Գիտական, ակադեմիական կառույցներում միասնական դիրքորոշում չկա Ամուլսարի շահագործման հարցում: Երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանը նախ շեշտում է, որ հանքի ուսումնասիրություններում իրենք ներգրավված չեն եղել, և հավելում՝ այն ինչ պլանավորում է «Լիդիան» ընկերությունը, նոր մշակույթ է հանքարդյունաբերության մեջ:
«Իրոք պետք է բոլոր հանքավայրերը այսպիսի ստանդարտի բերվեն», ֊ ասում է Սահակյանը:
Նախորդ տարի վարչապետի հրամանով ստեղծվել էր հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված վիճակն ուսումնասիրող հանձնախումբ։ Երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը ներգրավված էր այդ աշխատանքներում, ասաց՝ անդրադարձել են միայն Ամուլսարին և ինքը տվել է դրական եզրակացություն։ Նա համոզված է՝ հանքի շահագործման ռիսկերը հնարավոր է չեզոքացնել։
«Կան կառավարման նոր մեթոդներ, որոնցով հնարավոր է այդ ռիսկերը կրճատել, հասցնել նվազագույնի», ֊ ասում է Սահակյանը, ֊ «Այսինքն՝ սա ավելի շատ քաղաքական խնդիր է։ Եթե պետությունը կարիք ունի տնտեսական հզորացման, եթե դա նպաստելու է Հանրապետության տնտեսության զարգացմանը, միանշանակ պետ է հանքավայրը շահագործվի»։
Երկրաբանական գիտությունների թեկնածուն, այնուամենայնիվ, զրոյական ռիսկի մասին չի խոսում, նա շեշտում է, որ հանքի շահագործման հսկողությունն ու մոնիթորինգը պարտադիր են։ Միևնույն ժամանակ, Լիլիթ Սահակյանը հավատում է, որ «Լիդիանը» կարողանալու է մեղմել հիմնական ռիսկը. ապարների թթվային դրենաժը՝ ջրերի աղտոտումը․ ֊ «Էդ ռիսկը կա, էդ ռիսկը կառավարելի է ըստ «Լիդիանի» հաշվետվությունների: Ես հավատում ե, քանի որ կա նման փորձ»:
Հակառակ կարծիքն ունի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը. Սեյրան Մինասյանը երկու տարի առաջ 8 էքսպեդիցիա է իրականացրել Ամուլսարում, նմուշները Բրիտանիա է ուղարկել իզոտոպային քննության, ասում է՝ ստացված պատասխանները «Լիդիանից» շատ տարբեր չեն, բայց եզրակացությունն է այլ. գիտնականը ոչ մի կասկած չունի, որ Որոտան ֊ Արփա գետերի էկոհամակարգը խիստ կտուժի և վստահ է՝ ջրերի աղտոտումը հնարավոր չի լինի կառավարել։ ֊ «Աստիճանաբար այդ ազդեցությունը կմեծանա և մենք, որպես անաղարտ վիճակի Որոտան և Արփա գետեր՝ կկորցնենք այդ գետերը, թունելն էլ կփլվի», ֊ ասում է Մինասյանը։
Սեյրան Մինասյանի կարծիքով թունելում փոխվելու է ջրերի քիմիական որակը և ավելանալու է դրենաժի ծավալը, որը անհետևանք չի կարող մնալ։
Գիտնականը զարմանում է, երբ լսում է ջրերի կառավարման խոստումներ, ասում է՝ լինի վերջին, թե նախավերջին տեխնոլոգիան, կա ֆիզիկա ու կա քիմիա՝ ջուրը կաթեց, պիտի ներքև գնա․ բուն հանքավայրի տարածքում՝ մոտ 600 հեկտարի վրա նստող փոշին անձրևի, ձնհալի, վարարման ժամանակ կներհոսի Արփա ու Որոտան գետեր, սեզոնային ու մշտական վտակներում կդառնա նստվածք:
