Մատչելիության հղումներ

ՍԴ-ում Քոչարյանի դիմումի քննության նշանակումը հուլիսի 7-ին է՛լ ավելի ակնհայտ է դարձնում ճգնաժամը, շեշտում է Բադասյանը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն արդեն այսօր՝ հնարավորություն տալով խորհրդարանի խոսնակին հրապարակել հունիսի 22-ին ընդունված սահմանադրական փոփոխությունները: Ըստ այդմ՝ Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, դատարանի 9-հոգանոց կազմից կհեռանան այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է:

Երեկ Սահմանադրական դատարանը նիստ չանցկացրեց, չփոխեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության օրը: Նախկին նախագահի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության քննությունը Սահմանադրական դատարանը սկսելու է հուլիսի 7-ին:

Ինչպե՞ս կընթանա քննությունը այս փոփոխությունների ֆոնին՝ նաև այս հարցի շուրջ է զրուցել Կարլեն Ասլանյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո հուլիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարանը կկարողանա՞ քննել, հատկապես եթե Վահե Գրիգորյանը չմասնակցի, մնում են 5 դատավորներ:

Ռուստամ Բադասյան. – Ես չեմ կարող ասել՝ քվորում կլինի, թե ոչ, սակայն կուզեի անդրադառնալ այդ հարցին, որովհետև, իմ կարծիքով, նմանատիպ որոշումները ևս թույլ են տալիս որոշակի եզրահանգումներ անել դատարանում առկա ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտության մասին արդեն պոստ ֆակտում նաև, որովհետև կասեցումից գործը հանելու պրոցեսը, բնականաբար, շատ բնական է, բայց երբ որ նիստ է նշանակվում հուլիսի 7-ին, դրանով չգիտեմ անկախ դատական մարմինը ինչ ազդակ է ուղարկում, որովհետև եթե ՄԻԵԴ համապատասխան ակտ կա և կա Վենետիկի հանձնաժողովի իրավական դիրքորոշում, դրանք պետք է թարգմանվեն, կողմերը պետք է հնարավորություն ունենան իրենց դիրքորոշումները ներկայացնելու Սահմանադրական դատարանին՝ Կառավարությունը, Ազգային ժողովը, մյուս կողմը, այսինքն՝ էս իրավիճակում նշանակել նիստ, օրինակ, հուլիսի 7-ին՝ ակնհայտորեն, կարծում եմ, ևս շատ լուրջ խնդրի մասին է վկայում: <...> Այս կոնտեքստում է՛լ ավելի ակնհայտ է դառնում ճգնաժամի իրողությունը:

«Ազատություն». – Այսինքն՝ ազդակ, որ «դուք մեզ եք բան ասում, մենք էլ, ահա, այս խաղաթուղթը կօգտագործենք և կվերաբացենք վարույթը»:

Բադասյան. – Ես, կարծում եմ, բավարար չափով մեկնաբանեցի, որ ինքնին ամսաթվի նշանակումը հուլիսի 7-ին, կարծում եմ, իր մեջ ինչ-որ ազդակ է պարունակում, և դա լավ նորություն չէ անկախ դատական իշխանության տեսանկյունից:

«Ազատություն». – Դուք համաձա՞յն եք իրավապաշտպանների հետ, որ, այնուամենայնիվ, սա կիսատ լուծում է, որովհետև Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել՝ թեկուզ որպես դատավոր, տասը տարին էլ դեռ կարող է աշխատել, նա կարող է պահպանել իր ազդեցությունը դատարանի անդամների վրա, ի վերջո, 6-ից 5-ը դատարանում ճգնաժամ չեն տեսնում, և նրանք կարող են էլի միավորել ուժերը, ինչ-որ գործընթացներ վիժեցնել, դեմարշ անել, և այլն:

Բադասյան. – Ես կարծում եմ՝ ոչ այն պատճառով, որը որ Դուք նշեցիք կամ իրավապաշտպաններն էին նշել, որ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարելը, ես բազմաթիվ պատճառներով տեսնում եմ, որ դատական համակարգում համալիր բարեփոխումների, այսինքն՝ բազմապիսի գործողությունների համալիրի անհրաժեշտություն կա, որը որ դատաիրավական ռազմավարությամբ սահմանված է: Ես շատ եմ կարևորում այս առումով բոլոր դատական ատյանների բոլոր դատավորների գույքային դրության արդյունավետ ստուգման մեխանիզմների իրագործումը նաև իրական կյանքում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG