Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն թույլատրեց Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից. փաստաբան


Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ
Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։

Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն։

Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր անձնագիրը, սակայն օրենքի համաձայն՝ մեղադրյալ Մայրապետյանը չէր կարող հեռանալ Հայաստանից առանց ՀՔԾ թույլտվության, քանի գործարարի նկատմամբ գրավ է կիրառված:

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից:

Գործարարին «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել: Չհրապարակելով, թե ինչ գործի շրջանակում է մեղադրվում Մայրապետյանը` ՀՔԾ-ն հայտարարում է, որ խոսքը խոշոր չափերի՝ ավելի քան 2 միլիարդ դրամին համարժեք մոտ 7 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքի մասին է։

Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG