Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, նրան կոնկրետ արարք է մեղսագրվում. գլխավոր դատախազ


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում, նրան կոնկրետ արարք է մեղսագրվում, պնդում է Հայաստանի գլխավոր դատախազը:

«Կոնկրետ արարք է մեղսագրվում, կոնկրետ արարք, որը համադրվել է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի», - պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսօր Ազգային ժողովում հայտարարեց Արթուր Դավթյանը։

Նախկին պաշտոնյաներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով Մարտի 1-ի գործն ուղարկվել է դատարան: Հնարավո՞ր է արդյոք, որ հենց գլխավոր դատախազը պաշտպանի մեղադրանքը, Արթուր Դավթյանը չբացառեց. «Կարող եմ լինել ես, կարող է լինել հսկող դատախազ»։

11 տարի քննվող Մարտի 1-ի գործից անցած տարվա հեղափոխություններից հետո դեռ միայն 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող մասն է առանձնացվել և մտել դատարան: Իսկ ի՞նչ փուլում է նախաքննությունը մասնավորապես 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

«Նոր տեղեկություններ կամ նոր ապացույցներ որոշակի ձեռք բերվել են այդ հանգամանքների վերաբերյալ, նաև՝ զոհերի հետ կապված, բայց դրանք դեռևս բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի որպես մեղադրյալ ներգրավել որևէ անձին, այսինքն՝ մեղսագրել մահ կամ մահերը որևէ անձի», - նշեց գլխավոր դատախազը։

«Ազատություն». - «Չերյոմուխա»-ի հետ կապված է՞լ հիմա հնարավոր չէ նշել որևէ մեկին։

Դավթյան. - Դեռևս ոչ մեկին։ Նոր քննություն իրականացվում է, բայց մեղադրանք որևէ մեկին դեռևս այդ դրվագով առաջադրված չի։

«Ազատություն». - Ինչ-որ ժամկետ կարո՞ղ եք ասել՝ մոտավորապես ինչքա՞ն կտևի։

Դավթյան. - Նախաքննությունը չունի ժամկետներ։ Սա իրավական կարգավորում է և սա ունի շատ հստակ տրամաբանություն, որովհետև ապացույցների ձեռքբերման գործընթացը երբեմն նաև անսահմանափակ գործընթաց է։ Երբ ձեռք են բերվում այդպիսի ապացույցները, դրանցով իրականացվում է վարույթներ։

Գլխավոր դատախազը կարծում է՝ այս գործի քննության արդյունքում արդարությունը կվերականգնվի. «Սա բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու։ Դուք կտեսնեք մեր Երրորդ հանրապետության ժամանակվա, նվազագույնն ասեմ, երեք նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, պաշտոնատար անձինք նախկին և ներկա։ Ինչն եմ կարևորում՝ որ այս 11 տարվա ընթացքում, Մարտի 1-ի դեպքերից հետո, ամենատարբեր շշուկներն ու մեկնաբանություններն արվել են, հիմա էլ են արվում, բայց սա շատ կարևոր է, որ հրապարակային դատաքննությամբ մեր հանրությունը կտեսնի։ Յուրաքանչյուրի հայտնած տեղեկությունները և, պայմանականորեն ասեմ, ինքն էլ իր համար գնահատականներ ունենա այդ իրադրության համար։ Ես առիթ ունեցել եմ ասելու՝ կլինեն հատվածներ, բայց դրանք փոքր հատվածներ են, որոնք դռնփակ կլինեն, բայց որպես կանոն դուք կլսեք մարդկանց ցուցմունքները հրապարակային»։

Լրագրողների հարցին՝ աղմկահարցույց բացահայտումներ կլինե՞ն, պատասխանեց. «Մի բան առաջարկեմ՝ այդ աղմկահարույցից մի քիչ սկսեք խուսափել»։

«Ազատության» այն հարցին, թե կվերականգնվի՞ արդարությունն, իր կարծիքով, արձագանքեց. «Իհարկե»։

Ինչ վերաբերում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործին, ապա, ըստ գլխավոր դատախազի, հայաստանցի իրավապահները զբաղվում են արտահանձնման գործընթացով, սակայն այն կարող է երկար՝ ամիսներ տևել, հատկապես եթե անձը դիմել է քաղաքական ապաստան ստանալու համար: Ավելի վաղ Միհրան Պողոսյանի պաշտպանը չէր հերքել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան Ռուսաստանում քաղաքական ապաստան է խնդրել: Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

«Էքստրադիցիոն գործընթացի իրականցման ընթացքում էքստրադիցիայի ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ այս գործընթացը գաղտնի գործընթաց է», - նշեց Դավթյանը։

Գլխավոր դատախազը չի ընդունում քննադատությունը, թե իրենց թերացման ու դանդաղկոտության պատճառով է կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյան հեռացել Հայաստանից ու գուցե քաղաքական ապաստան հայցել Ռուսաստանից: Նման քննադատություն վերջերս հնչեցրել էր «Լուսավոր Հայաստան»-ը: Դիտարկմանը՝ իրենց բացթողման արդյո՞ւնքը չեն համարի, եթե քաղաքական ապաստան խնդրի, և դա մեծ ամոթ է Հայաստանի համար, Դավթյանն արձագանքեց. «Քաղապաստան խնդրելը ոչ մեկի համար ամոթ չէ։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ դանդաղում են, ուրեմն՝ իրավապահ մարմինները գործում են օրենքով իրենց վրա դրված լիազորությունների շրջանակներում»։

Նախկին պաշտոնյայի կողմից այլ երկրում քաղաքական ապաստան խնդրելը Արթուր Դավթյանը երկու տեսանկյունից է մեկնաբանում՝ որպես գլխավոր դատախազ և որպես մարդ։ «Որպես գլխավոր դատախազ ես արդեն ասացի՝ յուրաքանչյուրի իրավունքն է դա, բարոյական առումով՝ անընդունելի եմ համարում», - ընդգծեց Դավթյանը։

Հարցին՝ ստացնում է, որ նա կարող է խուսափե՞լ պատասխանատվությունից, պատասխանեց. «Այդպիսի փորձեր անում են գրեթե բոլոր հետախուզվողները, բայց դրանցից, ամեն դեպքում՝ իմ գործունեության ընթացքում, դեռ չի եղել դեպք, որ այդ ճանապարհով որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG