Քվորում չլինելու պատճառով այսօր առավոտյան նշանակված Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող հարցի քննություն էր: Քոչարյանը և առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռ անցած տարվանից դիմելով ՍԴ՝ խնդրել են որոշել Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը:
Սահմանադրական դատարանում քվորումի խնդիր կա, քանի որ հունիսի 26-ին ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց դադարեցվել են ՍԴ 9 դատավորներից 3-ի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները: Իսկ այլևս միայն ՍԴ դատավորի կարգավիճակ ունեցող Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են:
ՍԴ մեկ այլ դատավոր Վահե Գրիգրոյանի դեպքում էլ, այս հարցի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշում կա, քանի որ մինչև ՍԴ դատավոր ընտրվելը Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն էր, և ՍԴ-ն գտել է, որ «նա կանխակալ վերաբերմունք ունի դատավարության մասնակիցների նկատմամբ»:
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը թարմացրել է դեռևս անցած ամառ Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումը, որով պահանջում է մյուս չորս դատավորների վերաբերյալ ևս նման որոշում կայացնել։ Ըստ դիմումի, դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը չեն կարող մասնակցել Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դիմումների քննությանը։
«Հրայր Թովմասյանի մասով լրացվել է այն, որ նա ընդդիմազերծ շփումներ է ունեցել Արամ Օրբելյանի հետ, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։ Մինևնույն ժամանակ նաև Հրայր Թովմասյանի պաշտպանն է հանդիսանում Միհրան Պողոսյանը, ով հանդիսանում է էս գործով Յուրի Խաչատուրովի պաշտպանը, և ըստ էության, նա ևս հանդես է գալիս դիրքորոշումներով, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրությանը։ Սա մյուս կողմի ներկայացուցչի հետ ընդդիմազերծ շփման վկայություն է»:
Դատավորներ Խաչատրյանի, Թունյանի, Պետրոսյանի դեպքում որպես հիմնավորում Եգորյանը ներկայացնում է դրվագներ նրանց կենսագրությունից․ - «Նույն Աշոտ Խաչատրյանի մասով, երբ նա աշխատում էր Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում, նույնը Արայիկ Թունյանի մասով, ով աշխատում էր այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի իրավաբանական վարչությունում։ Արևիկ Պետրոսյանը, ով հանդիսանում էր փոխնախագահը Ազգային ժողովի և մասնակցել է Մարտի 1-2-ի իրադարձությունների քաղաքական գնահատականին, կողմ է քվեարկել այդ գնահատականին։ Սրանք ուղիղ այնպիսի հանգամանքներ են, որոնք բացառում են այս անձանց՝ որպես դատավո հանդես գալու հնարավորությունը, որպես անկողմնակալ, անաչառ և անկախ լինելու որևէ պատրանք ունենալ հնարավոր չի»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 5-ի դեպքում Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի քննությանը մասնակցության անհնարինության հարց է բարձրացվում, իսկ մյուս 4 դատավորներից 3-ի մինչև աշուն նոր միայն պետք է առաջադրվեն։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն, դատավորի մասնակցության անհնարինության որոշման համար անհրաժեշտ են դատարանի երկու երրորդի, այսինքն՝ 6-ի ձայները։ Ուստի Սահմանադրական դատավորներից միայն 3-ի վերաբերյալ է հնարավոր նման որոշում կայացնել։
Ինչ վերաբերում է իր դիմումի ժամկետներին ու ձևաչափին, Եգորյանն ասում է, թե Սահմանադրական դատարանը դա պետք է անի հնարավորինս արագ։
Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, որ Եգորյանը դատավարական կողմ չէ ր դիմում-միջնորդություն ներկայացնելու իրավասություն չունի․ - «Սահմանադրական դատարանում դատավարության կողմ հանդիսանում է բացառապես դիմողը, պատասխանողը կամ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ ներգրավված այլ մասնակիցները։ Նման դիմում կարող ենք ներկայացնել մենք, կարող է ներկայացնել Ազգային ժողովը։ Հետաքրքիր է, եթե նման հարց է, բա Ազգային ժողովը ինչի՞ միջնորդություն չի ներկայացնում։ Եվ ամենակարևորը, Սահմանադրական դատարանի դատավորների նիստին մասնակցելու անհնարինության հարցը որոշվում է վարույթ ընդունելու պահին»: