Մատչելիության հղումներ

Հնդկական կողմը հաստատում է՝ Հայաստանը Pinaka-ների երեք մոդել է պատվիրել


 Համազարկային կրակի Pinaka ռեակտիվ համակարգեր, արխիվ
Համազարկային կրակի Pinaka ռեակտիվ համակարգեր, արխիվ

Հնդկական կողմը, փաստացի, պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է տեղափոխվեն առաջիկա երկու տարում: Այդ մասին հայտնել է հրթիռների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերության՝ Solar Industries-ը ղեկավար Սատյանառայան Նուվալը՝ երեկ Հնդկաստանում բացված DEFEXPO ցուցահանդեսի ժամանակ։

«Մենք Pinaka1-ի, ընդալայնված հեռահարության Pinaka-ի և կառավարվող Pinaka-ի արտահանման պատվեր ենք ստացել Հայաստանից։ Ըստ վերջնաժամկետի, պետք է այդ երեքն էլ ավարտենք երկու տարում», - ասել է ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերության ղեկավարը։

Հնդկական զենքի խոշոր այս ցուցահանդեսին ներկա է եղել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով երեկ հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ։ Հանդիպումից հետո նախարար Ռաջնաթ Սինգհը Թվիթերում գրել էր՝ «շփումը հրաշալի է անցել», առանց հավելյալ մանրամասների։

Հայկական կողմը ևս մանրամասներ չէր հաղորդել , պաշտոնական հաղորդագրությամբ միայն նշվել էր, թե «քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր»։

Հնդկական մամուլը, սակայն, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, թե ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ընդարձակվել՝ նոր սպառազինությունների ձեռքբերման հաշվին։

The Print պարբերականը, մասնավորապես, պնդում է, թե Հայաստանն այժմ հետաքրքրված է հատկապես հնդկական արտադրության Akash հակաօդային պաշտպանության համակարգով և հարվածային անօդաչու թռչող սարքերով։

Ավելի վաղ էլ՝ անցած ամիս, հնդկական մամուլը հաղորդել էր, թե կողմերը մոտ 250 միլիոն դոլարի գործարք են կնքել, որով Հնդկաստանը պետք է առաջիկա ամիսներին հայկական բանակին հակատանկային հրթիռներ, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ Pinaka-ներ մատակարարի։

Բաց աղբյուրներում առկա տեղեկությունների համաձայն՝ այդ համակարգերը հնդկական բանակի զինանոցում են հայտնվել 2000-ականների սկզբին՝ փոխարինելով խորհրդային արտադրության ռեակտիվ հրետանային միջոցները՝ մասնավորաբար «Գրադ» կայանքները։

Հնդկական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանին վաճառված ռեակտիվ համակարգերից մեկի հեռահարությունը հասնում է 37,5, մյուսինը՝ 45, երրորդինը՝ 75 կիլոմետրի։ Վերջին տարբերակը համարվում է երեքից ամենաառաջադեմը, ունի ներքին նավիգացիոն համակարգ, արբանյակային նավիգացիոն ուղեցույց, ինչը հնարավորություն է տալիս խոցել հակառակորդին մեծ հեռավորության վրա։ Ըստ հնդկական աղբյուրների՝ այդ համակարգերից յուրաքանչյուրն ի վիճակի է 44 վայրկյանում 12 հրթիռ արձակել, որոնք նախատեսված են հակառակորդի անձնակազմը, ծանր տեխնիկան, ինչպես նաև հրամանատարական կետերը խոցելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս գործարքների մասին տեղեկություններն առայժմ չի հերքել, բայց և չի հաստատել։ Եթե համագործակցությունը հաստատվի, Հայաստանը կդառնա օտարերկրյա առաջին պետությունը, որն իր բանակը որոշել է համալրել է հնդկական այս զինատեսակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG