Մատչելիության հղումներ

Արայիկ Խանդոյանի փաստաբան․ Ոստիկանությունը ստում է


Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2016 թ․
Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2016 թ․

Ոստիկանությունը «հերյուրանք» է որակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների պնդումները, թե հունիսի 28-ին իրավապահները իրենց ծեծի են ենթարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում:

Երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունում ոստիկանությունը նշում է, որ դատական նիստերի դահլիճում հենց «Սասնա ծռերի» անդամները խախտել են հասարակական կարգը, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ինչի պատճառով էլ դուրս են բերվել դատարանի դահլիճից։ Դուրս բերվելուց հետո, ըստ հաղորդագրության, «Սասնա ծռերի» անդամները ահնազանդություն են ցուցաբերել ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց․ - «Անհնազանդությունը խափանելու նպատակով հիշյալ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ»:

««Սասնա ծռերի» որոշ անդամներ, արձագանքելով կիրառված ուժին, իրենց դժգոհությունն արտահայտել են խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելով: Իրենց իսկ հարվածների կամ ոստիկանության կիրառած ուժի արդյունքում հնարավոր է առաջանային քերծվածքներ», - նշում է ոստիկանությունը` հավելելով, թե ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը հաստատվել է իրականացված նախնական ստուգմամբ:

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի հայտարարում է, որ ոստիկանությունը ստում է․ - «Շատ անզուգական միտք է․ Խանդոյան Արայիկը ձեռքերով, ոտքերով հարվածում է խցի դռանը և․․․ ստանում է ուղեղի ցնցում, բաց վերքեր: Որքա՞ն է ողջամիտ: Արդյո՞ք այդ տողերի հեղինակը հավատում է իր գրածին»:

Երեկ իր պաշտպանյալին բանտում տեսակցելուց հետո Արայիկ Պապիկյանը հենց դատարանի բակում լրագրողներին պատմել էր, որ ոստիկանները 10-15 հոգով ծեծի են ենթարկել «Միայնակ Գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։

Խանդոյանին, ըստ փաստաբանի, ծեծել էին հերթով․ մոտավորապես 15 մարդ դաժանաբար հարվածներ էին հասցրել գլխին, ոտքերին, երիկամների հատվածում: Ընդ որում, ինչպես պաշտպանին պատմել է Արայիկ Խանդոյանը, ոստիկանները հերթով են ծեծել, քանի որ դատարանի նկուղի խուցը փոքր է։

Փաստաբան Պապիկյանը վկայակոչում է Գլխավոր դատախազության եւ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունները։ Գլխավոր դատախազությունը անդրադառնալով տեղի ունեցածին՝ նշել էր, որ «Սասնա ծռերի» որոշ անդամներ վնասվածքներ են ստացել, և կատարվածը պարզելու համար նյութեր են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ «պատշաճ քննությամբ նշված հանգամանքները ստուգելու և իրավական գնահատական տալու համար»։ Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածած հայտարարությունում նշել էր, որ ամբաստանյալներին ծեծի ենթարկելու փաստով «անհապաղ քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտություն կա»:

«Նշված բոլոր տեղեկությունները պարունակում են հանցագործության առերևույթ հատկանիշներ», - նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում։

Փաստաբան Պապիկյանը հիշեցնում է Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած «Սասնա ծռերի» երեք անդամների մարմնի տարբեր հատվածներում վնասվածքների մասին․ - «Ի՞նչն է հերյուրանք․․․ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածած հաղորդագրությո՞ւնը․․․ Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվա՞ծը: Չէ՞ որ քրեակատարողական հիմնարկները այդ արձանագրությունները, ինչպես իրենք հայտնեցին, արդեն ուղարկել են դատախազություն և վարույթ իրականացնող մարմիններին»:

«Սասնա ծռերից» Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը տարակուսած է, թե ինչպես կարող էին 50 ոստիկան մեկ մարդու նկատմամբ համաչափ ուժ կիրառել․ - «Ես ոչ միայն ակնկալում եմ, այլև պահանջում եմ, որ անհապաղ հարուցվի քրեական գործ՝ եթե մինչ այս պահը դեռևս հարուցված չի, ու կատարվի օբյեկտիվ քննություն: Կատարվի իրո՛ք օբյեկտիվ քննություն, այլ ոչ թե քննություն, որ նրանք արդեն հայտարարություն են տալիս, թե իբրև հերյուրանք է: Այստեղ հերյուրանքի մասին խոսք չկա: Ի՞նչ է նշանակում իրենք դիմադրել են․․․ Մխիթար Ավետիսյանը դիմադրում էր, և հարյուր հոգով ծեծո՞ւմ էին Մխիթար Ավետիսյանին: Կամ Մխիթար Ավետիսյանը այն անձնավորությո՞ւնն ա, որ իրենց դիմադրի: Ինքը ինձ հստակ ասել է՝ անակնկալ ձևով էդ Ղազարյանը բրթեց-տապալեց․․․»

Փաստաբանը երեկ երեկոյան է տեսակցել իր պաշտպանյալին։ Պատմում է, որ նա տասնյակ հարվածներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում։ Մխիթար Ավետիսյանը, ըստ փաստաբանի, նշել է, որ իրեն առաջին հարվածողներից է եղել ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Ղազարյանը։

«Մխիթարը ասաց, որ իրեն ներս մտցրեցին ծեծված վիճակում։ Միաժամանակ ասաց, որ ծեծված վիճակում բերեցին Արեգին Կյուրեղյան: Շատ ապշել ա․․․ Խանդոյանը չի հասկացել, թե ինչ է կատարվում: Լսել է ձայներ․․․ Ասում է՝ չէր անցել 10-15 րոպե, խուց ներխուժեցին էլի 10-15 հոգի՝ փոխգնդապետ Ղազարյանի գլխավորությամբ, և առաջին խփողը էլի եղավ էդ Ղազարյանը», - փոխանցեց Ինեսսա Պետրոսյանը:


Հիշեցնենք, հունիսի 28-ի դատական նիստը դեռ չմեկնարկած՝ ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրել էին «Սասնա ծռերի» անդամներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ ոստիկանները թույլ չէին տվել Արեգ Կյուրեղյանին գրություն հանձնել իր փաստաբանին:

«Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այդ դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության եւշտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG