Մատչելիության հղումներ

Սոչիում կայացել է Պուտին - Լուկաշենկո հանդիպումը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկշենոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկշենոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Բելառուսում իր պաշտոնավարման դեմ ավելի քան մեկ ամիս շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի` հանդիպելու ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։

Փակ դռների հետևում դեմ առ դեմ ձևաչափով նախատեսված հանդիպումից առաջ երկու առաջնորդները այնուամենայնիվ հանդես եկան հայտարարություններով: Մասնավորապես, Կրեմլի ղեկավարը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Բելառուսին մեկ ու կես միլիարդ դոլարի չափով վարկ տրամադրել։

Անդրադառնալով երեսունյոթերորդ օրը Բելառուսում Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով շարունակվող բազմահազարանոց ցույցերին` Ռուսաստանի նախագահը, ով հետընտրական այդ զարգացումների ֆոնին ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել ոստիկանական զորք ուղարկել հարևան երկիր, համոզմունք է հայտնել, թե ստեղծված իրավիճակը բելառուսներն իրենք պետք է կարգավորեն՝ շեշտելով՝ «առանց արտաքին հուշումների և միջամտության»:

Պուտինը միևնույն ժամանակ չի թաքցրել, որ աջակցում է Բելառուսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գաղափարին, որի մանրամասներն ու բուն նպատակը առայժմ հայտնի չէ։ Ավելին, նա հայտարարել է, թե ԲԵլառուսի մայր oրենքը փոխելու հարցում որոշակի առաջարկներ ունի:

Ռուսաստանի նախագահը նաև ազդարարել է Բելառուսում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, որոնք իբր պլանավորված էին վաղուց։

Նախագահական ընտրություններում իր վեցերորդ հաղթանակով երկրում աննախադեպ ներքաղաքական ճգնաժամ հարուցած Լուկաշենկոն իր հերթին Պուտինի հասցեին երախտիքի խոսքեր չի խնայել․ շնորհակալություն է հայտնել ոչ միայն Ռուսաստանի նախագահին, ով մեկն է աշխարհի այն սակավաթիվ առաջնորդներից, որոնք պաշտոնապես ընդունել են Բելառուսի նախագահական ընտրությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած պաշտոնական արդյունքները, այլ նաև «բոլոր ռուսաստանցիներին», որոնք, Լուկաշենկոյի համոզմամբ, նույնպես իրեն աջակցում են։

«Ես ձեզ մանրամասն կպատմեմ, թե ինչ է կատարվել: Իրականում դա այնպես չէ, ինչպես երեւում է», - նկատի ունենալով հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցերը, երկրով մեկ շարունակվող գործադուլները` ասել է Լուկաշենկոն և հերթական անգամ ակնարկել արտաքին ուժերի միջամտության մասին. - «Մենք մեր վճռականությունն ենք ցույց տվել, որ եթե բելառուսական սահմաններից այն կողմ ինչ-որ մեկը ցանկանում է քորել ձեռքերը, մենք կարող ենք քորել ցանկացած պահի։ Եվ ինձ շատ հաճելի է և ես դրա համար շատ շնորհակալ եմ, որ դուք ցույց եք տվել, որ բելառուսական սահմանները Միութենական պետության սահմաններն են»։

Իսկ մինչ այդ, ինչպես հայտարարել է Լուկաշենկոն, Բելառուսի իրադարձությունները լրջագույն դաս է, որը սերտել են Մոսկվան և Մինսկը։ Նրա խոսքերով, այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ Բելառուսը պետք է ավելի ամուր կառչի «ավագ եղբորը» և համագործակցի բոլոր հարցերում։

Այս հաճոյախոսությունների հեղինակը, հիշեցնենք, ընդամենը մի քանի ամիս առաջ նույն «ավագ եղբորը» մեղադրում էր ոչ միայն Բելառուսի նախընտրական գործընթացներին միջամտելու, այլև երկրում զինված հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Պուտինի աջակցությունը օրհասական դարձավ, երբ ընտրություններին հաջորդեցին աննախադեպ բողոքի ցույցեր, արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների սպառնալիքներ: Լուկաշենկոն շտապեց զանգահարել Մոսկվա՝ ոստիկանական ուժեր ուղարկելու խնդրանքով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակվելուց ի վեր սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան ուղևորությունն է: Այցի նախաշեմին նրա ղեկավարած ուժայինները հերթական անգամ ուժ գործադրեցին խաղաղ ցուցարարների դեմ։ Նախօրեին, տարբեր գնահատականներով, միայն Մինսկում շուրջ 150 հազար մարդ, չնայած զանգվածային ձերբակալությունների և ոստիկանական բռնությունների վտանգին, կրկին փողոցում էր՝ պահանջելով ավելի քան քառորդ դար երկրի իշխանության ղեկը ձեռքում պահող Լուկաշենկոյի հրաժարականը։

Ի պատասխան ուժայինները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել, օդ կրակել և շուրջ ութ հարյուր ցուցարարների, այդ թվում երեք լրագրողների, ձերբակալել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը այսօր հայտարարել է առաջիկա օրերին Բելառուսում իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող աննախադեպ բնռաճնշումների հարցով արտահերթ քննարկումներ նախաձեռնելու մասին: Այդ առաջարկը ավելի վաղ ներկայացրել էր Եվրամիությունը։

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ Բելառուսում ցուցարարների նկատմամբ խոշտանգումների, կտտնանքների, անհավասար ուժի կիրառման, առևանգումների մասին բոլոր հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG