Սահմանադրական դատարանի վաղվա նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը:
Հուլիսի 3֊ին Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը և խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև տալ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Ազգային ժողովի դիմումը դեռ չի քննարկվել, կքննարկվի առաջիկա աշխատակարգային նիստի ընթացքում: Ղազարյանը չբացառեց, որ եթե մինչև վաղվա նիստի մեկնարկը ՝ 11:00-ն, աշխատակարգային նիստ չլինի, երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի քննությունը կկազմակերպվի առանց ԱԺ-ի հետաձգման վերաբերյալ դիմումի քննության. – «Պետք է ՍԴ աշխատակարգային նիստ լինի: Սահմանադրական դատարանը ցանկացած պահի իրավասու է հրավիրել աշխատակարգային նիստ և կայացնել համապատասխան որոշումներ: Մենք պրակտիկայում ունեցել ենք գործեր, որ գործը նախատեսված է եղել քննության, դրանից մի քանի րոպե առաջ դատարանը աշխատակարգային նիստ է գումարել և որոշում է կայացրել գործի քննության ժամկետը հետաձգելու վերաբերյալ: Դա դատարանի իրավասության հարցն է, ես չեմ կարող դա ասել»:
Նա հավելեց, որ եթե Սահմանադրական դատարանը աշխատակարգին նիստ չգումարի, որոշում չկայացնի, ապա Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը արդեն դրված է օրակարգում, ուստի դատարանը պետք է անցնի գործի քննությանը:
Հունիսի 26-ին ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց Հրայր Թովմասյանը այլևս ՍԴ նախագահը չէ, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցվել են: Այդ փոփոխությունների ընդունումից հետո Հրայր Թովմասյանը և ևս մեկ ՍԴ դատավոր՝ Արևիկ Պետրոսյանը արձակուրդ մեկնեցին։ Ստացվում է, որ 9 դատավորներից 5-ը բացակայում են։ ՍԴ աշխատակազմի ղեկավարը սակայն պնդում է, թե սա դեռ չի նշանակում, որ վաղվա նիստին քվորում չի լինելու. – «Քվորումի հետ կապված հարցը որոշվում է նիստի պահին` կախված նրանից, թե քանի դատավոր է ներկայանում նիստին»:
Հարցին, թե ինչպես է կարգավորվում արձակուրդի մեջ գտնվող դատավորի նիստին մասնակցել-չմասնակցելու հարցը, Ղազարյանը պատասխանեց. – «Արձակուրդի մեջ գտնվող դատավորը կարա ներկա չլինի, բայց կարա նաև արձակուրդից գա և մասնակցի նիստին: Յուրաքանչյուր դատավոր ինքն է որոշում նիստին իր մասնակցությունը: Մենք պրակտիկայում ունեցել ենք դատավոր, որ մեկ տարի Սահմանադրական դատարանի ոչ մի նիստի չի մասնակցել, և ես նախապես տեղյակ չեմ եղել դրա մասին, չեն հետաքրքրվել դրանով: Մենք փաստն ենք արձանագրում, թե նիստին ովքեր են մասնակցում»:
Խորհրդարանից դեռևս չեն հայտնում, թե արդյոք Սահմանադրական դատարանից որևէ արձանգանք ստացել են, թե ոչ:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը անհիմն է համարում Ազգային ժողովի՝ նիստը հետաձգելու մասին դիմումը։ Պնդում է՝ սա գործընթացը ձգձգելու միտում ունի:
Ի դեպ, Քոչարյանի պաշտպանները հետ էին վերցրել իրենց դիմումը, սակայն նույնը չէր արել դատավոր Դավիթ Գրիգորյանը, ինչը նշանակում է, որ ՍԴ-ն պետք է քննի սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը։
Հովհաննես Խուդոյան. – «Համենայն դեպս, հաստատ պատասխանողի ներկայացուցիչները, այն անձինք, ովքեր աշխատում են, էն մասնագիտական կարողություններն ունեն, որ էդ ժամկետի կարիքը չունեն»:
ՍԴ դատավորների 3 թափուր տեղերի համար թեկնածուները պետք է առաջադրվեն 2 ամսվա ընթացքում՝ մինչև օգոստոսի 27֊ը: Թեկնածուներ առաջադրելու են Կառավարությունը, Հանրապետության նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Թեկնածուներ առաջադրող մարմինները իրենց հավանական թեկնածուների մասին փակագծերը չեն բացում։
ՍԴ դատավորներից Վահե Գրիգորյանը Ազատության «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման եթերում կարծիք հայտնեց, որ ՍԴ-ի այս նոր կազմում որևէ քաղաքական իշխանություն չունի և չի կարող ունենալ գերիշխանություն:
Մինչև ՍԴ դատավոր ընտրվելը Վահե Գրիգրոյանը Մարտի մեկի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն էր և կա Սահմանադրական դատարանի որոշում այն մասին, որ դատավոր Վահե Գրիգրոյանը չի կարող մասնակցել այս գործի քննությանը, քանի որ «նա կանխակալ վերաբերմունք ունի դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում»: