Մատչելիության հղումներ

«Մեր ընդերքը կորզող ներդրումները թող իրենց պահեն». ՔՈ կուսակցության անդամ


Ամուլսարի հանքի շահագործման թեման ամենաքննարկվողներից է մնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ հետազոտություններն ասում են, որ շրջակա միջավայրին վնաս չի հասցվելու: Բնապահպաններն էլ պայքարում են հանքի շահագործումը թույլ չտալու համար՝ նշելով կործանարար հետևանքների մասին:

«Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն է «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Տնտեսության մասին․ դուք համոզեք մարդկանց, որ եթե այդ հանքը փակվի, դա շատ վատ նախադեպ չի լինի ներդրումների, Հայաստանի միջազգային վարկանիշի համար, կամ որ դա Կառավարության ձեռքին գործիք չի դառնա՝ վաղը, մյուս օրը այլ մասնավոր տեղեր մտնելու համար:

Միքայել Նահապետյան․ - Էդ ներդրումների մասին երբ որ խոսում ենք, ես ուզում եմ հասկանամ՝ ով է այդ սարսափները տարածել, որ Հայաստանում ներդրումներ չի լինի, ու հիմա նայում եմ՝ մեր գործընկերները կառավարող ուժի էդպիսի լալահառաչ ինչ-որ վախենալու բաներ են պատմում, որ՝ «վայ, Հայաստանում ներդրումներ չեն լինի»:

Ես ասում եմ, որ վերջին չորս տարիների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների կեսից ավելին եղել են հանքարդյունաբերության և հարակից ոլորտներում, և էս սպառնալիքը, որ «ձեր մոտ ներդրումներ մենք այլևս չենք անի», հնչում է մոտավորապես էսպես․ - «Այ, եթե դուք թույլ չտաք, որ մենք գանք ձեր մոտ թունավոր հանքեր բացենք, մենք այլևս սպառնում ենք չգալ ձեր մոտ և թունավոր հանքեր չբացել»: Թող իրանց պահեն իրանց ներդրումները, որոնք մեր ընդերքը կորզում են, մեզ դարձնում են հումքային կցորդ էն երկրների համար, ովքեր բարի բաներից են խոսում, իրենց երկրում կրթությունն են անվճար փորձում դարձնել, իրենց երկրում առողջապահությունն են ապահովագրում, և այլն, և այլն, և այլն: Թող էդ մարդիկ մեր հաշվին իրանց կյանքը հոգալու փոխարեն մտածեն գործընկերության մասին:

Իսկ Կառավարությունը, եթե մտածում է ներդրումների մասին, թող ընդհանրապես գործընկերներին պարզաբանի, թե որտեղ է ակնկալում էդ ներդրումները: Որովհետև չորս ոլորտի անուն էր նշված նախորդ Կառավարության ծրագրում՝ միակ իրական դաշտը, որտեղ օտարերկրացին ներդրում կանի, դա հանքարդյունաբերությունն էր: Նոր Կառավարությունը ջնջել է հանքարդյունաբերությունը ու ալտերնատիվ չի առաջարկել: Թող տնտեսական քաղաքականության տեսլականի մասին մտածեն, էդ տեսլականը ներկայացնեն, որ օտարերկրյա մեր գործընկերները նայելիս էս Կառավարության տնտեսական ծրագրին՝ չմտածեն, որ էս ամեն ինչի մեջ փող դնելը կազինոյի նման մի բան է՝ կամ կհանես, կամ՝ չէ:

Ու էս վիճակը նրանից է գալիս, ես բառացի եմ ասում, մարդիկ չեն հասկանում և մեզ փոխանցում են էդ մտահոգությունները՝ արտասահմանցի մեր գործընկերները, որ իրենք չեն հասկանում, թե էս Կառավարությունը որտեղ է ներդրում ակնկալում, և էն, ինչ հասկանալի է եղել ու շահութաբեր, դա եղել է հանքարդյունաբերությունը: Եվ էս է եղել պատճառը, որ երբ որ Հայաստանում «Լիդիան Արմենիա»-ին սիրել, փայփայել և ամեն հնարավոր ձևով աջակցել են, մեկ է՝ Հայաստանում այլ ոլորտում ներդրումները չեն ունեցել էն ծավալները, որոնք ունեցել են հանքարդյունաբերության ոլորտում:

«Ազատություն»․ - Իսկ գիտե՞ք այդ մի քանի տասնյակ ցուցարարները մեծամասնություն են, թե ոչ:

Միքայել Նահապետյան․ - Այնտեղ մի քանի տասնյակ ցուցարարների մասին չէ խոսքը, այնտեղ խոսքը Ջերմուկ քաղաքի բնակչության մասին է:

«Ազատություն»․ - Որտեղի՞ց դա գիտեք:

Միքայել Նահապետյան․ - Իմ գնահատականն է այն ամեն ինչին, ինչ ես տեսել եմ երեկվա ընթացքում․ փողոցներում մարդիկ շատ զգայուն են ու ճանաչում են այն մարդկանց, ովքեր երբևէ աջակցություն են հայտնել Ամուլսարի դեմ մղվող պայքարին: Այդ մարդիկ ամեն կերպ փորձում են մասնակցել այս գործընթացներին: Երեկ անհրաժեշտություն առաջացավ քննարկում հրավիրելու և ընդամենը երկու ժամում հրավիրված քննարկման ժամանակ դպրոցի դահլիճը լեփ֊լեցուն էր կանանցով և տղամարդկանցով, ովքեր հավասարապես ելույթ էին ունենում և հարցեր էին տալիս այս գործընթացի վերաբերյալ: Երեխաները կանգնած են Ամուլսարի «պոստեր» կոչվող տարածքում և մասնակցում են այս գործընթացին, կանայք մասնակցում են այս գործընթացին:

Կոչ եմ անում, որ մարդիկ, ովքեր այս խնդրի վերաբերյալ հիմա կառավարում են իրականացնում, հանկարծ չտրվեն գայթակղությանը՝ Սերժ Սարգսյանի հրապարակ բերած 7 տոկոսների տրամաբանությամբ շփվելու, որովհետև իրականում հանրությունը, Ջերմուկի հանրությունը շատ զուսպ է արտահայտվում այս խնդիրների հետ կապված, որովհետև նրանք ունեն վստահություն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրենց կամքը սպասարկելու է, արդարացնելու է և որոշումը լինելու է այդպիսին:

Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է․ այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները:

Երկուշաբթի օրը բնապահպանները և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչները հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Երբ ցուցարարները փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, իրավապահները ուժ կիրառեցին՝ վերականգնելով երթևեկությունը, և բերման ենթարկեցին ցուցարարներից 6-ին:

Նույն օրը երեկոյան վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության եզրակացությունը Կառավարության աշխատակազմն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն պարզելու՝ «արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

ՔՈ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG