Ովքե՞ր են Սիրիայում տարածքներ գրավող զինյալները 

Սիրիական ընդդիմությունը Հալեպից հարավ-արևմուտք, 30-ը նոյեմբերի, 2024թ․

Սիրիական ապստամբների դաշինքը՝ Հայաթ Թահրիր աշ-Շամի գլխավորությամբ, անակնկալ հարձակում է նախաձեռնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ: Զինյալները մի քանի օրվա ընթացքում տասնյակ բնակավայրեր են գրավել Սիրիայում, որտեղ վերջին տարիներին հարաբերական անդորր էր՝ երկարամյա քաղաքացիական պատերազմից հետո։

Ովքեր են Հայաթ Թահրիր աշ-Շամն ու նրա դաշնակիցները

Սիրիայի հյուսիս-արևմուտքում անսպասելի հարձակումը գլխավորում է Հայաթ Թահրիր աշ-Շամը, որի անդամները հիմնականում սալաֆիստներ են՝ սուննի իսլամական ծայրահեղ շարժման հետևորդներ, ովքեր ցանկանում են Սիրիայում իսլամական օրենքներով պետություն ստեղծել։ Նրանց արդեն հաջողվել է գրավել Հալեպը՝ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը, և այժմ առաջ են շարժվում դեպի հարավ։

Հայաթ Թահրիր աշ-Շամը Ալ-Քաիդայի սիրիական ճյուղն է, որը Սիրիայում ակտիվացել է քաղաքացիական պատերազմի բռնկումից մեկ տարի անց՝ 2012 թվականին։ Խմբավորումը նախ ներկայանում էր որպես «Ջաբհաթ ալ-Նուսրա» կամ «Նուսրայի ճակատ»։

Սիրիական ընդդիմությունը Հալեպի հարավ-արևմտյան հատվածում, 1-ը դեկտեմբերի, 2024թ․

Խմբավորման պարագլուխը Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին է, որը սերտորեն համագործակցում էր Իրաքում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ: Ավելի ուշ Բաղդադին խզեց կապերը «Ալ-Քաիդայի» հետ և ստեղծեց սեփական խմբավորումը՝ ի դեմ «Իսլամական պետության», որին էլ իր հերթին հրաժարվեց միանալ Ջուլանին:

«Նուսրայի ճակատը» դարձավ Ասադի դեմ պայքարող ամենամահաբեր խմբավորումներից մեկը՝ կիրառելով այնպիսի մարտավարություն, ինչպիսին մահապարտների մասնակցությամբ, ինքնաշեն պայթուցիկ սարքերի միջոցով ահաբեկչություններն են։

Սիրիա - Իդլիբ, 2-ը դեկտեմբերի, 2024 թ․

Տարիների ընթացքում զինյալ խմբավորումը մի քանի անգամ փոխել է իր անվանումը, հեռացել «Ալ-Քաիդայից» և 2017 միավորվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող այլ ընդդիմադիր խմբավորումների հետ՝ ի վերջո հանդես գալով «Հայաթ Թահրիր աշ-Շամի» անվան ներքո:

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամի» զինյալների թիվը 5 հազարից մինչև 10 հազար է։ Խմբավորումը 2018 թվականից ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան սև ցուցակում է, Վաշինգտոնը խմբավորման պարագլուխ Ջուլանիի դիմաց 10 միլիոն ԱՄՆ դոլար պարգև է խոստանում։

Որոնք են Ջուլանիի գլխավորած խմբավորման դաշնակիցները

Իրանի և Ռուսաստանի աջակցությունը վայելող Բաշար Ասադի կառավարության դեմ լայնածավալ հարձակմանը ներգրավված են մի քանի խմբավորումներ, այդ թվում՝ «Ֆայլակ աշ-Շամը», «Ջեյշ աշ-Իզզան», «Հարաքաթ Ահրար աշ-Շամը» և Թուրքիստանյան բրիգադը, որը կազմված է հիմնականում Չինաստանից և Կենտրոնական Ասիայից եկած օտարերկրյա զինյալներից՝ տաջիկներից, ուզբեկներից:

Կան նաև մի շարք այլ խմբավորումներ, որոնք չունեն դաշնակցային հարաբերություններ «Հայաթ Թահրիր աշ-Շամի» հետ, բայց նույն նպատակներն ունեն, ինչպես օրինակ՝ «Սիրիայի ազգային բանակը», «Սիրիայի ազատ բանակը», որոնց աջակցում է Սիրիայի հյուսիսային հարևան Թուրքիան, և ենթադրվում է, որ այդ խմբավորումները ևս ներգրավված են Ասադի բանակի դեմ Սիրիայում շարունակվող հարձակմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանամետ զինյալներն, ըստ լրատվամիջոցների, Իրաքից մտել են Սիրիա՝ կառավարական ուժերին օգնելու համար