Մատչելիության հղումներ

ՌԴ դատախազությունը հայկական կողմին դեռևս չի ներկայացրել Միհրան Պողոսյանի արտահանձնումը մերժելու հիմքերը


Ավելի քան մեկ ամիս ի վեր Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայկական կողմին հստակ հիմքեր չի ներկայացնում, թե ինչու է մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը։

ՌԴ գլխավոր դատախազությունը միջնորդությունը չէր բավարարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները: Դրանցով նախատեսված են այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հանձնման միջնորդությունը քննարկող կողմի, այս դեպքում Ռուսաստանի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Ռուսաստանյան կողմը այլ մանրամասներ չէր ներկայացրել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, Ռուսաստանի իշխանությունները Միհրան Պողոսյանին և մյուս հետախուզվող նախկին պաշտոնյաներին չեն արտահանձնում Հայաստան, քանի ռուսաստանյան կողմը ժամանակին անօրինական գործակցության մեջ է եղել նույն այդ պաշտոնյաների հետ․ - «Իրենք, բնականաբար, իրենց հաճախորդների շահերը պետք է պաշտպանեն և նրանց անվտանգությունը պետք է ապահովեն: Եվ դրանց թիվը կարող է գնալով ավելանել: Եվ մենք տեսնում ենք անթաքույց աջակցությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Կրեմլի ամենաբարձր ղեկավարության կողմից»:

Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին սեպտեմբերի 20-ին մեղադրանք առաջադրվեց նաև փողերի լվացման հոդվածով։ Ըստ Հատուկ Քննչական ծառայության, Միհրան Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրությանն իր մասնակցությամբ ձեռք բերված 1 միլիոն 190 հազար դոլարի ծագման իրական աղբյուրը:

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

«Մեղադրյալների չարտահանձնելը նաև ուղղակի քաղաքական ուղերձ է Հայաստանի իշխանություններին, որ ամենևին էլ նպատակ չունեն չխոչընդոտելու Հայաստանում արդարադատության իրականացմանը», - նշեց Սաքունցը:

Փողերի լվացումը Քրեական օրենսգրքի երրորդ հոդվածն է, որով Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է նեգրավվել: Ըստ Հատուկ քննչական ծառայության, ԴԱՀԿ ծառայության նախկին պետը պաշտոնավարման տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ապրիլին ՀՔԾ-ն միջնորդել էր դատարանին՝ Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այն բավարարվել է:

Պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում են հետախուզվող ևս երկու հայաստանցի նախկին պաշտոնյաներ: Մարտի 1-ի քրեական գործով անցնող, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը, ըստ փաստաբանի, իր հորդորով չի վերադառնում Հայաստան։ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը նույնպես հետախուզվում է. նա Ռուսաստանի քաղաքացիություն ունի և ռուսաստանյան կողմը այդ հիմքով դեռ անցած տարի մերժել է նրան արտահանձնելու դիմումը:

Այս առնչությամբ Սաքունցն ասաց․ - «Եթե մենք համեմատենք նաև հետխորհրդային տարածաշրջանում անցած երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ապա կտեսնենք, որ ժողովրդի կողմից մերժվածները կամ պետական հեղաշրջման արդյունքում իշխանությունից զրկվածները միշտ որպես ապաստարան հանգրվանում են կա՛մ Կրեմլում, կա՛մ Մինսկում»:

Հետախուզվողների թվում է նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը, ում գտնվելու վայրը հայտնի չէ։ Նա վերջերս մեղադրյալ է ներգրավվել «Հյուսիս-հարավի» քրեական գործով փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար: Սարգսյանը հետախուզվում էր դեռ անցած տարվանից մեկ այլ քրեական գործով՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար: Նրան կալանավորելու որոշում կա։

Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ հետախուզվող Նարեկ Սարգսյանն էլ անցած տարի դեկտեմբերին հայտնաբերվեց Չեխիայում։ Ըստ Գլխավոր դատախազության՝ նրա հանձնման գործընթացը դեռ շարունակվում է։ Նա մեղադրվում է մի քանի հոդվածով։ Իրավապահները Սարգսյանին պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր:

Ոչինչ հայտնի չէ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գտնվելու վայրի մասին, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

Բուժման նպատակով հունվարից Գերմանիա էր մեկնել ու մինչ օրս չի վերադարձել «կաշառք ստանալուն օժանադակելու» համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը: Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ Մայրապետյանին գրություն էին ուղարկել նախատեսված բուժումն ավարտելուց հետո մինչև հոկտեմբերի 15-ը ողջամիտ ժամկետում վերադառնալ և ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG