Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանին չարտահանձնելը քաղաքական որոշում է․ Արա Ղազարյան


Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով Ռուսաստանը, մերժելով արտահանձնել նախկին իշխանության ներկայացուցիչ, մեղադրյալ Միհրան Պողոսյանին առանց որևէ իրավական պատճառաբանության, կայացրեց ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում և դրանով իսկ ցույց տվեց, որ ոչ բարեխիղճ ձևով է կիրառում այն կոնվենցիան, որը վկայակոչել է մերժման տեքստում։

«Պարզ է, որ սա քաղաքական որոշում է՝ Միհրան Պողոսյանին չտալը: Որովհետև իրավական հիմքերը թույլ են: Ուրիշ բան, եթե Միհրան Պողոսյանը հետապնդվեր իր քաղաքական գործունեության համար, կամ իր հայացքների համար, կամ իր կրոնական համոզմունքի համար և լիներ անխուսափելի վտանգ, որ այստեղ կենթարկվեր խոշտանգումների կամ արդարադատությունը մատչելի չէր լինի», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Արա Ղազարյանը՝ շարունակելով․ - «Բայց բոլորս հասկանում ենք, որ նման հիմքեր չկան: Նշանակում է, եթե Ռուսաստանը մերժել է, ուրեմն կարելի է միայն փնտրել քաղաքական նպատակահարմարություն»:

Անցած շաբաթավերջին Հայաստանի գլխավոր դատախազությունը հրապարակեց ամիսներ առաջ Ռուսաստանի դատախազությանը հղած իր դիմումի պատասխանը։ Ըստ այդմ, Ռուսաստանը հնարավոր չի համարում նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելը՝ նրան քրեական հետապնդման ենթարկելու համար։ Ռուսական իրավապահները արտահանձնման մերժման համար հիմք են ընդունել «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշում է՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործող այս կոնվենցիայի 19-րդ հոդվածը կողմերի միջև ապահովում է իրավական օգնություն տրամադրելը կոնկրետ քրեական գործի շրջանակում, օրինակ՝ իր տարածքում քննչական գործողություն անցկացնելուն կամ փորձաքննություններ կատարելուն, բայց Հայաստանը նման խնդրանքով չի դիմել Ռուսաստանին։ Մյուս կողմից, ռուսաստանցի իրավապահների մերժմանը պետք է հետևեր մանրամասն պատճառաբանություն, ինչը չի արվել։ Արա Ղազարյանը շեշտում է՝ ռուսական իշխանությունները Պողոսյանին կարող էին չարտահանձնել մեկ այլ՝ փախստականի կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա և միակ հիմք կարող էին համարել այն, որ անձը ունի բավարար չափով հաստատված երկյուղ՝ վերադառնալու իր հայրենիք։ Այս մերժումն իր հերթին նշանակում է՝ Ռուսաստանը բավարարված է համարել Պողոսյանի դիմումը, որ ինքը երկյուղ ունի վերադառնալու, որովհետև այստեղ կա՛մ կենթարկվի խոշտանգումների, կա՛մ խտրականության, կա՛մ արդարադատության տրամադրման մատչելիության առերևույթ խախտման, հավելում է Արա Ղազարյանը։

«Գուցե միտումնավոր նման անորոշ հոդվածի վրա են վկայակոչել, որովհետև գործը թույլ է, բոլորս էլ գիտենք, որ Միհրան Պողոսյանի ապաստանի դիմումը Ռուսաստանին թույլ էր, որովհետև իրականում նա այստեղ չի հետապնդվում իր հայացքների համար կամ իր գործունեության համար: Հետապնդվում է քրեական հիմքերի առկայության պայմաններում», - նշեց իրավաբանը:

Ռուսաստանի կողմից վկայակոչված կոնվենցիայի համապատասխան հոդվածը սահմանում է՝ «Իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը կարող է մերժվել, եթե նման օգնության ցուցաբերումը կարող է վնաս պատճառել հարցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը, կամ հակասում է նրա օրենսդրությանը»:

Ռուսաստանն այդպես էլ իր մերժման նամակում չի մանրամասնում, թե Պողոսյանին Հայաստանի իրավապահներին հանձնելը ինչպես կարող է վնասել իր ինքնիշխանությունը, անվտանգությունը կամ էլ խախտել իր օրենսդրությունը։

Հայաստանի գլխավոր դատախազությունը շտապեց հայտարարել՝ ռուսական իրավապահները կոնկրետ որևէ հիմք չեն ներկայացնում, թե ինչու են մերժում Հայաստանին հանձնել մեղադրյալ Միհրան Պողոսյանին։ Այդ իսկ պատճառով Հայաստանի դատախազությունը Ռուսաստանի գործընկերներին առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

Արա Ղազարյանի կարծիքով Ռուսաստանի մերժմանը պետք է հետևի քաղաքական լուծումը՝ Հայաստանը կարող է կիրառել նույնը՝ այդ երկրի խնդրանքի դեպքում։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակից Միհրան Պողոսյանից բացի Ռուսաստանում են գտնվում նաև նախկին իշխանության այլ ներկայացուցիչներ՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու նույն գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որը մեղադրվում է ապացույցները կեղծելու մեջ։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ կհետևեն հետագա գործընթացներին և հետո գնահատականներ կհնչեցնեն Ռուսաստանի այս վարքագծի վերաբերյալ։ - «Հայաստանը Ռուսաստանի հետ ունի նաև համապատասխան համաձայնագիր ու ես չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքը դարձնել Հայաստանում քրեական գործերով դատապարտված, դատապարտվող, կասկածյալ մարդկանց ապաստան։ Ինձ թվում է՝ դա մեր հարաբերություններին չի համապատասխանում և չի բխում մեր իրավական, պայմանագրային բազայի հիմքից», - ասել էր Իգիթյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նման դիրքորոշումը կրում է քաղաքական բնույթ և որ Մոսկվան փորձում է Միհրան Պողոսյանի հարցը առևտրի առարկա դարձնել։

Հիշեցնենք ըստ ՀՔԾ հաղորդագրության 2011 թվականին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերություններ: Վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ է տրամադրել այդ ընկերություններին, և 2014-ին հենց իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր։ Ըստ այդմ, պետական բյուջեի հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից այդ կազմակերպությանը վճարվել է ավելի քան 43 միլիոն դրամ։

Բացի օֆշորային սկանդալից, Պողոսյանն, ըստ իրավապահների, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին ԴԱՀԿ ծառայությունում պաշտոնների է նշանակել:

Նրանք, սակայն, աշխատանքի չեն գնացել, բայց Պողոսյանի իմացությամբ ստացել են ավելի քան 44 միլիոն դրամ աշխատավարձ։

Մեղադրանքի մասին հայտարարությունից հետո մամուլում տարածվեց նաև Պողոսյանի գրասենյակի հաղորդագրությանը, որով նա քրեական գործը որակում է «շինծու և կարված»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG