Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանի արտահանձնման համար իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը․ դատախազություն


Միհրան Պողոսյանը խորհրդարանում, արխիվ
Միհրան Պողոսյանը խորհրդարանում, արխիվ

Իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար: Ինչպես «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից, այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին:

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) երեկ հաղորդեց, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել Ռուսաստանի իրավապահների կողմից, նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է։

Ըստ ՀՔԾ-ի, Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Օրերս իրավապահները խուզարկություն էին իրականացրել Միհրան Պողոսյանի առանձնատանը։ Իրավապահների գործողության ընթացքում տարածվել էր նախկին պաշտոնյայի գրասենյակի հայտարարությունը, որում ասված էր. - «Ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում»։

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017-ին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG