Մատչելիության հղումներ

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում կքննարկի սահմանադրական փոփոխությունների նախագիծը


Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճը, արխիվ
Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճը, արխիվ

Ազգային ժողովի խորհրդի նիստ է կայացել, և որոշել են այսօր ժամը 13-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացրել են իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորներ: Օրինագծով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի (ՍԴ) այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, ինչպես նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը, իսկ նոր նախագահ կընտրեն ՍԴ դատավորները՝ թափուր տեղերը համալրելուց հետո միայն:

Նախագծի հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանի 2015 թվականի Սահմանադրության ոգուն:

Ըստ էության, այս նախագիծը գալիս է փոխարինելու հանրաքվեի դրված, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված սահմանադրական փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ դադարեցվում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս վեց դատավորների լիազորությունները:

XS
SM
MD
LG