Մատչելիության հղումներ

Փաստաբան. ՍԴ անդամները պետք է քրեորեն հետապնդվեն, եթե շարունակեն այս ապօրինությունը


Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ սահմանադրական փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են մտած, և սա այլևս իրողություն է: Նաև հիշեցնում է` այս հարցում առկա է եղել լայն կոնսենսուս:

Ներկայացնում ենք հատվածներ Լուսինե Հակոբյանի հետ հարցազրույցից.

Լուսինե Հակոբյան.- Սահմանադրական փոփոխություններն այսօրվանից ուժի մեջ են մտած, և սա այլևս իրողություն է: Նաև ցանկանում եմ հիշեցնել, որ այս հարցում առկա է եղել լայն կոնսենսուս ժողովրդի վստահությունը վայելող իշխանության մարմինների միջև` հանրապետության վարչապետի, հանրապետության Ազգային ժողովի, որը մեծամասնությամբ ընդունել է այդ փոփոխությունները, և հանրապետության նախագահի միջև: Ավելին` առկա է կոնսենսուս բոլոր ժողովրդարավարական ուժերի միջև նաև այս հարցում, և որ ամենակարևորն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից այս փոփոխությունները ընդունելի են և հիմնված են նաև հասարակական պահանջի վրա: Եվ լեգիտիմ պառլամենտի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները չճանաչելն ուղղակիորեն հանցագործություն է: Ես կարծում եմ, որ այս փաստի գիտակցումն ուղղակի շատ կարճ ժամանակի հարց է:

«Ազատություն». - Երբ ասում եք հանցագործություն, դա նշանակո՞ւմ է, որ կարող է նաև իրավական հետևանք առաջացնել, եթե Ալվինա Գյուլումյանն այսօր ներկայանա աշխատանքի և ասի` ոչ, ես դատարանի անդամ եմ:

Լուսինե Հակոբյան. - Ալվինա Գյուլումյանի համար իրավական հետևանք կարող է առաջացնել դա, երբ նա որպես Սահմանադրական դատարանի նախագահ-դատավոր ընդունի որևէ իրավական ակտ, որովհետև այսօրվանից սկսած նրա լիազորությունները որպես Սահմանադրական դատարանի անդամ դադարեցված են: Եթե Ալվինա Գյուլումյանն այս փաստի հետ ունի անհամաձայնություն, նա պետք է իրեն հասու իրավական ընթացակարգերով վեճ հարուցի և սպառելուց [հետո] իրավական պաշտպանության միջոցները, եթե անհրաժեշտություն լինի, ինչպես ինքն էր մատնանշում, դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սա է իրավական ճանապարհը իր անհամաձայնությունը հայտնելու: Եվ ի վերջո ի՞նչն է խնդիրը, չէ՞ որ նախկինում Ալվինա Գյուլումյանը և ՍԴ մյուս անդամները բազում անգամներ կայացրել են որոշումներ և ի լուր աշխարհի հայտնել են, որ եթե այդ որոշումներից կան դժգոհներ, ապա նրանց հասու են իրավական պաշտպանության միջոցները` ներպետական միջոցները սպառելուց հետո մարդիկ կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միջազգային այլ ատյաններ և այլն: Եվ ի՞նչն է խանգարում, որ հիմա իրենք այդ նույն եղանակով հետամուտ լինեն իրենց իրավունքների պաշտպանությանը, եթե գտնում են, որ իրենց իրավունքները խախտվել են:

«Ազատություն». - Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք այս իրավիճակի հանգուցալուծումը Դուք պատկերացնում, որովհետև նրանք հաշվի չեն նստում այս փոփոխությունների հետ:

Լուսինե Հակոբյան.- Դատարանակազմական լիազորություններ ունեցող մարմինները, որպիսիք են հանրապետության նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը, պետք է արագ և կարճ ժամկետներում կատարեն նոր առաջարկը, և Ազգային ժողովը պետք է ընտրի նոր դատավորներ: Սա է հանգուցալուծումը: Իսկ այս անդամներին իրենց հետագա այս ապօրինի գործունեությունը շարունակելու պարագայում պետք է ենթարկել քրեական հետապնդման:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG