Մատչելիության հղումներ

Ինձ ոչ մի առաջարկություն չի եղել, ես էլ գործարքի գնացող չեմ. Մամիկոն Ասլանյան


Մամիկոն Ասլանյանը զրուցում է լրագրողների հետ, հուլիսի 16, 2024թ.
Մամիկոն Ասլանյանը զրուցում է լրագրողների հետ, հուլիսի 16, 2024թ.

«Ես շարունակելու եմ մնալ քաղաքական դաշտում»

Ավելի քան 2.5 տարի բանտում անցկացրած Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է՝ իրեն կալանքից ազատելու համար իշխանությունների հետ պայմանավորվածությունների չի գնացել, քաղաքական պայքարից դուրս գալու որոշում էլ չունի։

«Ես շարունակելու եմ մնալ քաղաքական դաշտում», - ասաց նա՝ շարունակելով, - «Ո՞ւմ հետ պիտի ունենամ քաղաքական պայմանավորվածություն։ Իշխանությունների հետ էդքան պայմանավորվածություն ունենայի, 2 տարի 7 ամիս ինձ ինչի՞ էին պահում այստեղ, որ պայմանավորվածություն ձեռք բերեի՞ն։

Ինձ ոչ մի առաջարկություն չի եղել, ես էլ գործարքի գնացող չեմ, գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ»։

Կոռուպցիոն հանցանքի, մասնավորապես համայնքի հողերը հանցավոր եղանակով օտարելու համար մեղադրվող Ասլանյանի փաստաբանները 2.5 տարի դիմում էին դատարանին՝ նրա խափանման միջոցը փոխելու համար, բայց դատարանը նախկին քաղաքապետին այդպես էլ հնարավորություն չէր տալիս դատական գործընթացին մասնակցել ազատության մեջ։ Դատավորը նշում էր, որ նա կարող է ազդել վկաների վրա։ Անգամ նախատեսված բոլոր վկաներին հարցաքննելուց հետո դատարանը նոր վկաներ կանչելու որոշում կայացրեց։ Փաստաբանները պնդում էին՝ սա նախկին համայնքապետին կալանքի տակ պահելու պատրվակ է։ Մինչդեռ երեկ, երբ վկաների հարցաքննությունը չէր էլ ավարտվել, դատարանն ընդունեց փաստաբանի միջնորդությունն ու Ասլանյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։

«Ո՛չ սպասում էի, ո՛չ էլ չէի սպասում, որովհետև բազմիցս մենք դիմել ենք միջնորդություններով։ Չեմ կարող ասել՝ ինչը փոխվեց։ ՀՀ-ում կա՞ իմ կարգավիճակում գտնվող որևէ մեկը, որ 2 տարի 7 ամիս եղել է անազատության մեջ առանց դատական որոշման, ես հետամուտ եմ լինելու», - հայտարարեց նա։

«Այնտեղ առաջացել է քաղաքական համագործակցության խնդիր, որը ես մերժել եմ»

Անցած ամիս «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Վանաձորում՝ հանրահավաքի ժամանակ, հայտարարել էր, թե Մամիկոն Ասլանյանին 2021-ի ընտրությունների ժամանակ իշխանությունները համագործակցության առաջարկ են արել՝ մերժել է, դրա պատճառով հայտնվել բանտում։ Այսօր Ասլանյանը, որի գլխավորած դաշինքը 2021-ին ամենաշատ թվով ձայներն էր ստացել, հաստատեց՝ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու իշխանությունների առաջարկը մերժել է։

«Ես աշխատանքային համագործակցության մասին հայտարարություն եմ տարածել, որ պատրաստ եմ, ոչ քաղաքական, այլ աշխատանքային համագործակցության։ Այնտեղ առաջացել է քաղաքական համագործակցության խնդիր, որը ես մերժել եմ։ Ես իմացել եմ, որ եթե ես ինչ-ինչ գործողություններ չեմ անում, ինձ ասել են, որ դու կալանավորվելու ես», - ասաց նա։

Ըստ Ասլանյանի՝ Մարուքյանն իրեն ասել է, որ իր վրա ճնշումներ կան. Մարուքյանը հերքում է

Այսօր նախկին համայնքապետը նաև պնդեց, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իրեն անձամբ ասել է, որ իշխանություններից իր վրա ճնշումներ կան՝ հարկադրում են դատարան դիմել ու բողոքարկումներով շարունակել տեղական ընտրություններին առնչվող դատական գործընթացը։ ԼՀԿ-ն 2021-ին վիճարկել էր ընտրությունների արդյունքները, կուսակցության հայցի հիման վրա ավելի քան երկու տարի Վանաձորի ավագանին համայնքի ղեկավար ընտրելու իրավունք չունեցավ։ Վանաձորում մինչև այսօր ժամանակավոր կառավարում է։

«Ինքն ինձնից թաքուն չի դիմել, ինձ ասել է, որ իրեն ճնշում են, ստիպված է լինելու դիմել։ Ինքն այդքան կալիբր չունի, որ իր դիմելու արդյունքում ինձ …, բայց իր դիմելու արդյունքւոմ տուժել է Վանաձորի ընտրական ողջ տրամաբանությունը», - նշեց Ասլանյանը։

Էդմոն Մարուքյանն այսօր հերքեց, Մամիկոն Ասլանյանին անգամ ստախոսության մեջ մեղադրեց. - «Սուտ է ասում, Մամիկոն Ասլանյանն առաջի՞ն անգամ է սուտ խոսում»։

«Ես ոչ մի տեղ չեմ կորելու»

Նախկին համայնքապետը երկարատև կալանքից հետո ի՞նչ քայլերի կգնա առաջիկայում, արդյո՞ք 2.5 տարի ժամանակավոր իշխանություն ունեցող Վանաձորում կշարունակի համայնքապետի պաշտոնի համար պայքարը, թե ոչ, Ասլանյանը չի հստակեցնում։

«Ես դեռ չգիտեմ իմ ֆիզիկական վիճակը, հոգեվիճակը։ Ես ոչ մի տեղ չեմ կորելու, ոչ մի բանից չեմ խուսափում, ոչնչից չեմ վախեցել, չեմ խեղճացել, կամքս չի կոտրվել, ընդամենը ես թե մարտավարական, թե այլ գործողությունների առումով պիտի նաև հասկանամ, թե հետագա իմ քայլերի արդյունքում եթե այս պահին գոնե տուժել եմ միայն ես, ես չեմ ուզենա, որ իմ քայլերի արդյունքում տուժեն նաև այլ մարդիկ», - շեշտեց նա։

Դեռ անցած տարի՝ սեպտեմբերին, վարչական դատարանը վճիռ էր կայացրել, որով Վանաձորի ավագանու նկատմամբ սահմանված արգելքը վերացված էր, 2021-ի ընտրությունների արդյունքները՝ վերջնական։ Բայց, մինչև այսօր իրար հաջորդող բողոքարկումները վերադաս ատյաններ ձգձգում են գործընթացը։ Այս ընթացքում Վանաձորում տարբեր քաղաքական խմորումներ են տեղի ունենում, բայց կուլիսներում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG