Սիրիայի Հալեպում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը նոյեմբերի 29-ի երեկոյան ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։
Հայաստանի մասնագիտական խումբն իր առաքելությունը Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում իրականացնում է 2019 թվականից։
Վերջին օրերին Սիրիայի մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել։
Լայնածավալ հարձակում սկսած հակակառավարական զինված խմբավորումները հասել են Հալեպի արվարձաններ և առաջանում են դեպի քաղաքի կենտրոն:
Թուրքիայի աջակցությունը վայելող, տարբեր հաշվարկներով հազարավոր զինյալներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան հինգ տասնյակ բնակավայր են գրավել՝ ընդհանուր առմամբ մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։