Մատչելիության հղումներ

Իշխանություններն ակնհայտ տապալում են «Սասնա ծռեր»-ի գործով դատական գործընթացը. իրավապաշտպան


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, իշխանություններն ակնհայտ տապալում են «Սասնա ծռեր»-ի գործով դատական գործընթացը։

Նա համաձայն է փաստաբանների այն պնդումներին, որ իշխանությունն ամեն ինչ անում է՝ նիստերը դռնփակ անցկացնելու համար։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր»-ի գործերով դատական նիստերի մեկնարկին պարբերաբար կարգադրիչների ու փաստաբանների միջև վեճեր են ծագում. փաստաբանները հրաժարվում են զննության ենթարկվել՝ պնդելով, որ դա ոչ թե զննություն է, այլ խուզարկություն, կարգադրիչներն էլ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել դատարան։ Փաստաբանները հայտարարում են, որ իրենց աշխատանքը «խոչընդոտվում է», և «վարչախումբն ամեն ինչ անում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը դռնփակ անցկացնելու համար»։

«Թույլ չեն տալու, որ «Սասնա ծռեր»-ի ելույթները, խոսքերը հրապարակային հնչեն, և առայժմ գտել են այդ ճանապարհը՝ խոչընդոտելու փաստաբանների աշխատանքը», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. - «Առայժմ իշխանությունն է որոշում, թե ինչ է լինելու, այսինքն՝ ուղղակի միջամտություն է դատական այս գործընթացին»։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG