Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է` Բելառուսում ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը երկխոսությունն է գործող վարչակազմի ու ընդդիմության միջև:
«Գործող վարչակազմը պետք է լսի իր ժողովրդի ձայնը», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Բրյուսելում Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Անդրեա Կալանը:
«Օգոստոսի 9-ի ընտրությունները արդար, ազատ ու թափանցիկ չէին, ողջ աշխարհն է դա տեսել, և որ առավել կարևոր է՝ Բելառուսի ժողովուրդն է տեսել: Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Բելառուսի գործող վարչակազմը և առաջնորդը երկխոսության գնան քաղաքացիական հասարակության հետ` ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Մեր համոզմամբ՝ դա լավագույն ճանապարհն է հիմա», - հայտարարել է Կալանը:
Վիճահարույց ընտրություններով հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն, մինչդեռ, կտրականապես հրաժարվում է երկխոսությունից: Ավելին, երեկ նա վերջակետ է դրել այս հարցի շուրջ քննարկումներին, պնդելով` նախագահական ընտրությունները կայացել են, արդյունքները հայտնի են, և այս ուղղությամբ այլևս որևէ անելիք չկա:
«Բարիկադներ կառուցելու և հանրահավաքներ անցկացնելու ժամանակն արդեն ավարտվել է», - հայտարարել է Լուկաշենկոն` չհստակեցնելով` օրենքի ո՞ր կետով է դա արգելվում, և այսուհետ ե՞րբ, կամ` տարվա ո՞ր եղանակին կարող են բելառուսցիները կրկին փողոց դուրս գալ:
«Հիմա եկել է մեր ժամանակը, անհրաժեշտ է շարունակել ստեղծագործ աշխատանքը, շարժվել առաջ` խելամիտ փոփոխությունների և խելամիտ բարեփոխումների ճանապարհով», - խորհրդային կարգախոսների ոգով պնդել է Լուկաշենկոն, ով այդ տարիներին զբաղեցնում էր կոլխոզի պարտկոմի նախագահի, հետո էլ` սովխոզի տնօրենի պաշտոնը:
«Մենք տեղում չենք դոփում, երկիրը զարգանում է, հետզհետե ավելանում է մարդկանց բարեկեցությունը: Ես չեմ հասկանում` ուրիշ էլ ի՞նչ փոփոխություններ են հարկավոր», - տարակուսել է նա:
Ցուցարարների մատնանշած ազատ, արդար ու մրցակցային ընտրությունների, կամ` հիմնարար իրավունքները պաշտպանելու մասին Լուկաշենկոն որևէ բառ չի ասել, թեև հանդիպել էր երկրի «քաղաքական ակտիվի» հետ: Թե ովքեր էին լուռ ու հնազանդ նրա երկարաշունչ ելույթը ունկնդրող այդ մարդիկ` պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում: Հստակ է, սակայն, որ վերջին նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի դեմ դուրս եկած բոլոր ընդդիմադիր առաջնորդները հիմա կա՛մ բանտում են, կա՛մ հեռացվել են երկրից:
Ընդ որում, Լուկաշենկոն երեկ զգուշացրել է` դա դեռ վերջը չէ: «Տասնհինգ կուսակցություն ունենք գրանցված, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դրանք կուսակցություն չեն», - հայտարարել է նա ու բացատրել` որ հարցում են քաղաքական այդ ուժերը սխալվել. - «Նրանցից տասը շեղվել են իրենց կանոնադրությունից, ու հիմա նոր ընտրություններ են պահանջում», - ասել է Լուկաշենկոն, կրկին չհստակեցնելով` ո՞ր օրենքով է արգելվում ընդդիմադիր կուսակցությանը հրաժարականի պահանջ ներկայացնել ավելի քան քառորդ դար վիճահարույց քվեարկություններով ընտրվող նախագահին: «Հանձնարարում եմ Արդարադատության նախարարությանը մանրազնին ուսումնասիրել` արդյո՞ք այդ կուսակցությունները համապատասխանում են գործող օրենսդրությանը: Անհրաժեշտ է դրանք վերագրանցել», - հրահանգել է Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած առաջնորդը:
Փորձագետները փաստում են` ընդդիմադիր այդ տասը կուսակցությունները դժվար թե հաղթահարեն վերագրանցման պահանջը:
Լուկաշենկոն երեկ հիշել է նաև իր դեմ դուրս եկած նախկին ու ներկա երեք դեսպանների մասին ու բոլորին զրկել դիվանագիտական կոչումներից: Փոխարենը՝ խոստացել է վարձահատույց լինել բոլոր նրանց, ովքեր հակակառավարական ցույցերի ժամանակ մնացել են իր կողքին. - «Շնորհակալություն նրանց, որ իրենց դրսևորեցին ըստ արժանվույն և հուսալի: Առաջիկայում մենք քայլեր կձեռնարկենք քաղծառայողի կարգավիճակն ամրապնդելու համար»:
Ընդհանուր առմամբ, Լուկաշենկոյի երեկվա` մոտ մեկ ժամանոց ելույթից այնպիսի տպավորություն էր, ասես ավելի քան մեկ ամիս Մինսկում ու տասնյակ այլ քաղաքներում փողոց դուրս եկող հազարավոր մարդիկ Բելառուսի հետ ոչ մի կապ չունեն, ապրում են միայն իրենց հայտնի պահանջներով, և որ ամենակարևորն է` Արևմուտքի թելադրանքով:
Ընդ որում, որքան ավելի բազմամարդ են դառնում այդ ցույցերը, այնքան առավել մռայլ ու չարագուշակ երանգ են ստանում Լուկաշենկոյի առաջ քաշած վարկածները: Երեկ, մասնավորապես, նա պնդել է, թե Արևմուտքը հատուկ` 7-քայլանի ծրագիր էր մշակել Բելառուսը կործանելու համար, որը, սակայն, ձախողվել է` ՕՄՕՆ-ի «հայրենանվեր ու անձնազոհ» ջանքերի շնորհիվ:
«Եթե մեր իրավապահ մարմինները պասիվ լինեին, մենք անխուսափելիորեն ականատես կլինեինք նոր մայդանային տեխնոլոգիաների, որոնք, ինչպես գիտենք պատմությունից, հազվադեպ են ավարտվել առանց մարդկային կորուստների և մշտապես ողբերգական ավարտ են ունեցել երկրի համար», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը:
Ուժայինների կողմից իրականացված բռնությունների, կտտանքների ենթարկված խաղաղ ցուցարարների, ընդդիմության դեմ հարուցված շինծու քրեական գործերի մասին, սակայն, Լուկաշենկոն չի խոսել: Փոխարենն ընդգծել է` «մենք գիտենք, թե ովքեր են այս ամենը ղեկավարում և ինչ են ուզում, այդ իսկ պատճառով զգոնությունը չենք կորցնում»:
Արևմուտքում այս մեղադրանքներն անհեթեթություն են որակում: Լիտվայի արտգործնախարարը հրապարակավ պնդում է, թե Լուկաշենկոն կորցրել է կապը իրականության հետ, Եվրամիությունն էլ պատրաստվում է մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցներ սահմանել նրա վարչակազմի մոտ երեք տասնյակ պաշտոնյաների նկատմամբ:
Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը վերահաստատել է` Վաշինգտոնը ևս կարող է միանալ այդ սահմանափակումներին: