Մատչելիության հղումներ

Հայաստանն, ըստ հնդկական մամուլի, MArG հաուբիցներ է պատվիրել, հայկական կողմը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը


Ֆրանսիական հաուբից, արխիվային լուսանկար
Ֆրանսիական հաուբից, արխիվային լուսանկար

Հայաստանը հնդկական ընկերություններից մեկից ինքնագնաց MArG հաուբիցներ է պատվիրել, պնդում է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը։

Ըստ լրատվամիջոցի՝ մինչ սպառազինության գնումը, անցած տարի Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունը փորձարկել է հաուբիցները։ Այս մասին, սակայն, հայաստանյան պաշտոնական աղբյուրները չեն հաղորդել։

«Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ցուցահանդեսին այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված կրակային բոլոր չափանիշներին», - գրում է Indian Defence Research Wing-ը։

Անցած անշանը հնդկական զենքի DEFEXPO ցուցահանդեսին Հայաստանի պաշտպանության նախարարն էր մասնակցել: Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարարին։ Նույն այդ ընթացքում հնդկական կողմը, փաստացի, պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է տեղափոխվեն առաջիկա երկու տարում:

Հնդկական մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել էր, թե ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ընդարձակվել՝ նոր սպառազինությունների ձեռքբերման հաշվին։

Այս տարվա սկզբին հնդկական մամուլը հայտնեց, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության МR-SAM միջին հեռահարության համակարգերի ձեռքբերումը։ Դրանցով, ըստ պարբերականի, պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական արտադրության С-125 Печора ՀՕՊ համակարգերը։ Այս հաղորդումները հայկական կողմը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է։

Պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել հնդկական հաուբիցների ձեռքբերման վերաբերյալ հնդկական մամուլում հայտնված տեղեկությունը։

Ինքնագնաց հաուբիցը, ըստ Indian Defence Research Wing մասնագիտացված կայքի, մշակվել է 8 ամսում և փորձարկվել է հնդկական բանակի կողմից:

Ըստ հնդկական աղբյուրների՝ հաուբիցը ինտենսիվ կրակի դեպքում 3 րոպեում կարող է արձակել 10 կրակոց և 42 կրակոց 60 րոպեում կայուն արագությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG