«Պինակաների» առաջին խմբաքանակը Հայաստանում է. ՊՆ-ն չի մեկնաբանում հնդկական մամուլի տեղեկությունները 

Հնդկաստանը սկսել է «Պինակա» հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստան, տեղեկացնում է հնդկական Indian Defence Research Wing պարբերականը՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։

Շեշտելով, որ «Պինակաների» առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, հնդկական պարբերականը նշում է, որ այդ հրթիռները կարող են խոցել մինչև 80 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։

Պինակա՝ Շիվա աստծու աղեղը

Գովաբանելով հնդկական այս զինատեսակը՝ պարբերականը շեշտում է՝ «Պինական», հնդկական դիցաբանության համաձայն, Շիվա աստծու աղեղի անվանումն է։ Ըստ լեգենդի՝ հենց այդ կործանիչ աղեղով էլ Շիվային հաջողվել է ոչնչացնել չար դևի քաղաքները։

«Պինակաների» մատակարարման պայմանագիրը Հայաստանն ու Հնդկաստանը կնքել էին դեռևս 2 տարի առաջ։ 2022-ին հնդկական կողմը պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանը «Պինակա» ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է տեղափոխվեին առաջիկա երկու տարում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնդկական կողմը հաստատում է՝ Հայաստանը Pinaka-ների երեք մոդել է պատվիրել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն, ըստ հնդկական մամուլի, MArG հաուբիցներ է պատվիրել, հայկական կողմը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը

ՊՆ-ն չի մեկնաբանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, չի մեկնաբանում սպառազինության գնման մասին հնդկական կողմի տեղեկությունները՝ խնդրելով հիմք ընդունել նախարարության՝ միջազգային համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները և իրավասու պաշտոնյաների հայտարարությունները։

Այս առնչությամբ երեկ ՊՆ-ն անգամ հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե օտարերկրյա լրատվամիջոցները շարունակում են Հայաստանի սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև դրա շուրջ բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ տարածել: Այդ պատճառով ռազմական գերատեսչությունը հայստանյան լրատվամիջոցներին հորդորում է նախքան նման նյութերը հրապարակելը ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:

«Պինական» ինչ-որ առումով հիշեցնում է ռուսական «Ուռագանը». ռազմական փորձագետ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանի համոզմամբ՝ հնդկական «Պինական» լավ ձեռքբերում է, և այն կլրացնի ռուսական «Գռադ» համազարկային ռեակտիվ համակարգը. - «Այն միջանկյալ մի բան է «Գռադի» և «Սմերչի» միջև, 214 տրամաչափով, շատ լավ հեռահարությամբ, 100 կիլոգրամանոց շատ լավ մարտագլխիկով։ Ես կարծում եմ, որ սա լավ ձեռքբերում է։ Հայաստանը նման զինատեսակ երբեք չի ունեցել։ «Պինական» ինչ-որ առումով հիշեցնում է ռուսական «Ուռագանը»՝ 220 միլիմետր տրամաչափով»։

Երևանը բանակցում է 78 միավոր ATAGS հրետանային համակարգերի գնման շուրջ. հնդկական աղբյուր

Չնայած հայկական կողմի լռությանը, հնդկական աղբյուրները շարունակում են նորանոր տեղեկություններ տարածել ռազմական ոլորոտում հայ-հնդկական համագործակցության վերաբերյալ։

Օրերս Indian Defence Research Wing պարբերականը տեղեկացրեց, որ Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ 78 միավոր ATAGS հրետանային համակարգերի գնման շուրջ։ Ըստ պարբերականի՝ այս բանակցություններին նախորդել էր Հայաստանի կողմից ավելի վաղ ձեռք բերված 6 միավոր ATAGS հաուբիցների հաջող փորձարկումը, դրանք բացառիկ կարողություններ են ցույց տվել հայաստանյան բազմազան լանդշաֆտի պայմաններում, այդ թվում՝ բարձրադիր լեռնային և հարթավայրային տեղանքում, ինչն էլ Հայաստանի իշխանություններին համոզել է ուսումնասիրել այս զինատեսակի ավելի խոշոր քանակի ձեռքբերման հնարավորությունը։ Ըստ պարբերականի՝ ATAGS համակարգերը բացի այն, որ ունեն հեռահար ճշգրտություն, նաև արդեն ունեն հայերենով աշխատող համակարգչային ինտերֆեյս։

Հայաստանն ընդհանրապես ATAGS զինատեսակի առաջին պատվիրատուն է. փորձագետ

Էդուարդ Առաքելյանը, անդրադառնալով ATAGS հաուբիցներին, նշում է՝ Հայաստանը 150 տրամաչափի թնդանոթներ երբեք չի ունեցել, այն էլ համակարգչային ինտերֆեյսով։

«Այդ համակարգերը ինքնուրույն տեղաշարժվում են, կարող են փոխել տեղանքը առանց քարշակի օգնության, շատ դրական կողմեր ունեն։ Բայց թե որքանով են այդ թնդանոթները որակյալ, բարդ է ասել, քանի որ մենք դրանք գործածության մեջ չենք տեսել։ ATAGS-ները միանգամայն նոր թնդանոթներ են, և Հայաստանն ընդհանրապես այդ զինատեսակի առաջին պատվիրատուն է։ Անգամ Հնդկաստանը դեռ չի պատվիրել իր բանակի համար», - ասաց նա։

Մինչ հնդկական մամուլը պնդում է, թե հնդկական հաուբիցները հաջողությամբ են փորձարկվել Հայաստանում, տելեգրամյան ալիքներից մեկը, որ, ըստ ռազմական փորձագետի, ենթադրաբար ունի ռուսական հետք, գրում է, թե փորձարկման ժամանակ ATAGS 6 համակարգերից 2-ը միանգամից շարքից դուրս են եկել, իսկ 4-ը մեծ դժվարությամբ է հաջողվել տեղափոխել բարձր լեռնային շրջաններ։

Էդուարդ Առաքելյանը հարցնում է՝ ինչպե՞ս կարեի է վստահել մի տելեգրամյան ալիքի, որն իր ինքությունը չի բացահայտում. «Երբ Հայաստանն այսօր այլ երկրների զենք է գնում և դրա վրա մեծ գումարներ ծախսում, Հայաստանի նորագույն պատմության մեջ այդօրինակ գումարներ չեն ծախսվել սպառազինության վրա, բնականաբար Ռուսաստանին դա դուր չի գալիս»։

Արդյոք բազմամիլիոնանոց հնդկական այս զինատեսակները մրցունակ են այն զինատեսակների նկատմամբ, որոնք այսօր ձեռք է բերում Բաքուն տարբեր երկրներից, այդ թվում՝ Իսրայելից, ռազմական փորձագետը կարծում է՝ այո, նաև ընդգծում է՝ հնդկական սպառազինությունը Հայաստանը նախընտրել է երկու պատճառով՝ նախ այն ֆինասնական առումով ձեռնտու է, և հետո սպառազինությունը կարելի է ձեռք բերել արագ։