Ոստիկանությունը «հերյուրանք» է որակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների պնդումները, թե հունիսի 26-ին իրավապահները իրենց ծեծի են ենթարկել Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում:
Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամներ հասարակական կարգը խախտելու և ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար դուրս են բերվել դատական նիստերի դահլիճից, դուրս բերվելուց հետո նրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցաբերել են ակտիվ անհնազանդություն, անձնապես վիրավորել վերջիններիս:
«Անհնազանդությունը խափանելու նպատակով հիշյալ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում: - «Արձագանքելով կիրառված ուժին` ամբաստանյալներից ոմանք իրենց դժգոհությունն արտահայտել են խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելով: Իրենց իսկ հարվածների կամ ոստիկանության կիրառած ուժի արդյունքում՝ հնարավոր է առաջանային քերծվածքներ», - նշում է ոստիկանությունը` հավելելով, թե ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը հաստատվել է իրականացված նախնական ստուգմամբ:
«Ապատեղեկատվության տարածումը հետապնդում է դատական նիստերի ընթացքում արհեստական լարվածություն առաջացնելու, ոստիկանության ծառայողների ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություններ սադրելու և արդարադատության իրականացումը ձախողելու նպատակ: Այս իրողությունը ամբողջությամբ տեղավորվում է մինչ այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամների նախընտրած անհեռանկար գործելաոճի տրամաբանության մեջ», - նաև ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, երեկվա դատական նիստը դեռ չմեկնարկած՝ ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրեցին «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ ոստիկանները թույլ չէին տվել Արեգ Կյուրեղյանին գրություն հանձնել փաստաբանին:
Ավելի ուշ դատարանի դահլիճից հեռացված «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբաններն ահազանգեցին, որ իրենց պաշտպանյալները դատարանի նկուղում ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները գիշերն այցելել էին քրեակատարողական հիմնարկներ, տեսակցել «Սասնա ծռերի» անդամներին։ ՄԻՊ գրասենյակը հաղորդում է, որ արձանագրել են վնասվածքներ, որ նշված բոլոր տեղեկությունները պարունակում են հանցագործության առերևույթ հատկանիշներ, և անհրաժեշտ է անհապաղ քննել կատարվածը: Իսկ արդեն այսօր Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ կատարվածի վերաբերյալ նյութեր են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ պատշաճ քննությամբ նշված հանգամանքներն ստուգելու և իրավական գնահատական տալու համար։