ գլխավոր նպատակն է կասեցնել երկրի անկումը, կանխել պետական ինստիտուտների քայքայումը, պաշտպանել երկրի սահմաններն ու անվտանգությունը, կանխել հումանիտար աղետը, վերջ դնել ստին և կեղծիքին։

Ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն՝ Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց․ - «Ի՞նչ վիճակում մենք հայտնվեցինք՝ անիշխանություն, անտերություն, պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ, տալ և տալ։ Եթե այսպես շարունակվի, շուտով աշխարհի քաղաքական քարտեզից կա՛մ կվերանա Հայաստանը, կա՛մ կդառնա այնպիսի մի խղճուկ բան, որ ոչ մեկը ուշադրություն չի դարձնի, իսկ այդպիսի պետությունը չի կարողանա նաև իր ժողովրդի բարեկեցությունն էլ ապահովել։ Մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղերձում կրկին ասել է, որ ներքաղաքական վիճակի հանգուցալուծման վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխվել՝ միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե «էլիտար շրջանակները»։ Նա նաև շեշտել է, որ իշխանության մեծագույն խնդիրներից մեկը օր առաջ ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է:

Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին այսօր մասնակցում էր նաև «Հանուն հայրենիքի փրկության» շարժմանը միացած խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում խոսքով՝ վարչապետը պետք է րոպե առաջ հրաժարական ներկայացնի։

Ծառուկյանը կրկին անդրադարձավ տնտեսական վիճակին, նաև պնդեց՝ կառավարությունը չի գործում. - «Երկու տարի ու կես միայն խաբել են, միայն ստել են ժողովրդին, բոլոր իրենց կատարած գործունեությունը ձախողել են, բոլոր բարեկամական կապերը շեղել են, ոչ մի բարեկամական կապ չի մնացել։ Առաջին օրը, դուք կհիշեք, հունիսի 5-ին, երբ ես ելույթ ունեցա, ներկայացրեցի մեր երկրի առջև ծառացած խնդիրները, պրոբլեմները՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, համաճարակ և Արցախ, երևի բոլորդ հիշում եք, որ ասեցի՝ ունենք 3-ից 4 ամիս ժամանակ, դա եղել ա հունիսի 5-ին, պատերազմը սկսել ա սեպտեմբերին, և այդ ժամանակ ինձ լռեցնելու համար քաղաքական հետապնդումներ սկսեցին»։

«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հանրահավաքին ներկա էր նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Իր ելույթում թեև պնդեց, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, բայց շեշտեց՝ հայրենիքի կորստի հետ հաշտվել ևս չի կարող։ Ասաց՝ գլխավոր մեղավորը, պատասխանատուն պետք է հեռանա և ասպարեզը զիջի նոր մարդկանց։

«Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ թողնի, հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու։ Մենք ոչ թե այսօր, այս երեք օրը սուգի մեջ պետք է լինեինք, մենք 84 օր է սուգի մեջ ենք՝ ամեն մի զոհված զինվորի համար մղկտալով, ամեն մի թիզ հողի կորստով։ Եվ այսօր եկել է թշնամին հասել է Սյունյաց սահմաններ, ոտքով մտնում է, թիզ առ թիզ հաշվում է, և մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու», - հայտարարեց Միքայել եպիսկոպոսը։

Հանրահավաքից հետո հիշատակի երթ տեղի ունեցավ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այնտեղ հոգեհանգստի կարգ կատարեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

XS
SM
MD
LG