Մատչելիության հղումներ

ՔԿ-ն եզրահանգել է՝ հայհոյանք հնչեցրած Փելեշյանի արարքում խուլիգանության հանցակազմ չկա


Քննչական կոմիտեն համարել է, որ օրերս ավագանու նիստում սեռական բնույթի հայհոյանք հնչեցրած Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարը, թեև հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, բայց այդտեղ խուլիգանության հանցակազմ չկա ու քրեական վարույթ չի հարուցել։

«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանն էր Վանաձորի ղեկավարի արարքը խուլիգանություն համարել ու դիմել իրավապահներին։ Մինչդեռ Քննչականը վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած վճիռներից մեջբերումներ է արել ու եզրակացրել. - «Երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով և հանդիսանում է հանցավորի հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմը բացակայում է։ Փաստացի այս միջադեպով որևէ անձ չի ստորացվել, մարդկանց անդորրը հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության ցուցադրաբար անտեսմամբ չի խախտվել, հանրային միջոցառում, արարողություն չի խափանվել, բնականոն աշխատանքը չի խոչընդոտվել, ուստի այս դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվում»։

Իրավապահները չեն հայտնել՝ նիստում Փելեշյանին հակադարձող իրավապաշտպանների ո՞ր վարքագիծն են համարել հակաօրինական ու հակաբարոյական, ինչն, ըստ քննիչների, կարող էր հուզական վիճակ ստեղծել պաշտոնյայի մոտ։

Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն անցած շաբաթ խորհրդարանում հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք Արկադի Փելեշյանին մեկուկես տարի առաջ Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար նշանակած վարչապետը պատասխանատվություն կրո՞ւմ է նրա հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքի համար։ Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր՝ հայհոյանքը չի լսել, Փելեշյանից էլ անսահման գոհ են։

«Այո, մենք նշանակել ենք համայնքապետի պաշտոնակատար, աշխատանքից գոհ ենք, որովհետև քաղաքը բնականոն կյանքով ապրում է, ժամանակավոր պաշտոնակատարը բավական լավ աշխատում է, ավագանու նիստեր են տեղի ունենում», - նշել է Սանոսյանը:

Կառավարությունը ոչ միայն Վանաձորում արվածն է աննախադեպ համարում, այլև 21 թվականի ընտրություններին ընդամենը 14 տոկոս տոկոս ձայն ստացած Փելեշյանի պաշտոնավարումը կասեցնելու և նոր համայնքապետ ընտրելու մտադրություն էլ կարծես թե չկա։

Տարածքային կառավարման նախարարությունից «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությանը գրավոր հայտնել են, որ դեռ այս տարվա սեպտեմբերին վճռաբեկ դատարանի կայացրած վճռից հետո Վանաձորի ավագանին պետք է նիստ անցկացներ ու համայնքի ղեկավար ընտրեր։ Եթե չի արել, ուրեմն կառավարությունը պարտավոր էր վաղաժամկետ ցրել ավագանին ու նոր արտահերթ ընտրություններ նշանակել։ ՏԻՄ փորձագետ Վարդինե Գրիգորյանը սա անգործություն էր որակել:

«Ստացվում է, որ անգործություն է ինչ-որ մեկը ցուցաբերում ու այդ անգործությունը կա՛մ ուղղված է ապահովելու, որպեսզի լինեն նոր ընտրություններ, կա՛մ երևի մտածելով, որ եթե սրա մասին չխոսեն, բոլորը կմոռանան, որ էսպիսի բան գոյություն ունի: Անհասկանալի է իրականում ինչո՞ւ պիտի գործողություններ չձեռնարկվեն: Հստակ է, որ արգելանքը վերացված է ու հստակ է, որ այս պահին համայնքի ղեկավար չընտրելը փաստացի ապօրինի որոշում է», - ասաց Գրիգորյանը:

Թե ինչո՞ւ չի կատարվել օրենքի պահանջը, պաշտոնյաները հստակ պատասխան չունեն։ Լոռու մարզպետն ասում է՝ սրա մասին անգամ քննարկումներ չկան։

Վանաձորում 2021-ի ընտրություններից հետո ամենաշատ թվով՝ 39 տոկոս ձայն ստացած Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց կոռուպցիոն մեղադրանքներով, իր վերջին դատական նիստում նա իշխանությանը մեղադրել էր բոլոր միջոցներով Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների տրամաբանությունը՝ «ասպատակելու մեջ»։

XS
SM
MD
LG