Կարելիայի փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին, ում ռուսական մամուլը ներկայացնում է որպես Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի փաստաբան, «Ազատության» հարցին ի պատասխան ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց շրջանառվող տեղեկությունը, թե Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել։
Յամչիտսկին միայն ասաց, որ իրեն որպես փաստաբանի արգելել են որևէ մեկնաբանություն տալ այս թեմայով, և ինքն էլ՝ փաստաբանական էթիկայից ելնելով, զերծ կմնա որևէ մեկնաբանությունից։
Ըստ Հատուկ քննչական ծառայության, Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Ավելի վաղ Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի հանրապետությունում և ձերբակալվել։
Տե՛ս նաև այստեղ