Սիրիայում իսլամիստական զինված խմբավորումները գիշերը մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը։ Ըստ Reuters-ի՝ Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները փակ են։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը տեղեկացրել է, որ իսլամական Հայաթ Թահրիր ալ-Շամ ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավարությամբ գործող զինյաները գրեթե դիմադրության չեն հանդիպել քաղաք մտնելիս։
Սիրիական բանակը հաստատել է, որ ապստամբների հարձակման ժամանակ բանակի տասնյակ զինվորներ են սպանվել։ Բանակի տարածած հայտարարությունում նաև ասվում է, որ կառավարական ուժերը ստիպված են եղել վերադասավորվել, որպեսզի ապահովեն խաղաղ բնակիչների և զինվորների անվտանգությունը և պատրաստվեն հակահարձակման։
Սիրիական բանակի երկու աղբյուր Reuters-ին հայտնել է, որ շաբաթ ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները Հալեպի արվարձաններից մեկում հարվածներ են հասցրել ապստամբների դիրքերին: Ռուսաստանը հաստատել է տեղեկությունը։ Ավիահարվածների հետևանքով Իդլիբում բենզալցակայան է վնասվել, կան տուժածներ։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ապստամբների հարձակումը համարում է Սիրիայի ինքնիշխանության ոտնահարում. - «Մենք կողմնակից ենք, որ սիրիական իշխանությունները կարգուկանոն հաստատեն այդ տարածքում և հնարավորինս արագ վերականգնեն սահմանադրական կարգը»։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հերքել է Թուրքիայի ներգրավվածությունը ապստամբների գործողություններին՝ պնդելով, որ Անկարան երբեք թույլ չի տա, որ Սիրիայում «ահաբեկչական կառույցը վերածվի պետության»։
Ֆիդանը Միացյալ Նահանգներին է մեղադրել տարածաշրջանում նման խմբավորումներին աջակցելու համար՝ պնդելով, որ նրանք երեք օր անգամ չեն կարող շարունակել իրենց գործողություններն առանց Վաշինգտոնի աջակցության։ Հայտնի փաստ է, սակայն, որ Անկարան, ի տարբերություն Թեհրանի և Մոսկվայի, աջակցում է ոչ թե Ասադի ռեժիմին, այլ դրան ընդդիմացող խմբավորումներին, որոնց օգնությամբ անցած տարիներին ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։
Ի՞նչ իրավիճակ է Հալեպում. հայ համայնքի ներկայացուցիչն է հաղորդում
Տեղի բնակիչներից մեկը, հավանաբար անվտանգության նկատառումներից ելնելով, չցանկացավ ներկայանալ, բայց «Ազատության» հետ զրույցում Հալեպի հայ համայնքից որոշ մանրամասներ հայտնեց:
Ջիհադիստները հարձակումն սկսել էին շաբաթվա սկզբին՝ գրավելով կառավարության կողմից վերահսկվող քաղաքները Հալեպի և Իդլիբի շրջաններում և հասել Հալեպ, որտեղից նրանց մոտ մեկ տասնամյակ առաջ կառավարական ուժերը դուրս էին հանել:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի տվյալներով՝ շաբաթվա սկզբին ապստամբների նախաձեռնած հանկարծակի հարձակումից ի վեր ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ է սպանվել։