Մատչելիության հղումներ

Ցուցարարները վրաններ են տեղադրել Հանրապետության հրապարակում՝ այնտեղ գիշերելու համար


Հանրապետության հրապարակում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:

«Հայրենիքի փրկության շարժումը» մինչև 18:00-ն ժամանակ էր տվել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին գնալ և շարժման ղեկավարների հետ քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակները: «Իմ քայլից» որևէ արձագանք չի եղել:

«Ցավոք, այս մարդիկ այս պահին ևս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը: Մինչև այս պահը մենք որևէ արձագան չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում, ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ», - հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Հանրապետության հրապարակում ցուցարարները վրաններ են տեղադրել, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շուրջօրյա ցույցեր են լինելու և այսօր ցուցարարները գիշերելու են այնտեղ: Նա նշեց, որ ովքեր ցանկանում են միանալ և ակցիան շարունակել մինչև լուսաբաց, կարող են մնալ, ովքեր չեն ցանկանում, ապա կարող են միանալ վաղը:

«Պայմանավորվել ենք նաև, որ պատրաստ ենք շուրջօրյա հանրահավաքների և ցույցերի, եթե այսօր մեր պահանջները չեն բավարարվելու, մենք գիշերը մնալու ենք հրապարակում: Այն քաղաքացիները, ովքեր կուզեն գիշերը մեր հետ անցկացնել այստեղ, խնդրում եմ, մեր հետ անցկացնել, նրանք, ովքեր կգնան, վաղը առավոտյան կմիանան մեր պայքարին: Հարգելի հայրենակիցներ եկեք կրկին մեկս մյուսին խոստանանք, որ մենք չենք նահանջելու, որ մենք հետ չենք կանգնելու, մենք միասին հայ ժողովրդի ամբողջական ուժերով փրկելու ենք մեր հայրենիքը», - ասաց Սաղաթելյանը:

Ցույցը սկսվել է այսօր ժամը 12-ից: Ակցիայի ընթացքում Իշխան Սաղաթելյանը ցուցարարներն կոչ արեց շրջափակել Կառավարության շենքը, ապա ցուցարարները շրջափակեցին նաև նախարարության շենքերը, ապա վերադարձան հրապարակ:

Հրապարակում էին նաև բազմաթիվ ոստիկաններ և մինչև շրջափակումը արդեն շղթայել էին Կառավարության շենքը:

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հայտարարեց համազգային գործադուլ և դասադուլ: Հավաքի ընթացքում շարժման ներկայացուցիչները հայտնում էին, որ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների մի մասը միացել է գործադուլին, ինչպես նաև բուհերից: Նաև հայտարարեց, որի իրավապահ համակարգից պաշտոնյաներ են հրաժարական տվել և միացել շարժմանը:

Ելույթ ունեցավ նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը բանակին ու ոստիկանությունը կոչ արեց միանալ ժողովրդին:

«Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, ես կոչ եմ անում ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին, անցեք մեր կողմ, այսօր կլուծենք հարցը», - հայտարարեց Մանուկյանը:

Այսօր ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց այն քայլերը, որոնցով շարժվելու են առաջ. «Ունենք չորս իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը: Առաջինն այն է, որ ինքը շատ պարզ, ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին, երկրորդ ճանապարհը, որ Ազգային ժողովը հրավիրի արտահերթ նիստ և քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը, երրորդ ճանապարհը, որ դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի, մեղադրանք առաջադրի և ձերբակալի, և չորրորդ ճանապարհը՝ կառավարության անդամների երկու երրորդի պահանջով գումարվի նիստ և դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը»:

Ժամը 12-ից փակ են նաև հրապարակ մտնող փողոցները:

XS
SM
MD
LG