Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլի» առաջարկած փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում


Ազգային ժողովն այսօր ընդունեց ապրիլի 5-ին նշանակված, բայց հետաձգված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու որոշումը:

Նախագիծն ընդունվեց 81 կողմ ձայնով: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում:

Հանրաքվեն չեղարկելու օրենսդրական հիմքերը ստեղծվեցին հունիսի 22-ին «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխություններով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյան. – «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր հարցերը դրա լեգիտիմության, իրապես ժողովրդից ստացած լեգիտիմության առումով մենք հնարավորություն ունենալու ենք դեռ արձանագրենք մեծ սահմանադրական փոփոխություններով: Ուստի ուղղակի արձանագրեմ, որ մենք չեն հրաժարվել էն մտքից, որ հանրաքվեն իրոք լավագույն ճանապարհն ա: Բայց էն մարդիկ, ովքեր հարցնում են, թե ինչի էս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երևի ուղղակի տեղյակ չեն Հայաստանի Հանրապետությունում ինչ է կատարվում»:

Չեղարկված հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով իշխող մեծամասնությունը որոշեց սահմանադրական ճգնաժամը լուծել ԱԺ լիազորությունների շրջանակներում և հունիսի 22-ի նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին:

Այդ փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Այսօր արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։

Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովին:

Նախագիծը ներկայացրեց Սուրեն Գրիգորյանը. - «Եթե հերթականությունները պահպանվեն գործող խմբագրությամբ ինչպես սահմանված է, այն է` Հանրապետության նախագահ, Դատավորների ընդհանուր ժողով և Կառավարություն, կխախտվի ըստ էության Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի այն պահանջը, որ առաջադրող երեք սուբյեկտները երեքական թեկնածու են առաջադրում»:

Ըստ փոփոխությունների, ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու․ - «Այն կենսաթոշակը, որը օրենքով նախատեսվում է այն դատավորների համար, ում լիազորությունը դադարել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի, եթե չեմ սխալվում, առաջին կետով` լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով»:

Պատասխանելով Հովիկ Աղազարյանի հարցին` Գրիգորյանը հստակեցրեց, որ ՍԴ նոր նախագահ կընտրվի դատավորների երեք թափուր տեղերը լրացնելուց հետո միայն. – «Ենթադրվում է, որ էն անձը, ով պետք ա ընթացիկ բնականոն գործունեությունը ապահովի, այդ թվում` դատավորների, ճիշտ կլինի լեգիտիմության տեսանկյունից, որպեսզի ընտրվի հենց իրենց կողմից»:

Նախագիծը նույն օրվա ընթացքում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց 80 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Փաթեթին դեմ էր ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Այն մասին, որ մենք ունեցել ենք ոչ թե Սահմանադրական դատարան, այլ դրա անվան տակ գործող հանցավոր խումբ, վերջին օրերին հրապարակավ խոստովանել են նաև Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահն ու նրա օգնականը` հայտարարելով, թե Սահմանադրական դատարանում կա մեծամասնություն: Ասել է թե, մենք ունեցել ենք ոչ թե Սահմանադրական դատարան, այլ մեծամասնություն կազմող մարդկանց խմբակ, որոնք զբաղված են եղել պահի իշխանության հանցավոր հրահանգների կատարմամբ, կեղծված ընտրությունների օրինականացմամբ, մարդկանց հետապնդումների, կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումների, բռնաճնշումների ակտերի լեգալացմամբ», - հայտարարեց Բաբաջանյանը:

XS
SM
MD
LG