Մատչելիության հղումներ

Ի՞նչ իրավիճակ է Հալեպում. Երևանը դիտարկո՞ւմ է հալեպահայերին տարհանելու տարբերակը


Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը պատմում է՝ իր տունն առավոտյան մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղի ունեցած ավիահարվածից է ցնցվել. ապակիներն ամբողջության կոտրվել են։ Հարվածի ընթացքում ընտանիքի բոլոր անդամները տանն էին:

Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը, նրա օդանավակայանը գրեթե առանց դիմադրության է անցել իսլամիստական զինված խմբավորումների վերահսկողության տակ։ 4 տարի առաջ կնքված հրադադարը խախտվեց նոյեմբերի 27-ին, երբ հակակառավարական խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին՝ ժամերի ընթացքում գրավելով բազմաթիվ փոքր բնակավայրեր: Հիմա Հալեպի հատվածում Ասադի ռեժիմը ռուսների օգնությամբ ավիահարվածներ է հասցնում ապստամբների ուղղությամբ։

Զարմիկ Պողիկյանն ասում է՝ Հալեպում հոսանք ընդհատումներով կա, խանութները բաց են, մթերք կա, բայց թե որքան ժամանակ այն կբավականացնի, հայտնի չէ. քաղաքում անորոշությունը ժամ առ ժամ ավելանում է։ Դպրոցները, համալսարանները փակվել են։ Մարդիկ փորձում են տնից միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ, թեև բնակելի հատվածներում բախումներ չկան։

«Ներկայումս ժողովուրդը սպասողական վիճակի մեջ է, զուսպ է, օրվա մեջ մոտավորապես 12-14 ժամ էլեկտրականություն կա: Ընդդիմադիրները փողոցներում մերթընդմերթ հարց են բաժանում», - պատմեց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիրը:

Կառավարական ուժերի ու իսլամիստական խմբավորումների միջև բախումների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում 9 տասնյակից ավելի զոհ կա, բազմաթիվ վիրավորներ։ Վերջին տվյալով՝ մեկ հայ է զոհվել դիպուկահարի կրակոցից։ 66-ամյա Երվանդ Արսլանյանն, ըստ «Գանձասար» օրաթերթի խմբագրի, Հալեպից հեռանալիս է վիրավորվել ու մահացել Համայի հիվանդանոցում։

Հալեպահայերին տարհանելն «այս պահին անհնար է»

Տարբեր գնահատականներով՝ Հալեպում 10 հազարից ավելի հայ կա, ստույգ տվյալներ, սակայն, չկան։ Արդյոք Երևանը դիտարկում է հալեպահայերին տարհանելու ու Հայաստան տեղափոխելու տարբերակը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից ասում են, թե այս պահին անհնար է։

«Այս պահին Հալեպ մուտքի հնարավորություն կառավարական ուժերն անգամ չունեն, այս պահին տարհանման հնարավորությունը գրեթե բացակայում է, բայց եթե դեսպանությունն ու կառավարությունը և Սիրայի կառավարությունը կարողանան ինչ-որ պահի դրա հնարավորությունը տեսնել, ես կարծում եմ, որ դրա հնարավորությունը միշտ էլ քննարկվում է», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը:

Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ այս պահին միայն դեռ տեղեկատվություն են հավաքում Հալեպում ստեղծված իրավիճակի մասին։

Սիրիայում Հայաստանի դեսպանատունը Դամասկոսում է, Հալեպում հյուպատոսությունն է, բայց գլխավոր հյուպատոսն արդեն քանի օր է՝ քաղաքում չէ։ Երևանից հայտնում են, թե նորանշանակ հյուպատոս Արա Ավետիսյանը Սիրիայի ԱԳՆ-ից լիազորագրերը ստանալու նպատակով նոյեմբերի 26-ին՝ բախումներից առաջ մեկնել է Դամասկոս ու չի կարողացել վերադառնալ Հալեպ. նա աշխատանքը շարունակում է մայրաքաղաքից։

XS
SM
MD
LG