Մատչելիության հղումներ

Բելառուսի իշխանություններին չի հաջողվել վտարել Կոլեսնիկովային՝ նա, ըստ ուկրաինական աղբյուրների, պատռել է անձնագիրը


Բելառուս - Ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան Մինսկում հանրահավաքի ժամանակ, 6-ը սեպտեմբերի, 2020թ.
Բելառուս - Ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան Մինսկում հանրահավաքի ժամանակ, 6-ը սեպտեմբերի, 2020թ.

Մի ամբողջ օր միջազգային հանրությունը` Բեռլինից մինչև Վիլնյուս, Բելառուսի իշխանություններից պահանջում էր տեղեկություն հաղորդել անհետացած երեք ընդդիմադիրների` Մարիա Կոլեսնիկովայի, Իվան Կրավցովի և Անտոն Ռոդնենկովի մասին, որոնց, ըստ հաղորդումների, դիմակավոր անձինք առևանգել էին երեկ առավոտյան Մինսկի կենտրոնից:

Նախագահ Լուկաշենկոյի վարչակազմը` Ներքին գործերի նախարարությունից մինչև Ազգային անվտանգության ծառայություն, մի ամբողջ օր հավաստիացնում էր, թե նրանց մասին տեղեկություն չունի և որևէ մեկին չի ձերբակալել: Ժամեր շարունակված այդ անորոշությունը խախտվեց այսօր վաղ առավոտյան միայն. Բելառուսի սահմանապահ ծառայությունը մոտ կես րոպեանոց մի տեսանյութ հրապարակեց, պնդելով, թե շաբաթներ շարունակ բազմազահազանոց ցույցերն առաջնորդող երեք ընդդիմադիրներն էլ գաղտագողի լքել են հայրենիքը: «Նրանք այժմ Ուկրաինայում են», - պնդեց պաշտոնական Մինսկը:

Փաստացի, իրադարձությունների նման զարգացման շատերն էին սպասում, քանի որ շաբաթներ առաջ արդեն իսկ երկրից հեռացել կամ՝ հեռացվել էին նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող մյուս բոլոր գործիչները: Միայն թե այս դեպքում, պարզվեց, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել. Մարիա Կոլեսնիկովային, այդուամենայնիվ, հաջողվել է խափանել իշխանության սցենարը: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Կոլեսնիկովան պատռել է սեփական անձնագիրը, ինչից հետո բելառուսցի սահմանապահները ուղղակի չեն կարողացել նրան Ուկրաինա ճանապարհել: Այդ վարկածը չի հերքել նաև Ուկարինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն:

«Մարիա Կոլեսնիկովան խիզախ քայլ է արել, ինչից հետո Բելառուսի հատուկ ծառայություններն այլևս չեն կարողացել նրան վտարել: Մյուս երկու ընդդիմադիրներին բռնությամբ դուրս են բերել երկրից, նրանք այժմ գտնվում են Ուկրաինայում: Կոլեսնիկովան, սակայն, մնաց Բելառուսի տարածքում, և նրա կյանքի ու առողջության համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն է կրում», - հայտարարել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարարը:

Ավելի ուշ պաշտոնական Մինսկը նոր հաղորդագրություն տարածեց դետեկտիվ հիշեցնող այս պատմության մասին՝ պնդելով, իբր Կոլեսնիկովայի երկու համախոհներն իրենք են վերջին պահին կնոջը դուրս գցել մեքենայից: «Ըստ էության, նրան դուրս հրեցին ու շարունակեցին ճանապարհը դեպի Ուկրաինա», - հայտարարել է Սահմանային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին: Իրավապահների հաղորդմամբ,Կոլեսնիկովան ձերբակալվել է` սահմանն ապօրինի հատելու համար, փաստաբաններն ու հարազատները, սակայն, մինչ այս պահը չգիտեն` որտեղ է նա:

«Միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի ճնշումը Լուկաշենկոյի նկատմամբ», - այսօր դիմելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին` հայտարարեց Կոլեսնիկովայի դաշնակից Սվետլանա Տիխանովսկայան: Նախագահության ընդդիմադիր թեկնածուն ինքն էլ հիմա գտնվում է Եվրամիության տարածքում, նա հայրենիքից հեռացել էր քվեարկությունից մի քանի օր անց` մինչ այս պահը անհայտ հանգամանքներում:

«Անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը ճնշումներ բանեցնի այս վարչակազմի, այս անձնավորության նկատմամբ, որը հուսահատ քայլեր է անում` իշխանությունից կառչելու համար: Անհրաժեշտ են պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք ապօրինի հրամաններ են տալիս կամ իրագործում` խախտելով միջազգային նորմերն ու մարդու իրավունքները: Անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և քաղաքակիրթ երկխոսություն սկսել` երկիրն այս իրավիճակից դուրս գալու համար», - ասաց Տիխանովսկայան:

Ավելի քան 25 տարի անընդմեջ Բելառուսն առաջնորդող Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, կտրականապես մերժում է ընդդիմության հետ երկխոսելու միջազգային համայնքի հորդորներն ու առաջարկները: Այսօր նա նախագահական նստավայրում ծավալուն հարցազրույց է տվել Կրեմլի խոսափողը համարվող լրագրողներին, այդ թվում` RT֊ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին: Հարցազրույցն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել, առայժմ լրագրողները միայն որոշ հատվածներ են վերապատմել: Ըստ այդմ՝ Լուկաշենկոն կրկին պնդել է, թե չի պատրաստվում հրաժարական տալ, թեև ընդունել է, որ գուցե մի փոքր չափն անցել է. - «Գուցե ես մի քիչ շատ երկար եմ պաշտոնավարում, գուցե հիմա ինձ ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև՝ արդուկով ու թեյնիկով են ցուցադրում: Սակայն, իրականում, հիմա միայն ես կարող եմ պաշտպանել բելառուսցիներին», - ըստ "Россия" հեռուստաընկերության թղթակցի՝ ասել է 66-ամյա Լուկաշենկոն:

Ակնկալվում է, որ Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած առաջորդը առաջիկա օրերին կմեկնի Մոսկվա` նախագահ Պուտինի հետ հանդիպման: Վերջինս ավելի վաղ իր հրապարակային աջակցությունն էր հայտնել Լուկաշենկոյին ու պնդել, որ պատրաստ է ընդառաջել նրա խնդրանքին ու հատուկ ոստիկանական ուժեր մտցնել հարևան երկիր:

XS
SM
MD
LG