Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչները Բելառուսի դեսպանատան դիմաց պահանջեցին ազատել ձերբակալված գործընկերներին


Ի համերաշխություն բելառուս հասարակական գործիչների՝ այսօր Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև բողքի ակցիա իրականացրին Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն ու Եվրոպական ուսանողների ֆորում Երևանը: Ակցիային նաև մի շարք իրավապաշտպաններ ու քաղհասարակության ներկայացուցիչներ էին մասնակցում:

«Արևելյան գործընկերության Քաղհասարակության ֆորումի անդամ վեց պետությունների քաղհասարակության ազգային պլատֆորմերն այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում վեց պետություններում: Արդեն իսկ անցկացվել են Վրաստանում, Մոլդովայում, և մենք ի համերաշխություն մեր ձերբակալված գործընկերների այսօր այս ակցիան ենք իրականացնում այստեղ», - ասաց «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը:

Պահանջը` ազատ արձակել օրեր առաջ ձերբակալված Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Իրինա Սուխիին, Անդրեյ Յահորաուին և Ստանիսլավ Հուսակովային: «Մենք նաև հայտարարություն ենք ընդունել և տարածել` կոչ անելով և միջազգային հանրությանը սատարելու մեզ այդ հարցում, և մեր սեփական պետությունների կառավարությանը ակտիվ լինելու և պահանջելու մեր գործընկերների ազատումը», - հավելեց Հակոբյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները միաժամանակ Բելառուսի իշխանություններին կոչ են անում անհապաղ դադարեցնել բռնությունները։ «Բոլորս հավաքվել ենք` պահանջելու ազատ արձակել թե մեր գործընկերներին, կոնկրետ 3 անձանց մասին է խոսքը, բայց նաև բոլոր մնացած ձերբակալվածներին, ապօրինի կալանավորվածներին` քաղբանտարկյալներին ըստ էության ի դեմս այս 3-ի, բայց նաև մնացածին, այսինքն` չենք սահմանափակվում այս 3-ով բնականաբար: Ընդհանրապես աննախադեպ դաժանություն և ապօրինությունների շարք է տեղի ունենում հիմա Բելառուսում, Լուկաշենկոն քանի գնում է, այնքան կտրվում է իրականությունից», - նկատում է «Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:

«Իշխանությունը կլսի, չի լսի, դա հարյուրերորդական հարցն է, պատկերացրեք` հիմա 100 հազար մարդ եթե տեսնի, որ փոքրիկ Հայաստանում մի խումբ մարդիկ հավաքվել են և աջակցություն են հայտնում, դա մեծ օգնություն է, կարևորը դա է, որ այդ մարդիկ մենակ չեն, աշխարհում էլի կան մարդիկ, որ իրենց հասկանում են և իրենց հետ են», - շեշտում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Բելառուսի իշխանությունններին նրանք հորդորում են նաև կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի ու նրա ներկայացուցիչների հետ: «Շատ դժվար է անտարբեր մնալ Բելառուսում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ», - իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշում է՝ Հայաստանում այդ ամենի միջով մեկ անգամ արդեն անցել են, ասում է՝ իշխանությունները պետք է արձագանքեին Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին. - «Շատ լավ կլիներ, եթե արձագանքեր, դա կլիներ այն ցուցիչը, որ մենք ինչ արժեքներ ենք կրում և ինչ արժեքների ենք համակրում, բայց չեմ կարծում, որ Հայաստանն այն ժողովրդավարական ուղիներն է անցել լիարժեքորեն, որ հիմա իշխանությունները ևս միանային այս բողոքի ակցիաներին: Եվ եթե իշխանությունը շնորհավորել է Լուկաշենկոյին, կարծում եմ` դրանից հետո չէր կարողանա բողոքի ակցիային միանալ կամ աջակցեր հենց քաղաքացիական հասարակությանը»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ բողոքի ակցիան նաև նպատակ ունի ցույց տալ միջազգային հանրությանն ու ու հենց բելառուս ժողովրդին, որ պաշտոնական Երևանի կարծիքը Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են կիսում. - «Մտահոգում է այն, որ պաշտոնական Երևանը, որը նաև ժողովրդավարության բաստիոնն է համարվում, անվանվում պաշտոնյաների կողմից, շատ լուռ է վերաբերվում նրան, ինչ որ տեղի է ունենում Բելառուսում, առավել ևս որ մեզ դա ծանոթ իրավիճակ է, մեզ մոտ այդ աստիճանի տեռոր, իհարկե, չի եղել, բայց բավականին ծանոթ իրավիճակ է, և այս իշխանության ներկայացուցիչներին ծանոթ իրավիճակ է»:

Բելառուսի նախագահական ընտրություններից հետո երկրում արդեն մեկ ամսից ավելի է՝ բողոքի ակցիաները չեն դադարում, այս ընթացքում հազարավոր բելառուսցիներ են ձերբակալվել, ու հարյուրավորները` կալանավորվել։ Իրավապաշտպանները բարձրաձայնում են՝ կալանավայրում նրանք բռնության ու կտտանքների են ենթարկվել, առնվազն երեք ցուցարար զոհվել է: Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները նաև Հայաստանի իշխանություններին կոչ են անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրել։ Հայաստանն անցած տարի ընտրվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ. «Հայաստանի իշխանությունները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամի բարձր կարգավիճակում պարտավոր են վերահաստատել իրենց նվիրումը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեհամակարգին՝ ազատ ընտրություններին, բռնություններից և հալածանքներից զերծ լինելու իրավունքին, մարդու այլ հիմնարար ազատությունների անբեկանելիությանը»:

Հայտարարություն կոչը շուրջ 2 տասնյակի հասնող հասարակական կազմակերպությունների ու մի շարք քաղաքացիների ստորագրությամբ այսօր արդեն փոխանցել են կառավարությանն ու Արտաքին գործերի նախարարությանը։ Բելառուսի դեսպանատնից այսօր որևէ կերպ չարձագանքեցին շենքի մոտ հավաքված քաղհասարակության ներկայացուցիչներին։

XS
SM
MD
LG