Կալանքից ազատվելուց մեկ ամիս անց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն ու իր ղեկավարած դաշինքը դեռ որևէ քաղաքական քայլ չեն արել համայնքի ղեկավարի ընտրության հարցով։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը սա իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունք է համարում:
«Մինչև էս պահը կուսակցությունը դիրքորոշում և գործողությունների մասին որևիցե հայտարարության չի արել: Սա թույլ է տալիս որակել, որ կա համաձայնություն և համաձայնության միջոցով այդ մարդն ուղղակի կալանքից ազատվել է», - ասաց Քոթանջյանը:
2021 թվականի տեղական ընտրություններին ամենաշատ թվով ձայներ ստացած քաղաքական ուժը Մամիկոն Ասլանյանի ազատ արձակվելուց հետո հնարավորություն ուներ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ նախաձեռնել։ Բայց արդեն մեկ ամիս ոչ որևէ հայտարարություն են արել, ոչ էլ որևէ քայլ ձեռնարկել։
«Փաստացի այս դեպքում արդեն նաև այս խմբի կողմից ոտնահարվում է շուրջ 90 հազար ընտրողի ընտրական իրավունքը, և որևիցե կերպ էս մարդիկ չեն անդրադառնում ու նույնիսկ իրենց ընտրողների նկատմամբ չեն զգում պարտավորություն՝ բացատրություն տալ, թե ինչու չեն գնում այս կամ այն քայլին», - նշեց փաստաբանը:
Երկուսուկես տարվա կալանքից գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո Մամիկոն Ասլանյանն այդպես էլ չէր հստակեցրել՝ կմնա՞ քաղաքական դաշտում, թե՝ ոչ, արդյոք ավագանու նիստ կնախաձեռնե՞ն ու կառաջադրե՞ն իր թեկնածությունը։ Ասել էր՝ դեռ պիտի քննարկի թիմակիցների հետ։
«Ոչնչից չեմ վախեցել, չեմ խեղճացել, կամքս չի կոտրվել, ես ընդամենը թե՛ մարտավարական, թե՛ այլ գործողությունների առումով պիտի հասկանամ, եթե այս պահին տուժել եմ միայն ես, չեմ ուզենա, որ իմ քայլերի արդյունքում տուժեն նաև այլ մարդիկ», - ասել էր Ասլանյանը:
«Ազատության» հարցին՝ կառաջադրվի՞, եթե՝ ոչ, ինչո՞ւ, Մամիկոն Ասլանյանը պատասխանել էր. - «Ո՞վ ասաց՝ ոչ, որ ասեմ՝ ինչու: Իմ թիմակիցների հետ պիտի խորհրդակցենք, հասկանանք՝ մեր պայքարի անունն ինչ է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինձ ոչ մի առաջարկություն չի եղել, ես էլ գործարքի գնացող չեմ. Մամիկոն ԱսլանյանՆախկին համայնքապետի թիմակիցն՝ ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանն այսօր «Ազատության»-ն ասաց՝ անցած մեկ ամսում իրենց խմբակցությունում քաղաքական հարցով որևէ քննարկում չի եղել։
«Դեռևս չի եղել, մենք հեռախոսով ենք մի քանի անգամ խոսել, ես եմ զանգահարել, ինքն է զանգահարել, դեռևս հանդիպում չի եղել, որովհետև հիմնականում Վանաձորում չի լինում», - նշեց նա:
Գայանե Քալանթարյանը «Մամիկոն Ասլանյան» խմբակցության այն երկու անդամներից մեկն է, որոնք մեկուկես տարի առաջ առանձնացան իրենց թիմակիցներից, դադարեցրին բոյկոտն ու սկսեցին մասնակցել իշխանականների նախաձեռնած ավագանու նիստերին։
Հարցին՝ հնարավո՞ր է քաղաքական հանդիպում եղած լինի առանց իր մասնակցության, Քալանթարյանը պատասխանեց. - «Չեմ կարծում: Եթե լիներ պաշտոնապես խմբակցության հավաք, կարծում եմ, պետք է այնտեղ լինեի»:
Դեռ նախկին համայնքապետի կալանքի տակ եղած ժամանակ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Վանաձորում հայտարարել էր, թե Մամիկոն Ասլանյանին իշխանությունները քաղաքական գործարք են առաջարկել նրան ազատ արձակելու դիմաց, չի համաձայնել ու մնացել է կալանքի տակ։ Բանտից դուրս գալուց հետո Ասլանյանն ինքն էլ հաստատել էր՝ համագործակցության առաջարկներ եղել են՝ մերժել է։ Բայց այդպես էլ բաց մնաց հարցը, թե ինչո՞ւ երկուսուկես տարի նրան գրավով ազատելու փաստաբանների միջնորդությունները դատարանը մերժեց ու հանկարծ մեկ ամիս առաջ փոխեց դիրքորոշումն ու ազատ արձակեց կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորված նախկին պաշտոնյային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասլանյանն ու Մարուքյանը իրար մեղադրում են իշխանությունների հետ գործարքի գնալու, ՏԻՄ աշխատանքը խաթարելու մեջԱվելի վաղ դատարանը հիմնավորում էր, թե Մամիկոն Ասլանյանը կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա։ Վկաների հիմնական մասը հարցաքննվել էր, բայց դեռ դատարան չեկած վկաներ կային։ Այսօր նախկին համայնքապետն այդպես էլ չպատասխանեց «Ազատության» զանգերին։ Պարզ չէ՝ ինչո՞ւ որևէ քայլ չի ձեռնարկում։ Արդյոք խոստացե՞լ է իշխանություններին չներգրավվել քաղաքական գործընթացներում ու չխանգարել իշխանական նախաձեռնություններին։
Արդեն երկու տարի համայնքը ղեկավարում է վարչապետի նշանակած պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող Մամիկոն Ասլանյանի տեղակալն է եղել 4 տարի։ Նա ևս վկա է Մամիկոն Ասլանյանի քրեական գործով։
«Ավագանին եթե ցանկություն հայտներ, կարող էր օրենքի ուժով գումարել ավագանու նիստ, որը չի արվել ու հիմա փաստացի սա նշանակում է, որ հիմա Վանաձորի ավագանին այլևս ոչ թե պետք է համայնքի ղեկավար ընտրի, այլ պետք է փորձի կառավարության նիստով Վանաձորի ավագանին լուծարել», - նշեց Գևորգ Քոթանջյանը:
Մամիկոն Ասլանյանի գրավով ազատ արձակվելուց հետո դատական նիստեր տեղի չեն ունեցել։