«Իսկ ո՞նց եք պատկերացնում, որ համարյա 2000 հեկտարի վրա արդյունաբերական գործունեություն եք իրականացնում, ու այդ ամեն ինչը ծածկում եք, պահում եք... չկա նման բան, գոյություն ունի ռեալ բնություն, բնական պրոցեսներ։ Ուզո՞ւմ եք տեսնել ինչ կլինի այդ հատվածի հետ 5֊8 տարի հետո՝ հիմա գնացեք Ստեփանավան՝ Արմանիս, նայեք՝ հետ եկեք», ֊ հավելում է նա։
Հանքը բացվեց՝ միջավայրի աղտոտումն անխուսափելի է, պնդում է Սեյրան Մինասյանը։ Բարեբախտաբար, չի կարծում, որ աղտոտումը Սևան էլ կհասնի, հույս ունի՝ Կեչուտի ջրամբարը կկանխի դա։ Գիտնականը հորդորում է խոստումներին չհավատալ, հիշեցնում է հայաստանում բոլոր հանքերն են շահագործվել ու քայքայել բնությունը՝ շրջակա միջավայրին վնաս չհասցնելու գրավոր խոստումներով․ ֊ «Թույլ տվեք չհավատալ․․․ ուղղակի, եթե կառավարությունը որոշել է, որ պետք է աշխատի, ուրեմն պատասխանատվությունը կառավարության վրա է»:
«Հանքավայրի ազդեցությունը կենդանական ու բուսական աշխարհի վրա». այս հարցերով զբաղվել ու «Լիդիանի» հետ համագործակցել են Ակադեմիայի կենդանաբանության ու բուսաբանության ինստիտուտները։ Կենդանիների առումով՝ ինստիտուտում խնդիր չեն տեսնում, գորշ արջն է, որ կտեղափոխվի Ամուլսարի չշահագործվող հատված:
Բուսաբանության ինստիտուտի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշի ստորագրությունը բազմաթիվ փորձաքննական փաստաթղթերի ներքո է։ Նա չի կարծում, որ հանքի շահագործումը անթույլատրելի է, թեպետ մի թիվ ունի՝ այստեղ 100 քառակուսի մետրի վրա 100֊ից ավելի բուսատեսակ կա, այս թվում՝ Կարմիր գրքից: Հանքավայրի տարածքում է աճում ու ծաղկում Կարմիր գրքում գրանցված, անհետացող՝ պոտենտիլլա պորֆիրանտա ֊ մատնունի ծիրանավորը, նրա ամենամեծ պոպուլյացիան է Ամուլսարում։ Կառավարությունը մի քանի տարի առաջ տեղ հատկացրեց, «Լիդիանն» էլ ֆինանսավորեց, որ ծաղիկը տեղափոխվի: ֊ «Բնությունում դա աճում է քարերի ճեղքերում», ֊ մանրամասնում է մասնագետը:
Բուսաբանության ինստիտուտում փորձում են բույսի համար հարմար պայմաններ ստեղծել, հրաբխային քարեր են բերել սարից, բայց քաղաքում պորֆիրանտան լավ չի զգում, փոխարենը բույսը շատ լավ աճում է Սևանում:
Կարինե Ջանջուղազյանը «Լիդիանի» կրթաթոշակով Քեմբրիջում այս բուսատեսակի առանձնահատկություններն է ուսումնասիրել, ասում է բույսը Սևանում կփրկվի․ ֊ «Բույսերի որոշ մաս տեղափոխվել է, փոքրիկ քարապարտեզներ են ստեղծվել, ինչպես նաև բույսերի որոշ մաս աճեցվում է ջերմատանը՝ ծաղկամանների մեջ»:
Գերոգի Ֆայվուշը հանքի շահագործմանը դեմ չէ, ասում ՝ եթե չշահագործվի, ով կֆինանսավոր ի որ ծաղիկը հետ՝ Ամուսար տարվի։ Իսկ ծրագրերը թղթի վրա այսպիսին են. հանքը շահագործվի, փակվի՝ բույսը պետք է վերադառնա 50 միլիոն տարվա բնօրրան։