Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ինչպես ավելի վաղ մեկնարկած զինված խմբի մյուս 14 անդամների գործով դատական նիստերի ժամանակ, այս դեպքում ևս մի շարք սանկցիաներ կիրառեց։
Դատավորը 6 ժամով նիստերի դահլիճից հեռացրեց 18 մեղադրյալներից 15-ին՝ ոտքի չկանգնելու համար։ Դատարանի նիստերի դահլիճից չհեռացվեցին անցած ամռանը գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած 3 անդամները՝ Արամ Մանուկյանը, Թաթուլ Թամրազյանը և Հովհաննես Հարությունյանը, դատավորի խոսքով՝ վիրավոր լինելու պատճառով:
«Սասնա ծռերի» գործով դատավարություններն անցնում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Երկու գործերն էլ քննում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Այս գործերն արտագնա քննելու պատճառը, ըստ Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության, ամբաստանյալների և տուժողների մեծաքանակությունն է:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նաև սանկցիաներ կիրառեց զինված խմբի անդամների 5 փաստաբանների՝ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի, Դավիթ Գյուրջյանի, Մոնիկա Մարգարյանի և Կարապետ Բադալյանի նկատմամբ: Վարույթ հարուցելու համար դատավորը դիմեց Փաստաբանական պալատ։
Սա զայրացրեց նիստերի դահլիճում գտնվող նրանց գործընկերներին, ովքեր պնդում էին, թե նույն կերպ դատավորը պետք է նիստերի դահլիճից հեռացնի նաև դատախազներին։ Դատական նիստի սկզբում 4 դատակազ կար նիստերի դահլիճում, օրվա վերջում նրանցից երկուսը չկային։ Ի պատասխան փաստաբանների՝ դատավորը հայտարարեց, թե նրանք իրենից թույլտվություն էին խնդրել։
Սա է՛լ ավելի զայրացրեց փաստաբաններին․ - «Մեզ չի՞ ուզում լսել դատարանը, թե մենք ինչ ենք ասում: Դատարանը չի ապահովում անվտանգությունը»:
Այսօրվա դատական նիստը լքած փաստաբանները հեռացել էին նիստերի դահլիճից՝ ի նշան բողոքի։ Նրանք պնդում են, որ դատավորը կողմնապահություն է անում, մյուս կողմից՝ գործը քննում է առանց որոշ փաստաբանների մասնակցության, որոնց կարգադրիչները թույլ չեն տալիս մուտք գործել նիստերի դահլիճ՝ զննությունից հրաժարվելու համար։
Փաստաբաններն անգամ միջնորդություն ներկայացրեցին դատարանին նիստը հետաձգելու մասին, դատավորը, սակայն, այն թողեց առանց քննության։
Փաստաբան Գրիշա Բալասանյանը հայտարարեց, թե Արտուշ Գաբրիելյանը չի կարող անաչառ լինել․ - «Պաշտպաններն արձանագրեցին, որ փաստաբաններից ոմանք հնարավորություն չունեն դատարանի դահլիճ մտնելու, որովհետև ապօրինաբար խուզարկում են փաստաբաններին: Մեր ներկայությամբ էլ ականատես եղանք, որ կոնկրետ Ինեսսա Պետրոսյանին թույլ չէին տալիս մտնել դատարանի դահլիճ: Մենք բարձրաձայնեցին էդ մասին, դատարանը հայտարարեց ընդմիջում 30 րոպե, որպեսզի ապահովեն փաստաբանների ներկայությունը: Դատավոր եկավ և մոռացավ, ավելի ճիշտ՝ մոռացության մատնեց փաստաբանների ներկայությունն ապահովելու խնդիրը: Եվ եկավ, սկսեց կիրառել սանկցիաներ»:
Այսօր ևս, ինչպես «Սասնա ծռերի» մյուս՝ 14 անդամների գործով նիստերի ժամանակ, որոշ փաստաբաններ հրաժարվեցին «խուզարկվել»։ Մինչդեռ կարգադրիչները շարունակում են պնդել, թե դա զննություն է։
Փաստաբան Հրանտ Գևորգյանի պնդմամբ՝ դատարանն անում է հնարավորը թե՛ ամբաստանյալներին, թե՛ նրանց փաստաբաններին հեռացնելու համար․ - «Կա՛մ մարտավարություն են ընտրել մեզ բոլորիս առանձին-առանձին դատարանի դահլիճից հեռացնել, հետո ամբաստանյալներին հեռացնել դատարանի դահլիճից, որպեսզի իրենք կարողանան ինքնուրույն «վճիռ» կայացնեն, կա՛մ իրենց նախապես պլանավորած մարտավարությամբ դատական քննություն անցկացնեն՝ փաստաբաններին համբերությունից հանելով, որպեսզի ինցիդենտներ գրգռեն»:
Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք-շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։