Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը վստահեցնում է՝ փաստաբաններին դատարանում խուզարկելու մասին հայտարարությունները որոշ փաստաբանների երևակայության արդյունքն են:
Այդպիսի դեպք, ըստ Փոլադյանի, չի եղել, քանի որ դատական կարգադրիչները դրա իրավունքը չունեն:
Այն, ինչ տեղի է ունենում «Սասնա ծռեր»-ի կամ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ժամանակ, ըստ Փոլադյանի, ընդամենը զննություն է, որի իրավունքը կարգադրիչներն ունեն, ըստ Դատական օրենսգրքի:
Փոլադյան. - Դատական կարգադրիչն, առաջին հերթին, իրավունք չունի խուզարկելու, և որևէ դեպքում, որևէ փաստաբանի, առավել ևս դատարան մուտք գործող որևէ անձի խուզարկության դեպք, կամ փորձ չի եղել։ Դա որոշ փաստաբանների երևակայության արդյունքն է, որ իրենց խուզարկում են։
«Ազատություն». - Ինչ-որ ասում են՝ «բացե՛ք դրամապանակը, որպեսզի պարունակությունը տեսնենք», դա խուզարկություն չի՞ դիտարկվում։
Փոլադյան. - Ես ծանոթ եմ Ձեր ասած դրամապանակի դեպքին, երբ որ դատական կարգադրիչն իրացրել է իր լիազորությունը՝ զննություն իրականացնելու, ձայնային ազդանշան է հանել այն սարքը, որը որ զննություն է իրականացրել, և կարգադրիչը կոնկրետ փաստաբանին առաջարկել է իր մոտից, կամ պայուսակից հանել այն իրերը, որոնք որ ձայնային ազդանշանի հիմք են հանդիսացել։ Ընդամենը խնդրել են փաստաբանին, առաջարկել են փաստաբանին վերացնելու այն ձայնային ազդանշանի հիմքը, որը որ տվյալ պարագայում պիտի անեին դատական կարգադրիչները։
«Ազատություն». - Փաստաբանը պնդում էր, որ ասել են՝ «բացի դրամապանակը»՝ ասելով, որ դա ստորացուցիչ է։
Փոլադյան. - Հարգելի՛ս, փաստաբանները պնդում են մինչ օրս, որ իրենց մենք խուզարկում ենք, և որոշ փաստաբաններ պնդում են, որ դա Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությունն է։ Ո՛չ, Դատական դեպարտամենտի ղեկավարն օրենքից դուրս հանձնարարություններ դատական կարգադրիչներին տալու ո՛չ մտադրություն ունի, ո՛չ էլ իրավասություն ունի և չի էլ տա։
«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ այդ դեպքում զննության չեք ենթարկում դատախազին, դատավորին։ Ինչո՞ւ նույն հավասար մոտեցումը չի ցուցաբերվում, որպեսզի խտրականության այդ զգացումը փաստաբանների մոտ ի հայտ չգա։
Փոլադյան. - Իսկ որտեղի՞ց Դուք գիտեք, որ մենք զննության չենք ենթարկում դատախազներին և դատավարության մյուս մասնակիցներին։ Դատարան մուտք գործող բոլոր անձինք, խոսքս տվյալ պարագայում վերաբերում է դատավարության մասնակիցներին, բոլորը զննության ենթարկվում են, այդ թվում՝ դատախազները՝ նույն ձև փաստաբանների աչքի առջև։
«Ազատություն». - Դուք պնդում եք, որ և՛ դատավորները, և՛ դատախազները բոլորը զննության ենթարկվո՞ւմ են։
Փոլադյան. - Եթե այդ հատվածը Ձեզ շատ կհետաքրքրի, կարող եք խնդրել պարոն Խաչատրյանին, պարոն Խաչատրյանը Ձեզ կտրամադրի անգամ տեսաձայնագրությունը, երբ որ դատախազները զննության են ենթարկվել, որպեսզի Ձեզ մոտ իսպառ վերանա այն թերահավատությունը, որը որ Ձեզ մոտ ձևավորվել է դատական կարգադրիչների գործունեության նկատմամբ։
Նշենք, որ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով փաստաբաններն ահազանգում են, որ դատական կարգադրիչները փորձում են ապօրինի կերպով իրենց խուզարկության ենթարկել: Մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով փաստաբաններից Արայիկ Պապիկյանը, խուզարկությունից խուսափելու համար երեկ դատարան էր գնացել առանց պայուսակի, սակայն այս դեպքում էլ, ըստ նրա, փորձել էին խուզարկել դրամապանակը, ինչն, ըստ փաստաբանի, պարզապես ստորացուցիչ է:
Աղմկահարույց գործերով պաշտպանություն իրականացնող փաստաբանները մտահոգություն ունեն, որ այս կերպ փորձ է արվում իրենց զրկել դատաքննությանը մասնակցելու հնարավորությունը, և այդ քաղաքական որոշումը իրականցվում է Դատական դեպարտամենտի միջոցով:
Ի դեպ, հենց Դատական դեպարտամենտի զեկուցագրի հիման վրա երեկ դատավորը սանկցիա կիրառեց փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ՝ զննությունից խուսափելու համար:
Դատական դեպարտամենտի նախագահը, մինչդեռ, վստահեցնում է՝ իր ղեկավարած մարմինը ապաքաղաքական է, և որևէ պարագայում քաղաքական գործընթացների մեջ լինել չի կարող:
«Փոխանակ ներկայանալու դատական նիստին և իրացնելու իրենց գործառույթները, չգիտես ինչու, տեխնիկական պատճառներից ելնելով՝ «իմ պայուսակը երկաթային հատված ունի, այդ պատճառով ծնգում է, և այլն, և այլն», չեն ներկայանում դատական նիստերին և դրանով իսկ խոչընդոտում են դատական նիստի բնականոն ընթացքը», - ասաց Փոլադյանը։
Նշենք, որ փաստաբանները, ինչպես նաև իրավապաշտպանները մեկ այլ խնդրի շուրջ նույնպես լուրջ մտահոգություններ ունեն: Մասնավորապես, կարգադրիչները գրանցում են Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր»-ի դատավարությանը մասնակցող քաղաքացիների անձնական տվյալները:
Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ այդ տվյալներն օգտագործելով, ոստիկաններն այցելում են քաղաքացիներին: Մինչդեռ Դատական դեպարտամենտի ղեկավարը վստահեցնում է՝ այդ տվյալները իրավապահներին չեն փոխանցում: Դատական կարգադրիչն, ըստ Փոլադյանի, ընդամենը իրացնում է օրենքով իրեն վերապահված իրավունքը՝ պարզել դատարան մուտք գործող ցանկացած անձի ինքնությունը։
«Ձեզ կարող եմ ասել ավելին, որ այդ տվյալները դատական նիստից հետո ոչնչացվում են և հավաստիացնում եմ բոլորին, որ որևէ մեկին այդ տվյալները չեն փոխանցվում։ Մենք ընդամենն իրացնում ենք մեր լիազորությունը՝ ապահովելու դատարանում գտնվող, տվյալ պարագայում, յուրաքանչյուր անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության իրավունքի ապահովումը, որևէ այլ նպատակ սրանք չեն հետապնդում», - ասաց Փոլանդյանը։