Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը


Հանրապետության հրապարակում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:

Հրապարակում հավաքված են բազմաթիվ քաղաքացիներ: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ցուցարարների մի մասը մնա Հանրապետության հրապարակում և շարունակի ցույցը, մյուսը մասը՝ շրջափակի Կառավարության շենքը:

«Այս կառավարության գործունեությունը հակապետական է, հակահայկական, հակաազգային և այլևս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնի այդ շենք, որովհետև դա այս պահին մեզ պետք չէ: Ցանկացած շենք մեր ժողովուրդը միասին, երբ որ ուզենք կվերցնենք, բայց խնդրում եմ՝ ճիշտ հասկացեք, խնդիրն այս պահին դրա մեջ չէ, սա մեր ուժի կենտրոնն է, մշտապես պետք է լինի մարդաշատ, մեր մյուս խմբերը կշրջափակեն կառավարության և դատախազության շենքերը», - ասաց Սաղաթելյանը:

Կառավարության շենքի շուրջ հավաքված են բազմաթիվ ցուցարարներ, իսկ շենքի մուտքերը շղթայել են բազմաթիվ ոստիկանական ջոկատներ:

Ելույթ ունեցավ նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը բանակին ու ոստիկանությունը կոչ արեց միանալ ժողովրդին:

«Հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար: Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, ես կոչ եմ անում ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին, անցեք մեր կողմ, այսօր կլուծենք հարցը», - հայտարարեց Մանուկյանը:

Իշխան Սաղաթելյանն էլ ներկայացրեց այն քայլերը, որոնցով շարժվելու են առաջ. «Ունենք չորս իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը: Առաջինն այն է, որ ինքը շատ պարզ, ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին, երկրորդ ճանապարհը, որ Ազգային ժողովը հրավիրի արտահերթ նիստ և քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը, երրորդ ճանապարհը, որ դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի, մեղադրանք առաջադրի և ձերբակալի, և չորրորդ ճանապարհը՝ կառավարության անդամների երկու երրորդի պահանջով գումարվի նիստ և դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը»:

XS
SM
MD
LG