Մատչելիության հղումներ

Ոստիկանության բեսպրեդել ասվածը երեկ իր ամբողջ «հմայքով» երևաց. իրավապաշտպան


«Ես ունեմ լրացուցիչ տեղեկություններ, որ իրապես «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ բռնությունը կատարվել է դատարանի նկուղային հարկի սենյակներում», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով, որ բռնությունն իրականացվել է ոստիկանության մեծ խմբի կողմից։

«Մեծ թիվ են ասում՝ ընդհուպ 30, 40, 50 հոգի, բայց կարևորն այն է, որ շատ մեծ թիվ է եղել և նաև բավական բարձրաստիճան ոստիկաններ են եղել՝ մայոր, գնդապետ, փոխգնդապետ», - ասաց Սաքունցը՝ շարունակելով. - «Մինչ հիմա մենք փաստեր գիտեինք և պնդում էինք, որ մարդկանց նկատմամբ բռնություններ են իրականացվում ոստիկանության բաժիններում ոստիկանության կողմից, բռնություններ կատարվում էին քրեակատարողական հիմնարկներում ՔԿՀ աշխատակիցների կողմից, բայց երեկ, փաստորեն, Հայաստանի Հանրապետության դատարանում բռնություն իրականացվեց ոստիկանների կողմից։ Այսինքն՝ երեկ Ավան և Նոր-Նորք շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբողջովին զավթվել էր Ոստիկանական ուժերի կողմից, չկար դատավոր, դատական իշխանությունը վերացվել էր։ Տեր ու տնօրենը դատարանում երկար ժամանակ ոստիկանության ուժերն էին, որոնք այդտեղ չպետք է գտնվեին»։

Իրավապաշտպանի խոսքով՝ մեղադրյալներին դատարան տեղափոխում է ոստիկանական հատուկ ստորաբաժանումը, որը պատասխանատու է այդ գործառույթի իրականացման համար, բայց դատարանի դահլիճում, դատարանի նկուղային հարկաբաժնում այդ օրը գտնվում էին ոստիկանության ավելի մեծ թվով ուժեր, որոնք, ըստ Սաքունցի, այդտեղ գտնվելու բացարձակապես որևէ իրավասություն չունեին։

«Այստեղ, այսինքն, դատավորը բացարձակապես մի կողմ էր գցվել, և ոստիկանության բեսպրեդել ասածն իր ամբողջ «հմայքով» երևաց», - ասաց իրավապաշտպանը։

Ըստ Սաքունցի, երեկ ոստիկանությունն իր գործողություններով ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանն անկախ չէ։ «Երբ որ խոսում են Սահմանադրության մասին, փոփոխության մասին, իրավական պետության մասին, երեկ ոստիկանությունն իր գործողություններով ցույց տվեց, որ դատարանը, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում անկախ չէ, այլ ավելի զավթված է ոչ թե արդեն գործադիր իշխանության կողմից, այլ արդեն հասել է ոստիկանության ստորաբաժանումների մակարդակի, դրանց կողմից զավթված», - ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպաններ Արա Ղարագյոզյանն ու Արայիկ Պապիկյանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ իրենց պաշտպանյալը երեկ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում ենթարկվել է խոշտանգման և ծեծի:

Երեկ ուշ երեկոյան Ղարագյոզյանը, վկայակոչելով Արայիկ Խանդոյանին, «Ազատության»-ը փոխանցել էր, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նաև Արեգ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG