Մատչելիության հղումներ

Ըստ Ասլանյանի պաշտպանի՝ նրան անազատության մեջ պահելու համար դատավորը «նոր հիմքեր է հորինել»


Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ բանտում։ Կալանքն անորոշ ժամկետով երկարաձգած դատավորը, փաստաբանի փոխանցմամբ, ցանկանում է հարցաքննել ևս յոթ վկայի և կարծում է, որ ազատության մեջ Ասլանյանը կարող է ազդել նրանց վրա։

Դատարան կանչվող վկաների թվում է Վանաձորի համայնքապետի ներկայիս պաշտոնականատար Արկադի Փելեշյանը, որը 4 տարի Մամիկոն Ասլանյանի տեղակալն է եղել, իսկ նախկին քաղաքապետի կալանավորումից հետո փաստացի զբաղեցրել նրա տեղը։

«Յոթ վկա, դեպքի հետ առնչություն ունեցող, մեկը նաև պաշտոնակատարն այսօրվա։ Մամիկոն Ասլանյանի հետ կապը ես չգիտեմ, բայց մենակ դատարան ինքը գիտի՝ ինչ է ուզում հարցնել», - ասաց պաշտպան Արտակ Ոսկանյանը։

Արդեն 2.5 տարի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի փաստաբանը պնդում է՝ դատարանի այս որոշումը ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։ Արտակ Ոսկանյանի խոսքով՝ Ասլանյանին ի սկզբանե կալանավորել են՝ պնդելով, որ ազատության մեջ կխոչընդոտի վկաներին։ Բայց դատարանն արդեն ավարտել է նախապես դատակոչված 3 տասնյակ վկաների հարցաքննությունը, հետևաբար, ըստ փաստաբանի, կալանքի տակ պահելու ռիսկը զրոյացել է։

«Մեղադրանքի հիմքում դրված վկաները 30-ն են, 30 վկայի դատարանը հարցաքննել է, այսինքն՝ չունենք այլևս որևէ վկա, որը պետք է հարցաքննվի», - նշեց նա։

Կարծում է՝ Ասլանյանին անազատության մեջ պահելու համար դատավորը պարզապես նոր հիմքեր է հորինել. - «Պատկերացնում եք՝ դատարանը հիմք հորինեց, որ անձին կալանքի տակ պահի, երբ որ դատարանը հիմք հորինող չի, դատարանն առկա հիմքերը գնահատում է, այս փուլում դատարանն ինքը հիմք է հորինում»։

50-ամյա Ասլանյանն անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։ Նրանք, ի տարբերություն Ասլանյանի, ազատության մեջ են։

Այսօրվա դատական նիստին ներկա իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ դատավորն իրավունք ունի լրացուցիչ վկաների հարցաքննել, բայց ոչ հիմա։ Հիմնական վկաներին լսելուց, ապացույցները հետազոտելուց հետո է դատարանը որոշում՝ ունի բավարար փաստեր վճիռ կայացնելու, թե լրացուցիչ վկաների կարիք կա։ Դատավորի այս քայլը, ըստ իրավապաշտպանի, կասկածահարույց է։

«Ամենայն հավանականությամբ հնարավորություն է տալիս կատարել հետևություն այն մասին, որ դա եղել է հենց այն նպատակով, որպեսզի մերժվի Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը, որովհետև հակառակ դեպքում դատարանը առաջին՝ կսպասեր, որ պաշտպանության կողմն իր ապացույցները ներկայացներ, դրանք կհետազոտեր, նոր կորոշեր՝ արդյոք անհրաժեշտություն կա, որ դատարանը այս գործիքից օգտվեր, որը բացառիկ գործիք է, որն իրականում գործիք է, որից դատարաններն օգտվում են շատ զգուշությամբ, որովհետև միշտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ ապացույցներով դատարանը կամ պաշտպանության կողմի, կամ մեղադրանքի կողմի, կոպիտ ասած, գործն է անում», - շեշտեց Ռուբեն Մելիքյանը։

Մեկ տարի առաջ Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում «Ազատության»-ը տված հարցազրույցում պնդել էր՝ իր դեմ հարուցված գործը քաղաքական է։

«Եթե կալանավորման խրոնոգրաֆիան նայենք, ընտրությունների, ինձ մեղսագրվող արարքների հանրագումարը ի մի բերելով՝ կհասկանանք, որ ամբողջությամբ քաղաքական պատվերի շրջանակներում տեղավորվող գործ է», - ասել էր Մամիկոն Ասլանյանը։

Հինգ տարի Վանաձորը ղեկավարած Մամիկոն Ասլանյանին կալանավորեցին Վանաձորի ավագանու ընտրություններից անմիջապես հետո։ Նա այդպես էլ հնարավորություն չունեցավ համայնքապետի աշխատասենյակ վերադառնալ, չնայած 2021-ի ընտրություններին իր գլխավորած քաղաքական ուժը ամենաշատ թվով ձայներն էր ստացել և քաղաքապետ ընտրվելու հնարավորություն ուներ։

Իշխանությունները կտրականապես հերքում են ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդման մեղադրանքները, պնդում, որ դատական ու քննչական կառույցների աշխատանքին չեն միջամտում։

Մինչ այդ, հեղինակավոր միջազգային կառույցներն ու տեղի իրավապաշտպանները բարձրաձայնում են կամայական կալանքների ու ձերբակալությունների մասին, չնայած այլընտրանքային խափանման միջոցների առկայությանը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համաձայն՝ հայաստանյան բանտերում պահվողների կեսից ավելին կալանավորվածներն են, որոնք սպասում են իրենց դատավճռին։

XS
SM
MD
LG