Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյան հետապնդվում է «պարզունակ քրեական հանցագործության համար»


Իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը չգիտի՝ Ռուսաստանը կտա՞ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան, թե՞ ոչ, բայց Պողոսյանի դիմումն աբսուրդ է որակում՝ ասելով, որ նա քաղաքականությամբ երբեք չի զբաղվել:

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, Հանրապետական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտնաբերվեց Ռուսաստանում և կալանավորվեց: Մինչ հայ իրավապահները զբաղված են նրա արտահանձման հարցով, նրա փաստաբանը չի հերքում, որ Հայաստանի արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել։

«Առնվազն նա քաղաքականության հետ որևէ կապ չունի, որպեսզի նրան քաղաքականապես հետապնդեն: Նա հետապնդվում է շատ պարզունակ քրեական հանցագործության համար՝ աշխատողներ ընդունելու ԴԱՀԿ-ում, նրանց աշխատավարձ տալու, բայց այդ աշխատողները երբեք չեն եկել աշխատանքի: Որևէ քաղաքականություն չկա՝ եթե, իհարկե, մնացած գործերն էլ չբացվեն՝ կապված օֆշորի հետ, կապված բիզնեսների հետ, որոնցով նա զբաղվել է պաշտոնյա լինելու ժամանակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Գևորգյանը:

Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյան

Իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի վերաբերմունքը Պողոսյանի քայլին բացասական է․ - «Այդ ամենին վատ եմ վերաբերվում: Ամենևին ցանկալի բան չէ, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, պետական գաղտնիքի կրողը որոշ իմաստով, քաղաքական ապաստան է խնդրում մյուս երկրից»:

Միքայել Մելքումյան
Միքայել Մելքումյան

«Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում Պողոսյանի գործում և քաղաքական ապաստան խնդրելը չի ողջունում․ - «Արձանագրենք, որ քաղաքական ապաստան խնդրելը ընդհանրապես լավ երևույթ չի: Անձամբ ես չեմ գտնում, որ այստեղ քաղհալածյալի խնդիր մենք կարող ենք քննարկել: Իրավական հարթությունում է, սպասենք դեպքերի ընթացքին, առաջ չանցնենք»:

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

​Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչով էին զբաղված իրավապահները, երբ Պողոսյանը լքում էր Հայաստանը․ - «Մի տարի է, գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվի: Մեր նախաքննության մարմինները այնքան սպասեցին, որ այդ մարդուն տարան առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարողանան բռնե՞լ: Բա ի՞նչ բանի էիք, երբ որ էդ մարդը գնաց, ի՞նչ բանի էիք, որ Բուլկի Արամը գնաց: Ինձ այդ հարցն է հետաքրքրում: Իսկ որ մարդը արդեն գնացել է, կարա դիմի: Գոնսալեսը Պրագայում է դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվող է, Ռոդրիգոսը Մոսկվայում է դիմում, Խոսե Իգնասիոն էլ, ասենք, կարա Մեքսիկայում դիմի»:

Մարուքյանը կարծում է, որ հեղափոխության դեմ սաբոտաժ է իրականացվում․ - «Մարդկանց թողնում են, գնում ա, հետո սկսում են ման գալ էդ մարդկանց: Էդ ի՞նչ ձև ա: Իմաստն էն ա, որ դեռ բավականին մարդիկ կան, որ ծառայում են հենց էդ մարդկանց: Բա որ ասում էինք՝ ազատվեք Սերժ Սարգսյանի կադրերից, ինչի՞ էինք ասում: Այ սրա համար, որ էս մարդիկ չգնան: Դա սաբոտաժ ա հեղափոխության դեմ»:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը, հեգնանքը չթաքցնելով, հույս է հայտնում, որ ռուսական իշխանությունները Պողոսյանին չեն տա քաղաքական ապաստան․ - «Հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա՝ կարծում եմ, որ նրան չեն տա քաղաքական ապաստան: Բայց եթե տվեցին, դա կնշանակի, որ քրեական հետապնդում չենք կարող իրականացնել այդ մարդու նկատմամբ: Առոք-փառոք կապրի, Ռուբլյովկայում տուն կառնի իրա համար, այնտեղից էլ ձեր վրա կծիծաղի»:

Միհրան Պողոսյանի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հավաստիացրին, թե երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Պողոսյանը լքում էր Հայաստանը, չէին կարող կանխել, քանի որ նա ո՛չ մեղադրյալ էր, ո՛չ կասկածյալ, անգամ նրան առնչվող քրեական գործ չի քննվել:

Հարցին՝ Ռուսաստանը կարո՞ղ է Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրել-չտրամադրելու հարցը դարձնել Հայաստանի հետ սակարկելու առիթ, Բաբկեն Թունյանը պատասխանեց․ - «Չեմ կարծում: Բայց ինձ այդ հարցի մասնագետը չեմ համարում: Չեմ էլ ուզում այնպիսի հարցերի պատասխանել, որոնց պատասխանները, ինձ թվում է, ես ձեզնից լավ չգիտեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG