«Ձայնը, որ լսվում է հիմա, հենց հիմա սիրիական բանակը զինյալների ուղղությամբ հրթիռներ է արձակում». - Սիրիայում իսլամիստ զինյալների հարձակումից հետո կառավարության ուժերն անցել են հակահարձակման, պատմում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ Մարտերը երկրի հյուսիս-արևմուտքում են, նաև՝ հայաշատ Հալեպի մատույցներում։
«Պատերազմի տարիներից արդեն Հալեպի հյուսիս-արևմտյան արվարձաններում կան զինյալներ, որոնք հաստատված էին այնտեղ, նաև Իդլիբի շրջաններում, արվարձաններում հաստատված զինյալներ՝ նրանք են գլխավորապես, որ անմիջապես, որ Լիբանանում հրադադար հայտարարվեց, հաջորդ ժամերին արդեն իսկ իրենք սկսեցին, ըստ երևույթին նախապատրաստված էին, սկսեցին ուղղակի հարձակում գործել այդ շրջաններում ապրող բնակչության և զինվորական ռազմակետերի դեմ», - փոխանցեց Պողիկյանը:
Հաղորդվում է խաղաղ բնակիչների շրջանում ավելի քան երկու տասնյակ զոհերի մասին, հայերի շրջանում, ըստ Հայաստանի արտգործնախարարության, զոհեր չկան։ Այլ հայտարարություն պաշտոնական Երևանը այս պահին Սիրիայի իրավիճակի կամ տեղի հայերի մասին չի արել։ Հայտնի չէ, թե հիմա քանի հայ է ապրում Հալեպում, շատերը Սիրիայից հեռացել են պատերազմի թեժ տարիներին: Վերջին մեկ-երկու տարում, Պողիկյանի խոսքով, արտագաղթ չկա։
Իսկ Հալեպի բնակիչները ստացե՞լ են ապաստարաններ գնալու հրամաններ կամ SMS հաղորդագրություններ, Պողիկյանն ասում է՝ ոչ։ Սիրիայի բնակչության մեծ մասը վերջին տասնամյակում վարժվել է շարունակ պատերազմական դրության մեջ ապրելու պայմաններին։
«Այսօր, օրինակ, ռմբակոծվեց Հալեպի պետական համալսարանի հանրակացարանը, որտեղ շրջաններից եկած ուսանողներ են բնակվում, այս հանրակացարանը հրթիռակոծվեց, և ուսանող վիրավորներ ունենք՝ ոչ հայ անշուշտ: Բախումներ են, որտեղ զորքը սկսեց առաջ գնալ և արգելել իրենց առաջխաղացքը, ուղղակի պաշտպանել և հարձակման անցնել, հակադարձելու համար իրենք էլ ռմբակոծում են բնակելի շրջանները», - փոխանցեց «Գանձասար»-ի խմբագիրը:
Տեղում թղթակիցներ ունեցող միջազգային գործակալությունների տվյալներով՝ և՛ Հալեպի մոտակայքում, և՛ Իդլիբ քաղաքի արևելքում ծանր մարտեր են, ներառյալ օդային հարվածները: Հարձակումների հեղինակը ահաբեկչական համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն է, որը գլխավորում է «Ալ-Ղաիդա»-ի նախկին սիրիական մասնաճյուղը։
«Անշուշտ, արտաքին ուժերի ազդեցությամբ փորձում են որոշ նպատակների հասնել, փորձում են ի նպաստ իրենց, այսինքն՝ որոշ զիջումներ խլել, տարածքներ գրավել, երկրի հանքային հարստությունների կամ այլ, այսինքն՝ բերրի շրջաններում տեղեր գրավել, և այլն: Այսինքն, համեմատելի չէ, իրենք արտաքին ուժերի աջակցությամբ, մանավանդ՝ Թուրքիայի, փորձում են իրենց ներկայությունը պարտադրել», - նշեց Զարմիկ Պողիկյանը:
Հալեպում ապրող «Ազատության» զրուցակցի խոսքով՝ այս պահին երկրում դպրոցներն ու բուհերը փակելու մասին խոսակցություն չկա, սպասում են զարգացումներին՝ չբացառելով, որ եթե մարտերը չդադարեն, որոշ դպրոցներ այնուամենայնիվ կփակվեն։ Հալեպում գործում է 9 հայկական դպրոց. - «Այսօր դեռ բաց են դպրոցները»:
Հրադադարի մասին այժմ խոսք անգամ չկա, իսկ սիրիական բանակը հայտարարել է, որ շարունակում է դիմակայել հարձակմանը։