ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Կոնվենցիայի վերը նշված հոդվածը նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հանձնման միջնորդությունը քննարկող կողմի, այս դեպքում Ռուսաստանի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:
Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ Հայաստանի գլխավոր դատախազությունը ռուս գործընկերներին առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների մասին։
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հույս ունի, որ հարցը տեխնիկական է․ «Հայաստանը Ռուսաստանի հետ ունի նաև համապատասխան համաձայնագիր ու ես չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքը դարձնել Հայաստանում քրեական գործերով դատապարտված, դատապարտվող, կասկածյալ մարդկանց ապաստան։ Ինձ թվում է՝ դա մեր հարաբերություններին չի համապատասխանում և չի բխում մեր իրավական, պայմանագրային բազայի հիմքից»։
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Պողոսյանի մեղադրանքը բացառապես իրավական դաշտում է, ասում է պատգամավորը՝ հիշատակելով, որ առաջին անգամը չէ, որ երկրները դիմում են միմյանց նման արտահանձնումների առաջարկով։
«Ամենակարևորը՝ Ռուսաստանն էլ է հասկանում, որ այս գործը չպետք է նախադեպ դառնա մեր հարաբերությունների մեջ։ Եթե մենք, այդպես ասած, բաց սահման ունենք Ռուսաստանի հետ և ունենք դաշնակից երկրի, ռազմավարական դաշնակցի հետ կապված համապատասխան հարաբերություններ, ես չեմ կարծում, որ այդ հարաբերությունը կասկածի տակ դնելու համար Ռուսաստանը պատրաստ է քրեական հոդվածով կասկածյալներին իր մոտ պահի», - նշեց Իգիթյանը։
Ռուսաստանում է գտնվում նաև Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Պատգամավորը զուգահեռները ճիշտ չի համարում, քանի որ ինչպես պարզվել է, Հայաստանի նախկին պաշտպանության նախարարը ՌԴ քաղաքացի է և այս դեպքում այլ իրավահարաբերություններ են գործում: Միևնույն ժամանակ Իգիթյանը նշում է՝ իր անձնական կարծիքով Ռուսաստանը պետք է արտահանձնի թե՛ Միքայել Հարությունյանին, թե՛ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, թե՛ առավել ևս Միհրան Պողոսյանին: Ռուսաստանի քայլերի մեջ քաղաքական ուղերձներ փորձում է չտեսնել, ասում է՝ եթե հարցը իրավական լուծում չստանա կանի նաև քաղաքական հայտարարություն։
«Մենք՝ պատգամավորներս նաև կհետևենք այս գործընթացին և արդյունքից համապատասխան կանենք համապատասխան հայտարարություններ և եզրակացություններ», - ընդգծեց պատգամավորը։
Մինչդեռ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է՝ հարցը բացառապես քաղաքական տիրույթում է, կարծում է, որ Ռուսաստանը փորձում է Միհրան Պողոսյանի հարցը առևտրի առարկա դարձնել։
«Համարում եմ, որ սա էն գործընկերային հարաբերությունը չէր, եթե Վահագն Հարությունյանին և Միքայել Հարությունյանին անվերապահորեն Ռուսաստանը աջակցում էր, ապա Միհրան Պողոսյանի դեպքում դա այնքան էլ պարզ չի։ Անկեղծ ասած չգիտեմ ինչու էր պետք Ռուսաստանին Միհրան Պողոսյանը», - նշեց Ալեքսանյանը։
Հիշեցնենք ըստ ՀՔԾ հաղորդագրության 2011 թվականին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերություններ: Վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:
Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ է տրամադրել այդ ընկերություններին, և 2014-ին հենց իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր։ Ըստ այդմ, պետական բյուջեի հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից այդ կազմակերպությանը վճարվել է ավելի քան 43 միլիոն դրամ։
Բացի օֆշորային սկանդալից, Պողոսյանն, ըստ իրավապահների, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին ԴԱՀԿ ծառայությունում պաշտոնների է նշանակել:
Նրանք, սակայն, աշխատանքի չեն գնացել, բայց Պողոսյանի իմացությամբ ստացել են ավելի քան 44 միլիոն դրամ աշխատավարձ։
Մեղադրանքի մասին հայտարարությունից հետո մամուլում տարածվեց նաև Պողոսյանի գրասենյակի հաղորդագրությանը, որով նա քրեական գործը որակում է «շինծու և կարված»։