Մատչելիության հղումներ

Ոստիկաններն արգելել են ՍԴ նախկին անդամ Հրանտ Նազարյանին մտնել Սահմանադրական դատարան


Սահմանադրական դատարանի (ՍԴ) դռներն այսօր փակվել են նախկին դատավոր Հրանտ Նազարյանի առջև։ Ոստիկաններն առավոտյան արգելել են շուրջ 25 տարի ՍԴ դատավոր աշխատած Նազարյանին անցակետից առաջ անցնել։

Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանեց՝ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են հունիսի 26-ից։ Սա նշանակում է՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների՝ Հրանտ Նազարյանի, ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցված են։ Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել ՍԴ: Կարող են մուտք գործել շարքային քաղաքացիների համար նախատեսված ընթացակարգով՝ ժամկետային անցաթղթով և հատուկ թույլտվությամբ։

Հրանտ Նազարյանի հետ կապվել չհաջողվեց։ Իսկ Ալվինա Գյուլումյանն այս որոշումը անօրինական է համարում. - «Որևէ օրինական հիմք չունեն, կոնկրետ արվածը իրավաչափ չի»:

Ալվինա Գյուլումյանն ասաց՝ այս շաբաթ Սահմանադրական դատարան չի գնացել, դժվարացավ ասել՝ Հրանտ Նազարյանի հետ կատարվածից հետո ինչպես կվարվի։ «Ես ի՞նչ եմ մտադիր, ոչինչ ասել չեմ կարող», - ասաց նա:

Գյուլումյանը չցանկացավ այլ հարցերի պատասխանել։ Անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր՝ չի պատրաստվում առճակատել ոստիկանների հետ կամ պայքարել նիստերին մասնակցելու համար, գնալու է խախտված իրավունքների հետքերով մինչև Եվրոպական դատարան։ Գյուլումյանը պնդել էր՝ իր լիազորությունները դադարեցված կարող են համարվել, եթե Սահմանադրական դատարանի մասին օրենքում էլ համապատասխան հիմքեր ստեղծվեն։

Հրանտ Նազարյանն էլ ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր՝ սահմանադրական փոփոխություններն իրականացվել են իր իրավունքների խախտմամբ:

«Իհարկե, արվելու են համարժեք քայլեր մեր ակնհայտ խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Չմանրանամ, թե որ իրավունքն է խախտվել, որ դեպքում է խախտվել, ես ասացի՝ սուբյեկտիվ իրավունքը, դատավորի անկախության չափանիշներն են խախտվել, որոնք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) շրջանակներում են և Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված դատավորի անկախության չափանիշները, այսինքն՝ բազմաթիվ են դրանք», - ասել է Նազարյանը:

Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ նախագահի պաշտոնում դադարել է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը։ Նա կշարունակի պաշտոնավարել դատավորի կարգավիճակում։ Այս փոփոխություններից հետո նոր ձևավորվող կազմում կշարունակեն աշխատանքը Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Աշոտ Խաչատրյանը։ Վերջինս որպես տարիքով ավագ դատավոր ժամանակավորապես ստանձնել է բարձր դատարանի նախագահի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունը։

Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են, ինչի պատճառով քվորում չի ապահովվում նիստեր անցկացնելու համար։

Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր պաշտոններում առաջադրումները կսկսվեն երկամսյա ժամկետում։

XS
SM
MD
LG