Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն անհնար են համարում ՍԴ 4 դատավորների մասնակցությունը Քոչարյանի գործի քննությանը


Փաստաբան Տիգրան Եգորյան, արխիվ
Փաստաբան Տիգրան Եգորյան, արխիվ

Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ «ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ», - այսօր Ֆեյսբուքում տեղեկացնում է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների և այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաև Յ․ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով,

Իրենց գործին մասնակցող և/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու և գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ», - գրում է Եգորյանը՝ հիշեցնելով, որ գործի քննությունը նշանակված է այսօր ժամը 11-ին:

Երեկվա դրությամբ Սահմանադրական դատարանը դեռ չէր քննարկել Հայաստանի երկրորդ նախագահին առնչվող գործի քննությունը հետաձգելու մասին Ազգային ժողովի միջնորդությունը:

ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը խնդրել էր տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար:

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովի կողմից սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո՝ հունիսի 25-ին, երկրորդ նախագահի փաստաբանները հայտարարեցին ՍԴ-ից իրենց դիմումը ետ վերցնելու մասին:

XS
SM
MD
LG