Մատչելիության հղումներ

«Աշխարհի թոփ 3, եթե ոչ ամենալավ հաուբիցն է». փորձագետը «Սեզար»-ների գործարքի մասին


«Սեզար» հրետանային համակարգ, արխիվ
«Սեզար» հրետանային համակարգ, արխիվ

Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ Լուրը X-ի իր էջում Ֆրանսիայի պաշտպանության նախարարն է այսօր հայտնել՝ պայմանագրի կնքումը կարևոր իրադարձություն որակելով։

KNDS-ը Եվրոպայում մեծությամբ երրորդ ռազմարդյունաբերական ընկերությունն է, իսկ նրա արտադրած «Սեզար»-ը 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել արդիական արկերի կիրառման դեպքում կարող է գերազանցել 55 կիլոմետրը: Հրետանային միջոցը կարող է 1 րոպեում 6 արկ արձակել։

Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: Անցած դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը կառավարությանը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին «Սեզար»-ների տրամադրման հարցը:

«Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, ջերմ և արդյունավետ երկխոսություն ունեցա Սուրեն Պապիկյանի հետ։ Նոր, կարևոր հանգրվան՝ կնքվել է CAESAR-ի ձեռքբերման պայմանագիրը», - նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։

Հայկական կողմը տեղեկացրել է ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքված պայմանագրի մասին, բայց թե կոնկրետ ի՞նչ զինամթերքի ձեռքբերման, մանրամասներ չէին հաղորդել։

Նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր էջում հենց Սեզարի մակետը ձեռքին իր ու Սուրեն Պապիկյանի նկարն է հրապարակել։

Թե քանի՞ «Սեզար»-ի գնման պայմանագիր է երեկ Փարիզում ստորագրվել, չի հստակեցվում, նաև մատակարարման կոնկրետ ժամկետներ չեն նշվել։ Ընկերության կայքում տեղեկություն կա, որ ավելի քան 300 «Սեզար»-ներ այժմ կա՛մ օգտագործվում են, կա՛մ արտադրական փուլում են։

Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարը այս տարեսկզբին հայտարարել է՝ թնդանոթի արտադրության ժամկետը կրճատվել է՝ 30-ի փոխարեն այժմ 15 ամիս է պահանջում:

Ռազմական փորձագետը թե՛ ռազմական և թե՛ քաղաքական կարևորության հարց է համարում «Սեզար»-ների ձեռքբերումը

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը թե՛ ռազմական և՛ թե քաղաքական կարևորության հարց է համարում «Սեզար»-ների ձեռքբերումը:

«Աշխարհի գրեթե թոփ 3, եթե ոչ ամենալավ հաուբիցն է, ամենաէֆեկտիվներից մեկը Ուկրաինայի պատերազմում: Եթե համեմատենք, օրինակ, սովետական պլատֆորմների հետ, որ մենք օգտագործում ենք, 152 միլիմետրանոց, կրակի հեռավորությունը գրեթե 2 անգամ ավելի մեծ է, ամենանոր ռուսական հաուբիցը, որ օրինակ՝ Ադրբեջանն ունի, 27 կմ է հեռավորությունը կրակի: Քաղաքականն էլ շատ կարևոր է ինչը, որ եթե Ֆրանսիան համաձայն է «Սեզար» Հայաստանին վաճառել, նշանակում էր, որ Հայաստանն ինչ տեսակի զենք ուզենա կարա առնի Ֆրանսիայից՝ պաշտպանական, հարձակողական, էդ թեման էլ էդքան էլ կարևոր չի», - ասաց Ներսիսյանը:

Սեզարների արժեքը, ըստ ռազմական փորձագետի, գնորդների հետ պայմանավորվածությունից է կախված. - «Կախված է, թե ինչ կոմպլեկտացիաների մասին է, քանակի մասին է խոսքը գնում, որ տարբեր տարիների сделка-ները նայենք, կստացվի 4-6 միլիոն մոտավորապես մի հատի գինը, քաղաքական կոմպոնենտն էլ է կարևոր»:

Հայաստանի զինանոցում եղած ո՞ր զինտեխնիկան կարող է «Սեզար»-ով փոխարինվել։

«Եթե մենք D-20, D-30-ի մասին ենք խոսում, սովետական պլատֆորմների տարբեր հրետանում, 2 անգամ կամ ավելի իրանց կրակի հեռավորությունը քիչ է ու համ էլ այստեղ լրիվ ուրիշ հնարավորություններ կան: Էդ ամեն ինչը ավտոմատիկ է աշխատում, ճշգրիտ գիտությունն էլ ավելի բարձր: Բացի դրանից կառավարվող արկեր կարող է կրակել՝ «Սեզար»-ն էլ, հնդկական հաուբիցներն էլ», - ասաց ռազմական փորձագետը:

2023-ի սկզբին էր հնդկական ռազմական մասնագիտացված կայքերից մեկը գրել, որ Հայաստանը հնդկական ինքնագնաց MArG հաուբիցներ է պատվիրել։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը 3 ամիս առաջ Հանրայինի եթերում ասել էր՝ եթե ռազմատեխնիկական համագործակցության 96 տոկոսը 2020-ին Ռուսաստանի հետ էր, 2021-ի հունվարից մինչև այս տարեսկիզբ այն 10 տոկոսի էլ չի հասնում։

«Մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ», - նշել է նա:

Ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության պայմանագրերը ստորագրվեց անցած աշնանը: Հենց ֆրանսիացի նախարարն էր մանրամասնել՝ Փարիզը Երևանին կմատակարարի երեք Mistral հրթիռներ, GM200 ռադարներ, նաև փետրվարին ասել էր, որ ռադարների մատակարարում շատ շուտով կլինի։ Խոստացել՝ եթե Հայաստանը ՀՕՊ համակարգերի կարիքն ունենա, դրանք նույնպես կտրամադրվեն։

Փետրվարյան նույն այցի ընթացքում Ֆրանսիայի զինված ուժերի նախարարն ասել էր, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը՝ գիշերային տեսողության հեռադիտակները, առաջիկայում կստանա «Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը։ Դատելով մի քանի օր առաջ զորավարժությունների մասին պատմող տեսանյութից՝ առնվազն հինգ «Բաստիոն»-ներն արդեն Հայաստանում են։

Ֆրանսիական մամուլն անցած տարի չէր բացառել, որ Հայաստան առաքվող զրահամեքենաների թիվը կարող է հասնել 50-ի։

Բաքուն դատապարտում է ֆրանս-հայկական նոր գործարքը

Օրվա վերջում Բաքուն դատապարտեց ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ մեջբերեմ՝ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

«Սեզար»-ների գործարքը կնքվեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում, որտեղ նա այսօր միջազգային ռազմական ցուցահանդես է այցելել, հանդիպել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Երևանը առանց փակագծեր բացելու հայտնել է, որ պայմանագրեր են ստորագրվել։

XS
SM
MD
LG