Մատչելիության հղումներ

Դիտորդներին չեն թույլատրել տեսակցել «Սասնա ծռեր» խմբի ծեծված անդամներին


Դատական նիստ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով, արխիվ
Դատական նիստ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով, արխիվ

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին չեն թույլատրել տեսակցել մարմնական վնասվածքներ ստացած՝ «Սասնա ծռեր» զինված խմբի 4 անդամներին։ Դիտորդական խմբի ղեկավար Արա Զալյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկում արգելքը պատճառաբանել են տեսակցությունները սահմանափակող կարգով՝ «ասացին, որ առկա է քննիչի կողմից կայացված որոշում տեսակցությունները սահմանափակելու վերաբերյալ»:

Զալյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկի գրանցամատյանում նույնպես արձանագրված է եղել, որ դատարանից վերադառնալուց հետո ամբաստանյալների մոտ առկա են եղել մարմնական վնասվածքներ, սակայն բժշկական փորձագիտական եզրակացություն չկա։ «Եթե մատյանում արձանագրված է, ուրեմն միանշանակ դա կատարվել է ՔԿՀ-ից դուրս, հակառակ դեպքում պետք է լիներ իրենց անձնական գործերի մեջ և համապատասխան կերպով արձանագրվեր՝ տվյալ անձինք ՔԿՀ-ում ստացե՞լ են այդ մարմնական վնասվածքները, թե ոչ»,- ասաց Զալյանը:

Տեսակցությունների արգելումը դիտորդական խումբն անօրինական է համարում, պնդելով՝ դրանով փորձ է արվում թաքցնել բռնությունների փաստը։ «2014 թվականից մենք որևէ խնդիր չենք ունեցել՝ հանդիպելու այն անձանց, ում նկատմամբ քննիչը տեսակցությունները սահմանափակող որոշում է կայացրել: Տվյալ սահմանափակումները որևէ ակտից չեն բխում, ուղղակի կիրառվում են ինչ-որ մի բան հանրությանը չհասցնելու համար»,- հավելեց դիտորդական խմբի ղեկավարը:

Հիշեցնենք, հունիսի 28-ի դատական նիստը դեռ չմեկնարկած՝ ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրել էին «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին։ Քրեակատարողական հիմնարկում վերջիններիս տեսակցելուց հետո փաստաբանները հայտարարեցին, որ Կյուրեղյանից և Ավետիսյանից բացի դատարանի նկուղում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել նաև Արայիկ Խանդոյանին և Գագիկ եղիազարյանին։

Թեև ոստիկանությունը հերյուրանք որակեց այդ հայտարարությունները, պնդելով թե իրավապահները «համաչափ ուժ են կիրառել», Գլխավոր դատախազությունը տեղի ունեցածի առնչությամբ նշել էր, որ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ վնասվածքներ են ստացել, և կատարվածը պարզելու համար նյութեր են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ «պատշաճ քննությամբ նշված հանգամանքները ստուգելու և իրավական գնահատական տալու համար»։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածած հայտարարությունում նշել էր, որ ամբաստանյալներին ծեծի ենթարկելու փաստով «անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտություն կա»: Միջադեպի առիթով, սակայն, քրեական գործ մինչ այժմ չի հարուցվել։

«Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում այս կապակցությամբ տարակուսանք հայտնեց։ Փաստաբանի պնդմամբ ՝ ոստիկանները 10-15 հոգով ծեծի են ենթարկել Սասնա ծռերի 4 անդամներին։ «Խանդոյան Արայիկը խոշտանգվել է ամենադաժան ու անմարդկային ձևով, նրան դատարանի շենքում մոտ 15 մարդ դաժան ծեծի են ենթարկել: Քանի որ խուցը փոքր է եղել, հերթով են ծեծել»,- ասաց Պապիկյանը:

Վնասվածքներ ստացած Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը կարծում է, որ իրավապահները ամեն ինչ անում են միջադեպը կոծկելու համար։ «Պահանջում ենք, որ հարուցվի քրեական գործ ու կատարվի իրոք օբյեկտիվ քննություն: Էստեղ հերյուրանքի մասին խոսք չկա: Մխիթար Ավետիսյանը միայնակ դիմադրում էր հարյուր ծեծողների՞ն»,- հարց է հնչեցնում փաստաբանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու հնարավորություն չստացած դիտորդական խմբի ղեկավար Արա Զալյանն էլ վստահ է, որ այս բռնությունների հետ կապված որևէ ոստիկան չի պատժվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG