Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի Բելառուսում, որտեղ ցույցերը չեն դադարում


Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սոչիում։
Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սոչիում։

Պաշտոնական Մինսկն այսօր սպառնացել է ռազմական հակահարված տալ, եթե Արևմուտքը փորձի ագրեսիա իրականացնել Բելառուսի դեմ: Ընդ որում, Պաշտպանության նախարարությունը պնդել է, որ այդ գործում կարող է օգտագործվել նաև ՀԱՊԿ-ի ներուժը, որին Ռուսաստանից ու Կենտրոնական Ասիայի երկրներից բացի անդամակցում է նաև Հայաստանը:

«Մենք չենք բացառում ուժային արձագանքը Ռուսաստանի հետ դաշնակցային պետության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», - այսօր հայտարարել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը:

Ժամեր անց Մոսկվան հայտարարեց, թե մեկ ամսից` հոկտեմբերի 12-16-ը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունները` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Բելառուսի տարածքում: Այս պահին էլ Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ վարժանքներ են անցկացնում Բրեստում` Լեհաստանի հետ սահմանին:

Զորավարժությունների ժամկետներն ու աշխարհագրությունը պատահական չէ. Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի շաբաթ է պնդում է, թե իր հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս դրսի թելադրանքով, և Լեհաստանն իբր այդ քայլերով փորձում է ապակայունացնել իրավիճակն ու իրեն բռնակցել Բելառուսի մի մասը:

«Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն ցուցադրաբար տանկերով զորավարժություններ անցկացնում մեր Միութենական միության սահմանին», - երեկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը տարակուսում էր նա` զուգահեռներ տանելով, ոչ ավել, ոչ պակաս, Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ:

«Նրանք մեզ հետ հաշվի չեն նստում և զորավարժություններ են անում երբ կամենան: Մենք ևս պետք է պատրաստենք մեր բանակները, որպեսզի, եթե Աստված չանի, կարիք լինի, կարողանանք դիմակայել: Չպետք է կրկնենք Մեծ հայրենականի սխալները, երբ մեզ հանգստացնում էին, թե սադրանքներ չեն լինի, պատերազմ չի լինի, իսկ վերջում կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ»:

Արևմուտքում անհեթեթություն են որակում Լուկաշենկոյի այս մեղադրանքները: Փորձագետները պնդում են, թե այսկերպ նա փորձում է շեղել հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից ու իր հրաժարականը պահանջող ցույցերից, որ շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս:

«Մենք արդեն հաղթել ենք, իշխանությունն ուղղակի փորձում է մեզնից խլել այդ հաղթանակը», - այսօր ամերիկյան Washington Post-ում գրել է վերջին ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան` ընդգծելով. – «Բելառուսի ժողովուրդը հասել է այն կետին, որից հետդարձ այլևս հնարավոր չէ»:

Ընդդիմադիր թեկնածուն կրկին պնդել է, որ չի ճանաչում օգոստոսին տեղի ունեցած քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Լուկաշենկոն վեցերորդ անգամ անընդմեջ հռչակվել էր նախագահ` ձայների ավելի քան ութսուն տոկոսով:

«Կոչ եմ անում միջազգային հանրությանը դադարեցնել համագործակցությունն այդ ռեժիմի հետ և պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք կեղծել են ընտրություններն ու հանցագործություններ իրականացրել Բելառուսի ժողովրդի դեմ», - գրել է Սվետլանա Տիխանովսկայան:

Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում նա կշտամբել էր Կրեմլին` Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած Լուկաշենկոյին աջակցելու համար. - «Շատ ենք ցավում, որ Ռուսաստանը որոշեց կանգնել բռնապետի կողքին, և ոչ թե Բելառուսի ժողովրդի: Եվ իհարկե, անհանգստացնող է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Լուկաշենկոյին զորքով կամ այլ կերպ: Բայց, միևնույն է, դրան կարևորություն չենք տալիս, քանի որ մեր բողոքը միանգամայն խաղաղ է, սա լիովին ներքին հարց է, և արտաքին որևէ միջամտության կարիք չկա»:

Ընդդիմադիր գործիչը իր երկու երեխաների հետ արդեն մեկ ամիս ապրում է Լիտվայում, նա հայրենիքը լքել է ընտրություններից մի քանի օր անց, ուժայինների հետ ժամեր շարունակված դռնփակ հանդիպումից հետո: Թե ինչու` Տիխանովսկայան առայժմ չի հստակեցնում, հայտնի է, որ նրա ամուսինը` Լուկաշենկոյի կոշտ քննադատ, բլոգեր Սերգեյ Տիխանովսկին այժմ գտնվում է բանտում: Նույն ճակատագրին են արժանացել, կամ երկրից վտարվել են Լուկաշենկոյի դեմ դուրս եկած գրեթե բոլոր ընդդիմադիր առաջնորդները: Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության յոթ անդամներից այս պահին Մինսկում ազատության մեջ է միայն մեկը` Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ գրող Սվետլանա Ալեքսիևիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG